
Խաղաղությունը չի կարող ժողովրդից թաքուն մի օրում հաստատվել աշխարհի որևէ մայրաքաղաքում. Արա Այվազյան
«Արցախ. վերադարձի իրավունք» խորագրով միջազգային խորհրդաժողովում ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանն անդրադարձել է վաշինգտոնյան համաձայնագրին։
«Ինչի՞ մասին էր օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված համաձայնագիրը։ Ինչպես տեսանք՝ Հարավային Կովկասում խաղաղություն է հաստատվել, և մեկընդմիշտ փակվել է Արցախի հարցը։ Բայց ի՞նչ խաղաղության մասին ենք խոսում։ Անկե՛ղծ լինենք․ խաղաղություն չի կարող ժողովրդից թաքուն, մեկ օրում հաստատվել օտարերկրյա մի մայրաքաղաքում, այն չի կարող պարտադրվել վերից, և ոչ էլ՝ հաստատվել համաշխարհային ԶԼՄ-ների համար լուսանկարված ձեռքսեղմումներով,- նշել է Արա Այվազյանը և հավելել,- Իրական խաղաղությունը գործընթաց է, որի արմատները հիմնված են արդարության, վստահության և արժանապատվության վրա։ Եվ երբ նայում եմ օգոստոսի 8-ի այս գործարքին, ես տեսնում եմ դրանց լիակատար բացակայությունը»;
Անդրադառնալով հետվաշինգտոնյան Հայաստանում առկա իրավիճակին՝ դիվանագետը նկատել է, որ հարաբերական անդորրը փորձում են ներկայացնել որպես արդեն իսկ հաստատված խաղաղություն։
«Այո՛, զենքերը կարող են առայժմ լռել, բայց արդյո՞ք սրտերն ապաքինվել են, վերքերը փակվել են, բռնի տեղահանվածները վերադարձել են տուն։ Եթե մենք խաղաղություն ենք ուզում, և ոչ թե պարզապես դադար, ապա պետք է ավելի խորը զննենք»,- մանրամասնել է նա։
Ըստ նրա՝ այս համատեքստում առաջ է գալիս մեկ այլ հարց՝ ճի՞շտ է արդյոք փակել Արցախի թեման, կամ մեր պատմության Արցախի գլուխը։
«Ինչպես տեսանք՝ ոմանք շտապեցին դրական պատասխանել այս հարցին՝ ասելով, որ ամեն ինչ ավարտվեց և և պետք է նայել դեպի ապագա։ Նրանց գնահատականով՝ տարածաշրջանը ձեռքից ձեռք է անցել, հետևաբար, էլ ի՞նչ կա անելու։
Որպես հիմնավորում՝ մեզ ասում են, որ միայն Արցախից հրաժարվելով՝ կարող ենք պահպանել մեր ինքնիշխանությունը և երաշխավորել մեր ապագան։ Սակայն այս պնդումը, որը կրկնում են՝ որպես Աստվածաշնչի պատգամ, ոչ միայն կեղծ է, այլև բարոյապես սնանկ և պատմականորեն կույր։ Ինքնիշխանությունը չի ապահովվում՝ զոհաբերելով ժողովրդի մի հատվածին, տարածքային ամբողջականությունը չի երաշխավորվում՝ խրախուսելով ագրեսիան, ազգը չի՛ պաշտպանվում՝ ջնջելով նրա հիշողությունը»,- շեշտել է Արա Այվազյանը։
ԱԳ նախկին նախարարը ցավով արձանագրեց, որ այսօր մեզ չեն առաջարկում խաղաղություն, այլ մեղսակցություն և պարտության օրինականացում։
Մանրամասները՝ տեսանյութում