Երևանում օրեցօր ասֆալտը շատանում է, ծառերի քանակը՝ նվազում․ 1,5 միլիոն մարդ պետք է ծառ տնկի․ թոքաբան

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ) միավորում է երկարատև ընթացքով թոքերի քրոնիկ բորբոքային հիվանդություններ, որոնք ընթանում են ժամանակի ընթացքում խորացող շնչառական խանգարումներով:

Պատճառների մասին զրուցել ենք ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կրծքավանդակային վիրաբուժության և ինտերվենցիոն թոքաբանության բաժանմունքի ղեկավար, թորակալ-վիրաբույժ Տիգրան Բյուզանդյան հետ։

Ի՞նչ է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը։

– Այն քրոնիկ հիվանդություն է, որի մեխանիզմն այսպիսին է․ կա բրոնխիալ էպիթելի երկարատև վնասում՝ ծխի, արտաքին գործոնների ազդեցությամբ, ինչի պատճառով առաջանում է երկարաժամկետ բորբոքում և էպիթելի տրանսֆորմացիա։ Ըստ այդմ, մեր ծայրամասային տեղակայված բրոնխներում տեղի են ունենում անցանելիության խանգարումներ, և օդը թակարդվում է նեղացած հատվածից դեպի ներս։

Կարդացեք նաև

Մենք՝ վիրաբույժներս, շատ ժամանակ հանդիպում ենք ԹՔՕՀ բարդացած վիճակների, երբ ունենք թոքերի էմֆիզեմատոզ փոփոխություններ և լուրջ արտահայտված գանգատներ։

Հիվանդության զարգացման պատճառ հանդիսանում է շրջակա միջավայրի աղտոտվածությունը, ծխախոտը։ Փոշուց, կեղտոտ օդից ինչպե՞ս պաշտպանվել։

– Կան անձնական առողջությանը հետևելու հիգիենայի տարրական մեթոդներ։ Պետք է մտածենք խոնավության ադեկվատ քանակի, մաքուր օդ շնչելու մասին։ Առաջնայինն անձնական հիգիենայի մեթոդներն են․ դիմակների, ռեսպիրատորների կրումը, երբ աշխատում ենք արտադրամասում, շինարարության ոլորտում, շփվում ենք քիմիական նյութերի հետ։ Եթե այս ամենը չենք պահպանում՝ հայտնվում ենք ռիսկի գոտում և հետագայում ԹՔՕՀ-ով տառապելու թեկնածու ենք։

Եթե խոսենք Երևանի մասին, բավականին փոշոտ է, էլ չասենք՝ մեքենաների արտանետումների մասին, այսինքն՝ մարդիկ մեխանիկորեն հիվանդանալո՞ւ են։

– Այնպես չէ, որ Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ մեքենաներից արտանետումներ կան։ Սակայն պետք է անձնական հիգիենայի մեթոդները պահպանել։ Եկեք անկեղծ ասենք, թե վերջերս մեր շրջապատում քանի՞ հոգի է ծառ տնկել, բույս աճեցրել, տանը բույսեր պահել։ Մեզ մոտ այդ կուլտուրան չկա։ Եթե նայենք Նոր Արեշի կամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սեփական սեկտորին, կտեսնենք, որ օրեցօր ասֆալտի քանակը շատանում է, ծառերի քանակը՝ նվազում։ Բնական է, որ ավելի քիչ մաքրություն կունենանք, որովհետև ծառը հենց այդ փոշին ֆիլտրելու լավագույն մեթոդն է՝ բնության կողմից տրված։

Վերջերս եղել եմ Ֆրանկֆուրտ քաղաքում․ ուղղակի զարմացած էի, թե ինչպես էր բնակչությունը վերաբերվում կանաչին։ Ամեն մարդ իր պատուհանագոգին ուներ ինչ-որ բույս։ Ամեն ոք տոտալ կանաչ տարածք էր ապահովում։ Շենքերի պատերը ևս կանաչապատ էին։

– Հիմա նորաձև է՝ բնակարաններում օդը խոնավեցնող սարքավորումներ են օգտագործում, դրանք թոքերի գործունեության վրա բարենպաստ ազդեցություն կունենա՞ն։

– Միանշանակ։ Ինչքան խոնավ միջավար ապահովենք օրգանիզմում, այնքան՝ լավ։ Իհարկե, խոսքը պաթոլոգիկ խոնավության մասին չէ։ Մեզ համար ամենալավ խոնավ միջավայրը 30-50 տոկոս խոնավությունն է։ Կոնկրետ Հայաստանի միջինացված ցուցանիշը որ նայենք՝ օդի միջին խոնավությունը մոտ 30 տոկոս է, և դա թույլատրելի գրեթե ստորին սահմանն է։ Եվ, ըստ այդմ, մեր լորձաթաղանթներն ավելի շատ են չորանում, քան պետք է չորանային, որովհետև օդի խոնավությունն այդքան էլ լավը չէ։ Եվ, լրացնելով խոնավությունը, մեզ ապահովագրում ենք, որ լորձաթաղանթն ավելի խոնավ է և խորխի, փոշու դուրսբերումը խոնավ միջավայրով էպիթելի վրա ավելի հեշտանում է, որովհետև հեղուկն իր վրա է վերցնում փոշու հատիկները և դարձնում հեղուկ միջավայր, որը դուրս է գալիս խորխի հետ միասին։

Շատ են օգտագործում հոտավետ նյութեր, մոմերդրանք բացասական ազդեցություն ունենո՞ւմ են թոքերի վրա։

– Ցանկացած քիմիական նյութ կարող է ունենալ և՛ դրական, և՛ կողմնակի էֆեկտ։ Հոտավետ նյութերի հիմքը եթերային յուղերն են, որոնք հոտառական ընկալիչների միջոցով զգում ենք և, ըստ այդմ, լավ հոտի տպավորություն է թողնում, սակայն այդ նյութերի ինչ-որ քանակություն, բնականաբար, մարդու համար թունավոր կլինի։

– Հիվանդությունը զարգանում է տարիների ընթացքո՞ւմ, թե՞ միանգամից կարող է արտահայտվել։

– Երկարատև, նույնիսկ տասնամյակներով վնասման արդյունք է։

– Կա՞ն ախտանշաններ։

– Առաջինը հազն է, դժվարաշնչությունը։ Օրինակ, եթե ծխող է, 10 գլանակից հետո զգում է, որ լավ չի շնչում, կամ մարդն աշխատում է արտադրամասում, որտեղ մշտապես շփվում է փոշու հետ, զգում է, որ մեկ շաբաթ աշխատելուց հետո թեթևակի գանգատ ունի։ Այս ամենի բացասական կողմն այն է, որ չենք սիրում գանգատներին ուշադրություն դարձնել։ Փոքր գանգատների ուղղությամբ գնալը, ցավոք, մեզ բնորոշ չէ։

– Երբեմն, երբ մարդու շուրթերը կամ եղունգները կապույտ են լինում, ասում են՝ հաստատ թոքերի խնդիր ունի այդպե՞ս է։

– Կարող է ունենանք բարակ եղունգներ, միկրոցիրկուլյացիայի խանգարումներ, շուրթերի գույնն ավելի շատ նման լինի կապույտի, քան ալ կարմիրի, սակայն, այո, դրանք գանգատներ են, որոնք կարող են խոսել այդ մասին, բայց նրանց առկայության դեպքում պարտադիր չէ, որ ունենանք թոքերի խնդիր։

Թոքերի խնդիր հիմնականում առաջանում է ծխախոտի պատճառով։ Շատերն ասում են, որ չեն կարողանում հրաժարվել ծխախոտից։ Մի փոքր նյարդայնանում են՝ կրկին ծխում են։ Կա՞ ծխելը թողնելու հատուկ մեթոդ, ձև։

– Այո՛, հոգեբանությունը։ Երբ հանենք մեզ կոմֆորտ զոնայից՝ կարող ենք հաղթահարել։ Ցանկացած ծխող մարդու եթե ասենք՝ երկու նախադասությամբ ծխելու միջավայր պատկերացրու, որևէ մեկը չի ասի՝ հեծանիվ քշելիս մի կերպ օդում վառում է ծխախոտն ու երթևեկում։

Հիմնականում ասոցացվում է կոմֆորտի հետ․ ընդմիջում՝ գնամ ծխեմ, գամ։ Առավոտյան պատշգամբից նայեմ, սուրճը խմելով վայելեմ 3-4 րոպեն։ Կամ՝ վարորդներն ասում են՝ մի վայրկյան կանգնեմ, ծխեմ գամ։ Հարց ու փորձ անելիս միայն կոմֆորտի մասին տվյալ ենք ստանալու։ Եթե մարդը կարողանա իր կոմֆորտի զոնան կառուցել անկախ ծխախոտից՝ միանշանակ կստացվի։

Պասիվ ծխողների թոքերը ևս ռիսկի գոտո՞ւմ են։

– Իհարկե, կա նման վիճակագրություն, բայց դա բավական փոքր է՝ ծխող մարդկանց մոտ առաջացած թոքի քաղցկեղի, առհասարակ թոքային հիվանդությունների համեմատ։ Սակայն նույն թոքի քաղցկեղի դեպքում 70-ից ավելի ռիսկի գործոն կա, որոնցից ծխելն ընդամենը մեկն է։ 90 տոկոս դեպքերում ուղղակի կապը ծխելու հետ է, սակայն դա մի գործոն չէ։

– Ո՞ր ախտանշանին պետք է ուշադրություն դարձնեն ու հասկանան, որ թոքերի վիճակը լավ չէ։

– Թոքի գանգատները միանգամից դրսևորվում են․ խոսքը ֆունկցիոնալ խանգարումների մասին է։ Եթե ինչ-որ մարդ ասի, որ թոքի քաղցկեղը շատ ուշ է հայտնաբերվել և գանգատ չի եղել, իրավացի կլինի, քանի որ դա ֆունկցիոնալ խանգարում չէ։ Իսկ ԹՔՕՀ և թոքային հյուսվածքի հիվանդությունների դեպքում գանգատները դրսևորվում են ակունքից․ առաջին հերթին՝ հևոց, դժվարաշնչություն՝ այսինքն՝ լիարժեք շնչելու դժվարություն։ Օդը չհերիքելու զգացողությունը դա է։ Շատ ժամանակ այն լինում է սրտային խնդրի պատճառով, որովհետև թոքը և սիրտն անանջատ օրգաններ են, և հաճախ մեկի խնդիրը վնասում է մյուսին, սակայն այդ ախտանշանի դեպքում պետք է առաջին հերթին դիմել թոքաբանի, ովքեր շատ լավ տարբերում են՝ սրտայի՞ն, թե՞ թոքային խնդիր է։

Կա՞ հետազոտություն, որ կարող են կատարել ու պարզել՝ ունե՞ն խնդիր, թե՞ ոչ։

– Եթե խոսում ենք թոքի քաղցկեղի մասին, ապա կանխարգելիչ հետազոտություն պետք է անցնեն թիրախային խմբում գտնվող մարդիկ․ նրանք 50-75 տարեկան ծխողներն են, ովքեր օրը օգտագործել են ոչ պակաս, քան 20 գլանակ՝ առնվազն 10 տարի շարունակ։ Եթե խոսում ենք թոքային հյուսվածքի հիվանդությունների մասին, այդտեղ արսենալն ու հանդիպող հնարավոր հիվանդությունների շրջանակը լայն է։

Սակայն առաջանահերթ պետք է պահպանել հիգիենայի և կանխարգելիչ բժշկության ցուցումները։ Միշտ պետք է ռեսպիրատորներով լինել այն միջավայրում, որտեղ կան փոշի, ներկեր, քիմիկատներ։ Ձգտենք միջավայրում ապահովել ադեկվատ խոնավության հագեցվածություն ու, բնականաբար, ամենահասանելի մեթոդը բույսերն են։ Ամեն մարդ բնակարանում, բակում, աշխատասենյակում պետք է ունենա 1-2 բույս, որոնք ևս կապահովեն խոնավությունը։ Եթե վերադառնանք ստատիստիկ տվյալներին, ապա ՀՀ-ում 3 միլիոն բնակչությունից 1,5 միլիոնը կարող է գնալ ու ծառ տնկել, սակայն տարեկան այդքան ծառ չենք տնկում, եկեք ճիշտը խոսենք։

Տեսանյութեր

Լրահոս