16 ամիս հանցագործ չէի, 2025թ. հունիսին դարձա հանցագործ, որովհետև հայտնի ցավագարը ոտքերը խփել է գետնին, ասել՝ բռնե՛ք դրան. Միքայել սրբազան

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, մեկնարկել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստը, որի ընթացքում եզրափակիչ ելույթով հանդես եկավ Միքայել սրբազանը:

«Անշուշտ, նպատակն ինձ վարկաբեկելն էր՝ հասարակության լայն զանգվածներին ցույց տալու համար, որ հոգևորականը, ում այսքան տարի հարգել եք, հանցագործ է: Բայց հակառակ էֆեկտն ունցավ: Նրանք, ովքեր ինձ չէին ճանաչում, ճանաչեցին: Մյուսները հասկացան՝ իմ գործողություններում խնդիր չկա»,- ասաց Միքայել սրբազանը:

Վերջինս նշեց՝ չկա այնպիսի գաղթօջախ, ուր ինքը չի եղել, հետևաբար՝ այս կատակերգությանը հետևում են ոչ միայն Գյումրիում ու Հայաստանում, այլև ողջ աշխարհում:

«Ինձ հետևում է հայությունը, իսկ հայությունից դուրս ինձ ոչինչ չի հետաքրքրում: Ամբողջ կյանքս շարունակելու եմ ապրել հայ ժողովրդի, հայկական պետականության, որ այսօր զավթված է, և հայ եկեղեցու համար: Շարունակելու եմ ծառայել այս գերբին ու այս դրոշին, որ ոմանք արատավորում են»,- ասաց Միքայել սրբազանը:

Կարդացեք նաև

Նա պնդեց՝ սա քաղաքական պատվեր է ու քաղաքական հետապնդում այսօրվա իշխանությունների կողմից:

«Շատերին է հայտնի, որ կյանքիս մեծագույն սխալը գործել եմ, երբ 2018թ. ապրիլին ողջունեցի Նիկոլ Փաշինյանին, երբ ինքը կատարում էր իր հեղաշրջումը: Հետ կանգնեցի, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը վարչապետ է ուզում դառնա: Այդ ժամանակից դարձա այս իշխանության աչքի փուշը: Հետապնդումն այդ օրվանից սկսվեց»,- ասաց Միքայել սրբազանը:

Արքեպիսկոպոսը հիշեցրեց՝ ռազմական հեղաշրջման մասին խոսել է 2020թ. պատերազմի օրերին:

«Օրը ճշտեք, ասել եմ՝ ռազմական հեղաշրջում է պետք, այս մարդը (Նիկոլ Փաշինյան.- Գ.Ս.) պետք է հեռացվի, որովհետև նա սպառնալիք է… 2022թ. «168 ժամին» հարցազրույց եմ տվել, դրել են մեղադրանքի հիմքում: Լավ է՝ չեն գնացել «168 ժամի»-ի լրագրողին հարցնեն՝ դու ո՞նց ես ընկալել Սրբազանի ասածը, որովհետև լրագրողն ասելու էր՝ ոչ մի հեղաշրջման կոչ էլ չի արել էդ մարդը»,- ասաց Սրբազանը:

Նա խոսեց նաև իրավապահներին տրված հրահանգի մասին:

«2024թ. փետրվարին, մարտին, հունիսին, հուլիսին, օգոստոսին, սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին, դեկտեմբերին, 2025թ. հունվար-մայիսին հանցագործ չէի, կամ տեղյակ չէին, 2025թ. հունիսին դարձա հանցագործ, որովհետև հունիսին հայտնի ցավագարը ոտքերը խփել է գետնին, ասել՝ բռնե՛ք դրան: Եթե Ազգային ժողովում է տենց հիստերիա անում, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կաներ, ու գտնում են փետրվարի 2-ի հարցազրույցը»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդը:

Նա նաև հիշեցրեց՝ քրեական վարույթը հարուցելուց հետո մի քանի օր ինքը Գյումրիում է եղել, ապա գնացել է Դիլիջան, իրեն չեն ձերբակալել, միայն երբ եկել է Էջմիածին, սադրել են մասկի-շոուն, եկել իրեն ձերբակալելու ու նույն առավոտյան մտել Շիրակի թեմի առաջնորդարան՝ խուզարկության:

«Ոչ քաջ եմ, ոչ արի. Սովորական մարդ եմ, բայց ես երբեք չեմ թաքնվել ուրիշի թիկունքում. Չի եղել նման բան: Էս բոլոր տարիներին ինձ ասում էին՝ սրբազան, Ձեզ գաղտնալսում են, ասում էի՝ թող գաղտնալսեն, ես դավադիր չեմ… Ի՞նչ իրավունք ունեք քրքրեք իմ օրագիրը, ի՞նչ իրավունք ունեք գաղտնալսել ինձ: Քաշվեցի՞ք… Օրագիրս բացահայտեց, որ ես կապ չունեմ Բագրատ սրբազանի շարժման հետ, ոչ էլ Բագրատ սրբազանը դատապարտելի բան է արել, ոչ էլ Վեհափառը կապ ունի էդ շարժման հետ… Չկպավ… Որոշեցիք ասեք, որ ես հեղաշրջման կոչ եմ արել… 2 տարի առաջ գողերը մտան բնակարանս, դուք գողերից ավելի վատթար եք վարվել, մորս սենյակն եք պղծել: Գողերը մորս սենյակ չէին մտել»,- ասաց Միքայել սրբազանը:

Նրա խոսքով՝ այս իշխանությունը գնում է դեպի ավտորիտարիզմ:

«Բարձրաստիճան հոգևորականների՝ քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունն ավտորիտարիզմի առաջին ցուցիչն է»,- ասաց Միքայել սրբազանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս