
«Ես իմ խոսքը կասեմ». Վարդան Ղուկասյան

«Հեղաշրջման» կոչ անելու մեջ մեղադրվող Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի համար մեղադրող դատախազը երեկ՝ սեպտեմբերի 29-ին, դատարանում պահանջում էր սահմանել 2,6 տարվա ազատազրկում։
Դատարանը երեկ որոշումը չհրապարակեց, այն կհրապարակվի հոկտեմբերի 3-ին։
Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը դատարանից որևէ ակնկալիք չունի։
«Ես որևէ սպասելիք չունեմ, երբ որոշումը լինի, հարցազրույց կտամ և իմ ասելիքը կասեմ։ Ես իմ խոսքը կասեմ»,- 168.am-ի հետ զրույցում կարճ մեկնաբանեց Վարդան Ղուկասյանը՝ շեշտելով, որ ոտքի վրա ամբողջ գործընթացի մասին չի կարող խոսել։
Հիշեցնենք, որ Միքայել սրբազանը կալանավորվել է հունիսի 28-ին, նրան առաջադրվել է մեղադրանք «ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու» հոդվածներով։ Նրան կալանավորելու որոշում էր ընդունել դատավոր Մասիս Մելքոնյանը։
Նշենք, որ իրավապաշտպանները, նաև հասարակական-քաղաքական բազմաթիվ գործիչներ Միքայել սրբազանի նկատմամբ տեղի ունեցողը որակում են՝ որպես քաղաքական հետապնդում, քանի որ սրբազանը բազմիցս քննադատել է իշխանություններին՝ նրանց վարած քաղաքականության համար։