44-օրյայի՝ Էդմոն Մարուքյանի «թույլ օղակը». որտե՞ղ է «կտրվում» հոկտեմբերի կեսերին տեղի ունեցած դեպքերի շղթան
Նիկոլ Փաշինյանի երբեմնի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը շարունակում է 44-օրյա պատերազմին առնչվող իրադարձությունների մասին յութուբյան թողարկումները:
Հերթականը 2020 թվականի հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած իրադարձություններին և ԱԽ նիստին էր վերաբերում:
Այլ հարց է՝ որքանով են ամբողջական և խորքային ներկայացվել 2020 թվականի հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած ռազմական, ռազմաքաղաքական իրադարձությունները և այդ օրը ԱԽ նիստում տեղի ունեցածը, իհարկե, թույլատրելիի սահմանում: Այսինքն, մեծ հաշվով, ոչ մի նորություն ԱԽ նիստի շրջանակում չի ասվել, որը կարող էր որոշակի հարցերի պատասխանել, իսկ այն, ինչ ասվել է, կարելի է վիճարկել, կամ՝ առնվազն վերապահումներ հայտնել:
168.am-ը շատ ավելի վաղ և ոչ մեկ անգամ անդրադարձել է 2020 թվականի հոկտեմբերի 19-ին, դրան հաջորդած և նախորդած իրադարձություններին, ուստի տվյալ դեպքում շեշտը կդնենք 2020 թվականի հոկտեմբերի 19-ին առնչվող՝ Էդմոն Մարուքյանի հայտարարությունների վրա, և ըստ դրա՝ փաստեր և դիտարկումներ կներկայացնենք:
Նշենք, որ Անվտանգության խորհրդի հաղորդագրությամբ, 2020թ. հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, պատգամավոր Արման Աբովյանը:
Ընդ որում, նշվում էր, որ «նիստի ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ահաբեկչական ագրեսիային դիմագրավելու ուղղությամբ գործողություններն ու հետագա քայլերը»:
Հավելենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր նաև արտախորհրդարանական ուժերի հետ: Նրա աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին, հայկական կողմի քայլերին և գործողություններին»:
Ավելի ուշ, մասնավորապես, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ոչ մեկ անգամ ասել է՝ «2020-ի հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը մեր հետ հանդիպմանը հայտարարել է՝ այո, սա պարտություն է»:
Իսկ ինչ է պատմում Էդմոն Մարուքյանն ԱԽ հոկտեմբերի 19-ի նիստից, որին ներկա է եղել:
«Վարչապետն ասաց, որ ինքը խոսել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, և Արցախի նախագահն ասում է, որ նրանք պատրաստ են զիջումների։ Ըստ էության, պատրաստ են Լավրովի պլանի իրագործմանը։ Վարչապետը նաև ասաց, որ մեզ չի հրավիրել, որպեսզի պատասխանատվությունը կիսի, որ ինքն է որոշում ընդունելու և պատասխանատուն ինքն է։ Այդ հայտարարությունը նա արել է նաև արտախորհրդարանական ուժերի ներկայությամբ։
Նա ասում է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահների, Հայաստանի Հանրապետության նախկին նախագահների անունից ասել է, որ Փաշինյանը զանգի Վլադիմիր Պուտինին և առաջարկի պատերազմը կանգնեցնել, Լավրովի պլանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկով, ինչը վերջին հաշվով նույն բանն է դառնում։ Եվ այս հարցը ԱԽ-ում քննարկվում է ծավալուն։
Ինչո՞վ է այս նիստը հայտնի մեր հանրությանը։ Որովհետև այս նիստից հետո, նաև նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասում է, որ եղել է քննարկում, ինքը համոզել էր Ալիևին, որ պատերազմը կանգնեցնի, սակայն վերջին պահին Փաշինյանը չի համաձայնել, որովհետև Ալիևն առաջարկում է, որ փախստականները վերադառնան Շուշի։
Եվ ի զարմանք՝ ՌԴ նախագահ Պուտինն ասում է, թե հայերն ինչի՞ համար չհամաձայնեցին, ինքն այդպես էլ չհասկացավ, բայց նրանք ասացին, որ դա Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի շահերից չի բխում։ Իսկ Փաշինյանն ասում է․ 95 տոկոս ադրբեջանցիներն էին գալու, Շուշին կապող առանձին ճանապարհ է ունենալու, հետևաբար, դա նշանակում էր Շուշին հանձնել։ Սակայն այս նիստի ժամանակ Շուշիի հարց չի քննարկվել։
Ես հարց բարձրացրի՝ արդյո՞ք այն տարածքները, որ մտածում ենք, թե պետք է զիջվեն հանուն հրադադարի, մեր վերահսկողության տակ են։ Եվ արձանագրեցի՝ ես գիտեմ, որ տարածքները չկան ու դրանց չլինելու մասին խոսակցություն չկա։ Վերջին հաշվով քննարկումն ավարտվեց նրանով, որ Հանրապետության նախագահն ասաց՝ սա այն է, որ մենք կողմ ենք, որ դուք զանգեք Վլադիմիր Պուտինին»,- մանրամասնել է Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանը և շարունակել.
«Հիշում եմ՝ Վեհափառ Հայրապետն ասում էր, որ ինքն ընդհանրապես տեղյակ չէ, որ վիճակն այդքան վատ է։ Ես իմ հարցերն եմ այդտեղ բարձրացնում, բավականին սուր խոսակցություններ եմ ունենում ԱԽ մի քանի անդամների հետ, որը ես չեմ կարծում հիմա… այդ ամեն ինչն արձանագրված է: Եվ այդ խոսակցություններից հետո իմ զգացողություններում, ըստ էության արձանագրումը, հետևյալն էր․ պատերազմն այլևս տանուլ տրված է, ոչ մի շանս չկա որևէ ձևով բեկում մտցնելու, և միանշանակ է, որ պետք է ամեն գնով, ամեն հնարավորությամբ պատերազմը դադարեցնել:
ԱԽ նիստից հետո Փաշինյանն ասաց, որ հետո կհավաքվենք, կքննարկենք, թե ինչ ասաց Պուտինը և ինչ արձագանք կա։ Բայց էլ հավաք չեղավ։ Ես չեմ եղել որևէ հավաքի։ Չի եղել հրավեր։ Հետո խորհրդարանական մեր ալիքներով իմացանք, որ հրադադարի հնարավորությունը մերժվել է։ Ալիևը չի համաձայնել, ինչ-որ նոր պահանջներ է առաջ բերել։ Այդ օրը մենք արձանագրեցինք, որ եղավ մի մեծ փորձ։ Հանրապետության գործող իշխանությունը, նախկին իշխանությունները, բոլորը համաձայն էին Լավրովի պլանի ճանապարհով լուծման գնալու, բայց դա չի ստացվում»։
Այս համատեքստում Մարուքյանը հիշեցրել է 2020 թվականի նոյեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, երբ արդեն նոյեմբերի 9-ին փաստաթուղթը ստորագրվել էր, որտեղ նա պատմում է հոկտեմբերի 19-ի՝ արդեն վերևում հիշատակված խոսակցությունների, ՌԴ նախագահի հետ ունեցած հեռախոսազանգի մասին և հայտնում է, որ այդ ժամանակ Ջրականը, Հադրութն ու հարակից մի քանի գյուղ՝ Ֆիզուլին, Թալիշը, կորսված էին:
Բայց սա չի խանգարում, որ Էդմոն Մարուքյանը հայտարարի, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին արձանագրել է հետևյալ վիճակը. «ԱԽ-ում շատ մարդիկ չգիտեին, որ այդ տարածքները այլևս մեր վերահսկողության տակ չեն։ Բայց երբ ես ասում էի՝ գիտեմ, որ դրանք մեր վերահսկողության տակ չեն, ինձ պատասխանում էր, թե մարտեր են ընթանում, և չեն ուզում ընդունել, որ այդ տարածքները մեր վերահսկողության տակ չեն: Մասնավոր օրինակ՝ Հադրութը։ Այս ամենի արդյունքում միանշանակ արձանագրում ենք, որ հոկտեմբերի 19-ին եղել է հնարավորություն՝ պատերազմը կանգնեցնելու։ Սակայն այդ հնարավորությունը չի օգտագործվել մինչև վերջ, որովհետև ռազմաքաղաքական իշխանությունը եղած իրավիճակին ադեկվատ չի եղել: Եթե լիներ ռեալ իրավիճակի գնահատական, որ Շուշին էլ են գալու գրավեն՝ 10-20 օրից, և այդ ժամանակ ավելի վատ պայմաններով ես ստորագրելու փաստաթուղթը, ավելի լավ է հոկտեմբերի 19-ին դա անել, ինչը չի արվել: Շատ կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք մեր վերլուծական միտքը, մեր ռազմաքաղաքական իշխանության վերլուծական միտքը բավարար է նրա համար, որ կարողանա կանխատեսել սպասվող արհավիրքը և դա վաղ ժամանակում կանգնեցնի, կամ դրանից խուսափի»։
Մի կողմից, Էդմոն Մարուքյանի որոշ մտքեր հաստատել են այլ քաղաքական գործիչներ, մասնավորապես այն, որ հոկտեմբերի 19-ին կար հնարավորություն պատերազմը կանգնեցնելու, եթե անգամ Շուշին ադրբեջանցիներով վերաբնակեցման խնդիր կար, բայց այն մնալու էր Հայաստանի վերահսկողության տակ, կամ՝ ակնարկ է արվում, որ փորձ է արվել այն հանձնել պատերազմի միջոցով:
Մյուս կողմից, անտեսվում են, այսպես ասած, հաշվետու ժամանակահատվածին վերաբերող այլ կարևոր փաստեր, իսկ որոշ պնդումներ էլ հարցեր են առաջացնում
Առաջին, որքան էլ Էդմոն Մարուքյանն ասի, որ ռազմական բաղադրիչի մասին պետք է խոսեն 2020 թվականի պատերազմի օրերին պաշտոնավարած ռազմական ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյան, Դավիթ Տոնոյան, ՊԲ հրամանատարները, և, որ իր խնդիրը իրավաքաղաքական գնահատականն է, ամեն դեպքում, մենք գործ ունենք պատերազմի հետ, և եթե առնվազն հարց չենք տալիս՝ ինչու կորցրեցինք, օրինակ, Ջրականը, Հադրութը, Շուշին, կամ ինչու չպետք է կարողանայինք հոկտեմբերի 19-ից իրավիճակ փոխել մարտի դաշտում, երբ առնվազն 20 օր բանակը կռվել է:
Կամ՝ ինչու կապ չենք տեսնում Հադրութի և Շուշիի կորստի միջև: Օրինակ, հարցազրույցներից մեկում ադրբեջանցի գնդապետ Թեհրան Մենսիմովը, որը Շուշիի գրավման օպերատիվ խմբի ղեկավարն էր, պատմել է, որ «Շուշին «ազատագրելու» օպերացիա սկսելու հրաման տրվել է հոկտեմբերի կեսերին, երբ մարտեր էին ընթանում Հադրութում և Ջաբրայիլում: Այսինքն, նախ պետք էր Հադրութը կորցնեինք և ճանապարհ բացեինք Շուշիի կորստի համար:
«Հադրութը և նրա շուրջ լեռները ելակետային էին Շուշիի վրա հարձակման գործում: 4 բնակավայրերը և ռազմավարական նշանակության բարձունքները վերցրել ենք 4 օրվա ընթացքում: Կար նաև մեզնից աջ ուղղությունը: Այս ուղղությամբ գործող խումբը գրավեց Գարակոլլու գյուղը, Էդիլլուն (Ուխտաձոր), Դյուդյուքչուն, Ախուլլուն (Հարթաշեն), Գորազիլլին, Պիրախմեդլին: Սրա համար պահանջվեց 4-5 օր, եթե չեմ սխալվում»,- ասել էր ադրբեջանցի գնդապետ Թեհրան Մենսիմովը:
Ի դեպ, ընթացիկ տարվա հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել էր՝ «նոյեմբերի 8-ին ես չէի կարող ասել՝ ինչպես կավարտվի պատերազմը»:
Երկրորդ, ինչպե՞ս է, որ Էդմոն Մարուքյանն իմացել է տարածքների կորուստների մասին, իսկ ԱԽ-ում չեն իմացել, եթե անգամ դա խորհրդի անդամներին չի վերաբերում: Իսկ գուցե հանրությունից և քաղաքական շրջանակներից դիտավորյալ թաքցվել է ճշմարտությունը, որովհետև առաջին հերթին Նիկոլ Փաշինյանն է այդպես ցանկացել, այնպես, ինչպես թաքցրել է պատերազմը սկսելու մասին հստակ տվյալները:
Ի դեպ, 2023 թվականին Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանն ակնարկել էր, որ Արցախի նախագահը պատերազմի օրերին ավելի վստահելի աղբյուր է եղել, քան ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը՝ «երբ Լեռնային Ղարաբաղի նախագահը լուր էր հաղորդում, գլխավոր շտաբը չէր հաստատում լուրը, անգամ հերքում էր, իսկ որոշ ժամանակ անց ստիպված էր խոստովանել, որ Լեռնային Ղարաբաղի նախագահի տված տեղեկատվությունն է ճիշտ»:
Ո՞ւմ է մեղադրում Էդմոն Մարուքյանը, երբ ասում է՝ Հադրութը կորցրել ենք, բայց ասում էին՝ մարտեր են ընթանում: Մոռանո՞ւմ է, որ լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումներ կային, իսկ տեղեկատվական դաշտը Նիկոլ Փաշինյանի «ՊՈԱԿ-ն» էր հսկում, լուրերը նրանց միջոցով էին հասցվում հանրությանը:
Երրորդ, Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանը բողոքում է ռազմական, ռազմաքաղաքական գնահատականից իրավիճակին համահունչ, բայց չգիտես ինչու հարցադրում չի անում՝ իսկ գուցե եղել է, իսկ Նիկոլ Փաշինյանն անտեսել է իրեն ներկայացված սառը հաշվարկները: Գոնե ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում զգուշացրել է ռազմական, ռազմաքաղաքական, քաղաքական, աշխարհաքաղաքական հետևանքների մասին, եթե չարվեն կոնկրետ քայլեր՝ դիվանագիտական, քաղաքական և ռազմական:
Ի դեպ, 44-օրյայից հետո ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, մասնավորապես, նշել էր.
«Հոկտեմբերի 19-ին Անվտանգության խորհրդի նիստին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը մանրամասն ներկայացրեց տիրող իրավիճակը, հեռանկարը, և այն, որ ուղղակի մենք գնում ենք դեպի պարտություն, և առաջարկություն կար դադարեցնելու ռազմական պատերազմական գործողությունները, նույն կարծիքին էր նաև Տոնոյանը»:
Ընդ որում, և՛ պատերազմի 4-րդ օրը, և՛ հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու առաջարկներն արվել են՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, մեր նկատմամբ դաշնակիցների և գործընկերների տրամադրվածությունը և մեր դիվանագիտական կարողությունները: Իսկ հակառակորդի հավանական ագրեսիայի դիմագրավմանը նախապատրաստելու նպատակով լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտության մասին գեներալ Գասպարյանը դեռ 2020 թվականի հուլիսին է խոսել:
«Ձեռնարկել քաղաքական և դիվանագիտական բնույթի միջոցներ՝ պատերազմը կանխարգելելու կամ, առնվազն, ՀՀ ԶՈՒ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, մասնավորապես՝ հանձնարարել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների հետ (հատկապես՝ ՌԴ հետ) հարաբերությունները կտրուկ բարելավելուն, իսկ տարածաշրջանի մյուս պետություններին (Իրան և Վրաստան)՝ բարեկամաբար տրամադրելուն…»:
Իսկ քանի որ ունեցել ենք դիվանագիտական թույլ աշխատանք, ուստի, ըստ ԳՇ նախկին պետի, պատերազմի օրերին շրջափակման մեջ հայտնվելու պայմաններում, ոչ արդյունավետ է կազմակերպվել զինված ուժերն անհրաժեշտ քանակի հրթիռներով և զինամթերքով անխափան ու կանոնավոր ապահովումները, ինչի հետևանքով լիարժեք հնարավորություն չի տրվել հրթիռների և զինամթերքի ծախսը, ինչպես նաև սպառազինության ու ռազմական տեխնիկայի կորուստները լրացնելու համար:
Չորրորդ, Էդմոն Մարուքյանը հոկտեմբերի 19-ին և դրան նախորդած օրերին տեղի ունեցած իրադարձություններին անդրադառնալիս չի խոսում հարավային ուղղությամբ նահանջների մասին, Իրան-Արցախ սահմանի ուղղությամբ զարգացումների մասին, Փաշինյանի քաղաքական «ճկունության», հոկտեմբերի 18-20-ն Իշխանաձորի հատվածում տեղի ունեցած թեժ մարտերի:
Հինգերորդ, Մարուքյանը խոսում է 2020 թվականի հոկտեմբերի 17-19-ն ընկած ժամանակահատվածի մասին, բայց երևի չի տիրապետում այն տեղեկությանը, որ հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստից հետո ՀՀ պաշտպանության նախկին նախարարը մեկնել է Սյունիք, Մեղրի, ինչի մասին ավելի ուշ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել, 2023 թվականին Քննիչ հանձնաժողովում Տոնոյանն ինքն էլ անդրադարձել էր այս այցին:
«Նախարարը պետք է լինի ՊՆ-ում, բայց ՀՀ վարչապետի հանձնարարությամբ հոկտեմբերի 21-29-ը գտնվել եմ Մեղրիում, և վարչապետի բաց քննարկումների ժամանակ իմ համար հասկանալի դարձավ, թե ինչու եմ գտնվել: Խոսքը գնում է բանակցային գործընթացի ժամանակ Մեղրի ուժերի տեղակայման հետ կապված, ես այդպես եմ կարողանում սինթեզել այս վիճակը,- ասել էր Տոնոյանը և հավելել,- Երբ ես հայտնվեցի Մեղրիում՝ ՀՀ սահմանից 2-5 կմ հեռավորության վրա, ունեինք մեծ քանակությամբ զոհեր, վիրավորված էր Մեղրի համայնքի ղեկավարը, գնդի հրամանատարը, ձևավորվում էր հարավային շրջանի հատուկ հրամանատարություն, որը ղեկավարեց գեներալ Գյոզալյանը։
Պաշպանության նախարարի հայտնվելը Մեղրիում լուրջ ազդեցություն ունեցավ և՛ բնակչության, և՛ ԶՈՒ ստորաբաժանումների վրա, որոնք գտնվում էին այդտեղ և առաջնագծում խնդիրներ էին կատարում։
Կան փաստական տվյալներ, որոնք ապացուցում են, որ ԶՈՒ ստորաբաժանումները բավականին հաջող գործեցին այդ ուղղությամբ՝ դարանակալելով, ոչնչացնելով, չեզոքացնելով հակառակորդին։ Ես իմ աչքերով տեսա, թե ինչպես է գնդակոծվում ռուսական սահմանապահ զորքերի ստորաբաժանումը, կայանը, ինքս եմ նկարահանել. դա եղել է հոկտեմբերի 25-27-ը եղած ժամանակահատվածում: Դրոշներ էին դրվում, դրոշներ էին հանվում, ամեն դեպքում, ես նաև ունեի այլ գործառույթ՝ հստակ համագործակցություն, համադրված և շատ լուրջ համագործակցություն հաստատվեց, որի համար ես շատ շնորհակալ եմ տեղի ՌԴ սահմանապահ ուժերին, որոնք այնտեղ գտնվում էին անմիջական մարտական գործողությունների վարման շատ հասանելի տարածքում»:
Այսինքն, երբ Դավիթ Տոնոյանն ասում էր, որ պետք է Նիկոլ Փաշինյանից հարցնել, թե ինչու էր պաշտպանության նախարարը գործուղվել Մեղրի, նա, ըստ էության, ցանկանում էր հասկացնել, որ այս դեպքում ևս ռուսական կողմի հետ բանակցություններն ինքն է վարել, թեպետ գլխավոր բանակցողը երկրի ղեկավարն ու գերագույն հրամանատարն են եղել:
168.am-ի հետ զրույցում ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը նշել էր, որ ինքն էլ Սյունիքում 2020-ի հոկտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ համակարգել է ինքնապաշտպանական միջոցառումները:
Հիշեցնենք, որ 2020-ի հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի ղեկավարը հայտարարել էր, որ գրավել են Կուբաթլուն՝ Սանասարը:
Էդմոն Մարուքյանին չի՞ հետաքրքրում կամ հետաքրքրելու՝ հոկտեմբերին այդ ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռազմական ղեկավարության կողմից: Ի դեպ, անկրակոց Ադրբեջանին հանձնված Քարվաճառի վերաբերյալ ևս որոշ պայմանավորվածություններ եղել են, թերևս, եթե հաշվի առնենք որոշ այն հանգամանքները, որոնց 168.am-ն իր ուսումնասիրությունների շրջանակում անդրադարձել է: Որքանո՞վ է Փաշինյանը պահել կամ խախտել ռուսական կողմի հետ Դավիթ Տոնոյանի ձեռք բերած պայմանավորվածությունները:
Ի դեպ, 168.am-ի հետ զրույցում ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն էլ, մասնավորապես, ասել էր.
«Լսափողը պահած ես լսել եմ՝ Դավիթ Տոնոյանը ոնց է խոսում Փաշինյան Նիկոլի հետ: Նա ներկայացրել է այդ ամեն ինչը՝ և՛ տարածքների, և՛ անկլավների հետ կապված, նաև՝ այն պահերի, որ, ասենք, Արցախի տարածքում, ըստ ԼՂԻՄ-ի քարտեզի, իրենք լեզվակներ ունեն մտած: Դրանց հետ կապված՝ ես առաջարկել եմ, որ այն տարածքները, որտեղ գտնվում էր շփման գիծը, բայց նախկինում ԼՂԻՄ-ի տարածքից դուրս էր, դրանք փոխարինենք: Ասել եմ՝ այդ քայլին էլ գնացեք, միանգամից զիջողական կեցվածք մի ընդունեք: Այս մասին լրիվ ես լսել եմ, որ Տոնոյան Դավիթն առաջարկել է»:
Ըստ էության այս առաջարկն անտեսվել է:
2021-ի հունիսին էլ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, պատասխանելով Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին հնչած մեղադրանքներին, մասնավորապես հայտարարել էր.
«Շատ կուզենայի, որ այս նույն ջանասիրությամբ իշխանության ներկայացուցիչները պատմեն իմ կողմից ներկայացված բոլոր առաջարկների մասին՝ նախքան պատերազմը, պատերազմի ժամանակ և հետպատերազմական ժամանակահատվածում, այդ թվում՝ Աղդամի փոխարեն՝ Հադրութի վերադարձման հարցը»:
Թե ինչու է ռազմական ղեկավարությունը զբաղված եղել տարբեր տարածքների պահպանման կամ փոխանակման բանակցություններով, որոնց մասին տեղեկանում ենք հրապարակային հայտարարություններից, հարցի պատասխանը դեռ չունենք: Մյուս կողմից՝ պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանը վերջերս հաճախ է նշում, որ պատերազմի օրերին Փաշինյանը «մի կողմ էր քաշվել» և բոլոր խնդիրների լուծումը թողել ռազմական ղեկավարության վրա: Իհարկե, 44-օրյային առնչվող այս և այլ հարցերի դեռ պետք է պատասխանեն Օնիկ Գասպարյանը, Դավիթ Տոնոյանը:
Իսկ Էդմոն Մարուքյանը գուցե ԱԽ հոկտեմբերի 19-ի նիստի վերաբերյալ փակագծերը չբացելու իր պատճառներն ունի՝ գաղտնիության սկզբունքից բացի: Վստահաբար, 44-օրյայից 4 տարի հետո պատերազմական այս շարքը սկսելու համար էլ Մարուքյանն իր պատճառներն ու նպատակներն ունի: