«Տեսանյութերում՝ ադրբեջանական հսկողության տարածքներում, եղել են հայեր, սակայն Ադրբեջանը չի հաստատել». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ օրերս ԱԺ-ի կողմից ընդունված անհետ կորած անձանց մասին օրենքի նախագծին։
Պատգամավորի խոսքով՝ նախագծի ընդունումից հետո հանդիպել է անհետ կորած անձանց հարազատների տարբեր խմբերի հետ, քանի որ թեման բավականին զգայական է։
«Հարազատների ընդհանուր մոտեցումը եղել է այն, որ չեղած օրենքի պայմաններում՝ սա գոնե լուծում է։ Չասեմ, թե բոլորը գոհ են եղել, կամ համարել են, որ իրենց պատկերացումներն ամբողջությամբ արտացոլված են եղել սրա մեջ, բայց համարել են, որ սա մեկ-երկու քայլ առաջ է։ Սրանով պայմանավորված՝ մեր խմբակցությունը ևս կողմ է քվեարկել այս նախագծին»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։
Ինչ վերաբերում է անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին, ապա այս հարցն ավելի շատ ունի քաղաքական լուծում, խնդիրը չի լուծվում ՀՀ օրենսդրական սահմանումներով։
«Երբ ես խոսում եմ Հայաստան-Ադրբեջան օրակարգի առանջնահերթությունների կամ դրանց հրատապության մասին, նաև սա նկատի ունեմ, որը մեզ համար պետք է դառնա շատ կարևոր քայլ, որովհետև 100-ից ավելի մարդ ունի անհետ կորածի կարգավիճակ, իսկ ընդհանուր, եթե չեմ սխալվում՝ նրանց թիվը հասնում է մոտ 200-ի։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ տարբեր լուսաբանումների ժամանակ՝ դեռևս 44-օրյա պատերազմի և այդ պատերազմից հետո ադրբեջանական տարբեր տեսանյութերում՝ նրանց վերահսկողության տակ հայտնված տարածքներում, եղել են հայեր, բայց հետագայում Ադրբեջանը նրանց ներկայության մասին հաստատում չի արել»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը։
Շարունակելով, պատգամավորը նաև ասաց, որ իրավապաշտպանները մինչև 8 տասնայակ գերիների մասին են խոսում, որոնք Ադրբեջանում են, սակայն Ադրբեջանը հաստատել է 23 հոգու տվյալներ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



