«Անհետ կորած երեխաներից երկուսը զանգահարել են. Մեկը՝ Շուշիից, մյուսը՝ Ակնայից, ասել են՝ ողջ ենք, սա փաստ չէ՞. ուզում եմ իմ որդուն գտնեն, ես այլ երեխա չունեմ». Միրա Շահրամանյան

2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած բենզինի պահեստի պայթյունից հետո հարյուրավոր մարդիկ զոհվեցին՝ 22 անձի ճակատագիր մինչև այս պահը շարունակում է մնալ անհայտ։

Արցախից բռնի տեղահանված 63-ամյա Միրա Շահրամանյանը պայթյունից մեկ տարի անց որևէ տեղեկություն չունի միակ որդուց՝ 30-ամյա Արմեն Մովսիսյանից, ով պայթյունի ժամանակ այնտեղ է եղել։ Սեպտեմբերի 25-ին նրա որդին մորեղբոր ու մորեղբոր որդու հետ գնացել է բենզինի պահեստ, մորեղբայրը հաշմանդամություն ունի, մեքենայի մեջ է մնացել, երկու երիտասարդները մոտեցել են պահեստին՝ բենզին վերցնելու, ու տեղի է ունեցել պայթյունը։

Տիկին Միրայի եղբոր որդու ԴՆԹ-ն հաստատվել է, սակայն իր որդու վերաբերյալ տեղեկություններ չունի։ Նա վստահ է՝ որդին ողջ է, քանի որ պայթյունի ժամանակ ադրբեջանցիները որոշ տուժածների իրենց շտապօգնության մեքենաներով տեղափոխել են Շուշի կամ Ակնա, դրա մասին անձամբ ադրբեջանցիներն են հայտարարել։

«Մենք անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ չենք հանդիպել, փոխարենը՝ հանդիպել ենք Արցախի ղեկավարության, Քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ, մասնավորապես՝ Արգիշտի Քյարամյանի տեղակալի հետ։ «Կարմիր խաչին» ենք շատ դիմել։ Նույնիսկ Շվեյցարիայի «Կարմիր խաչին» ենք դիմել, այնտեղ ծանոթ մարդ կա, մեր անունից նամակ է գրել։

Կարդացեք նաև

Ժամ են որոշած եղել, որ իբրև թե որոշ ժամանակ առաջ պետք է հանդիպեինք ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ, բայց Աբազյանը մեզ չի ընդունել, քանի որ կոնկրետ ժամ գրված չի եղել։ Բայց իրենց աշխատակազմից մի կին մեզ ընդունել էր, խոսել, ասել էր, իբրև թե գործն ընթացքի մեջ է, բայց 1 տարի 1 ամիս է՝ մենք մեր երեխաներից տեղեկություններ չունենք։

Փաստեր ենք բերել, որ Ասկերանում, որտեղ պայթյունը եղել է, ինչպես են ադրբեջանցիների շտապօգնության մեքենաները բարձրանում ու իջնում, այնպես չէ, որ դրանք հենց այնպես՝ անիմաստ բարձրացել ու իջել են։ Մեր Արցախի ԱԱԾ-ն ասում է, որ իբր ադրբեջանցիները եկել են, որպեսզի մեր վիրավորներին տանեն բուժման, չենք տվել ու նրանց հետ ենք ուղարկել։ Ստում են, բոլորն էլ տեսել են, որ վիրավորներ են տարել։

Տեսանյութեր են եղել, թե ինչպես են ադրբեջանցիները «սիստեմա» միացնում վիրավորներին, հետո նրանց խոսեցնում ու նկարում են, բայց վիրավորների երեսները փակ են։ Մեր վիրավորներն ասել են, որ՝ «մենք ադրբեջանցիների մոտ ենք, մեզ բուժում են ու խոստացել են, որ շուտով բաց կթողնեն»։ Հետո այս տեսանյութը երևի Ադրբեջանում արգելել են, այն չկա, նույնիսկ այն Մոսկվայում են տեսել։

Մի կին կա, նա տեսանյութ է տեսել, ինչպես է ադրբեջանական շտապօգնության մեքենան բարձրանում, հետո երկու վիրավորի իջեցնում մեքենայից ու տանում հիվանդանոց։ Բայց մեզ Ստեփանակերտի ԱԱԾ-ից ասում են՝ չէ որ չէ, նման բան չկա»,- 168.am հետ զրույցում նշեց Միրա Շահրամանյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ ռուսաստանաբնակ ադրբեջանցիների են գտել, նրանք ասել են, որ անձամբ հայ վիրավորներին չեն տեսել, բայց լսել են, որ ադրբեջանցիները շտապօգնության մեքենայով տարել են։ Նույնիսկ նրանք զարմացել են, որ մինչև այժմ ադրբեջանական կողմն այդ վիրավորներին բաց չի թողել։

«Մեր ծնողներից մեկի երկու որդիները չկան, Հակարիի կամրջով անցնելիս նա ադրբեջանցիներին ասել է, որ երկու որդիները չկան, ադրբեջանցիներն էլ պատասխանել են, թե՝ «մերոնք ձերոնցից 45 հոգու տարել են, որ բուժեն, և նրանց մեջ կլինեն»։ Հիմա այսքան փաստ կա, բայց պատկան մարմիններից որևէ մեկը սա հաշվի չի առնում։ Մենք հենց ասում ենք, մեզ ասում են՝ դա ապացույց չէ։ Այսինքն՝ ապացույցն այն կլինի, որ մեր երեխաներին բերենք այստեղ, ցույց տանք, հետ տանե՞նք, իրենք գնան բերե՞ն»,- վրդովված նշեց Մ. Շահրամանյանը։

Տիկին Միրան ձմռանը համացանցում մի տեսանյութ է տեսել, որտեղ Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցի դիմաց չորս հոգի սև կուրտկաներ հագած՝ ձյուն են մաքրում, նրանցից մեկին որդուն է նմանեցրել։

«Այդ տղաների դեմքը ցույց չտվեցին, մեկին ֆիզիկական կառուցվածքով Արմենիս նմանեցրի։ Ամուսնուս էլ ցույց տվեցի, ասացի՝ մեր Արմենին շատ է նման։ Չգիտեմ, մեր տղա՞ն էր այդ ձյուն մաքրողը, թե՞ չէ, բայց որ մեր երեխաներն այնտեղ են, հաստատ է, այսքան զուգադիպություն չի կարող լինել։ Թող մեկը սխալվի, երկուսը, բայց մի ամբողջ ժողովուրդ չի կարող սխալվել։

Սեպտեմբերի 25-ին մենք տանն էինք, ես տանը չէի, ավտոտնակ էի իջել՝ բաներ վերցնելու։ Որդիս եղբորս հետ իջել էր բակ, մեքենաների մոտ, զանգահարել են եղբորս, թե՝ բենզին են տալիս, եղբայրս էլ որդուս ու իր որդու հետ գնացել է բենզին վերցնելու։ Վերջին անգամ այդ օրը ժամը մոտ 17։00-ին էի տեսել Արմենիս, նա ինձ չէր ասել, որ գնում է, գիտեր, որ չէի թողնի գնար։

22 ծնողներով հիմա փնտրում ենք մեր երեխաներին, մենք բոլորս էլ վստահ ենք, որ մեր երեխաներին ադրբեջանական կողմն է տարել պայթյունի վայրից:

Եթե պետությունը, ղեկավարությունը, երկրի տերը չի հետաքրքրվում մեր երեխաների ճակատագրով, մենք ի՞նչ կարող ենք անել։ Մեր անհետ կորած երեխաներից երկուսը զանգահարել են. մեկը՝ Շուշիից, մյուսը՝ Ակնայից, ասել են՝ մենք ողջ ենք, սա փաստ չէ՞։ Ես ուզում եմ իմ որդուն գտնեն, ես այլ երեխա չունեմ»,- ընդգծեց Միրա Շահրամանյանը։

Նա նաև հայտնեց, որ դիմել են բոլոր կառույցներին, այդ թվում՝ ՀՀ-ում գործող գրեթե բոլոր դեսպանատներին, նամակներ են փոխանցել տարբեր կառույցների, միայն Նիկոլ Փաշինյանի հետ չեն հանդիպել։

Հարցին՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն Արցախից է, նրան հանդիպե՞լ եք, տիկին Միրան պատասխանեց.

«Արմեն Գրիգորյանի մորաքրոջ որդին նույնպես անհետ կորած է, ի՞նչ է արել, կամ եթե անում էլ է, գաղտնի է անում»։

Հիշեցնենք, որ պայթյունից հետո անհետ կորածների հարազատները հուլիսին բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ,  քանի որ հենց նա է բանակցում Ադրբեջանի հետ։ Ակցիային մասնակցում էին նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած ռազմական գործողության արդյունքում զոհված և Արցախում հուղարկավորված անձանց հարազատները, նրանք էլ պահանջում էին, որպեսզի Կառավարությունը քայլեր ձեռնարկի, որպեսզի իրենց զոհված հարազատների մարմիններն Արցախից հանեն ու Հայաստանում վերահուղարկավորեն։

Կառավարության շենքի մոտ մի քանի ժամ սպասելուց հետո արցախցիներից որևէ մեկին Նիկոլ Փաշինյանը չընդունեց, որոշ ժամանակ անց ծնողները 168.am-ին փոխանցեցին՝ Նիկոլ Փաշինյանը խուսափում է իրենց հետ հանդիպումից, այդ պատճառով իրենց ուղղորդում են գնալ Քննչական կոմիտե։

Տեսանյութեր

Լրահոս