
Մեղավոր զոհի ախտանիշը․ Հայաստանը՝ խուցպայացման վերջին փուլում

Պետության համար սահմանային վիճակներում առաջին պլան է մղվում հասարակության դերի քննարկումը։
Հարցը՝ հանրությունն այս վիճակի զո՞հն է, թե՞ մեղավորը, չափազանց նուրբ է և կախված դրվածքից՝ կարող է ստանալ երկու պատասխաններն էլ միաժամանակ։ Եվ քանի որ ճշմարտությունը ոչ թե ծայրահեղություններում, այլ դրանց միջնամասում է, տեղին է ենթադրությունը, որ հանրությունը հայտնվել է մեղավոր զոհի կարգավիճակում։ Մեղավոր է այսօրվա իրավիճակի համար, բայց այդ իսկ վիճակի զոհն է։ Մեղավորի ու զոհի պատճառահետևանքային կապի գնահատումը պետք է կորսվածի անդառնալիության գիտակցումով՝ նոր կորուստները կանխելու համար։
Այսօրվա հրեշավոր իրականությունը ցույց է տալիս այդ կապը։ Անհաշվելի աղետների թվում այսօր հանրության գոնե առողջ հատվածը տառապում է Արցախի կորստի, հազարավոր զոհերի համար։ Այս դեպքում հանրությունը զոհ է՝ որպես տառապյալ ու մղկտացող։ Բայց դա տեղի չի ունեցել միանգամից։ Եթե անգամ ընդունենք 44-օրյա պատերազմի հանկարծակիության կանխավարկածը (ինչը, իհարկե, այդպես չէ), հաջորդիվ կատարվել են դեպքեր, որոնք հանգեցրել են Արցախի ամբողջական հանձնմանը։
Դրանք սկսվել են 2020թ․ նոյեմբեր-դեկտեմբերին Գորիս-Կապան ճանապարհի բանավոր հանձնումով, ապա՝ «ամայի սարերի համար հո չե՞նք կռվելու» հայտարարությամբ, որին հաջորդել է «Արցախի հարցում նշաձողն իջեցնելու» հռչակումը, դրան հետևել է Արցախի ընդգրկմամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը և մեկ տարի սովամահության ենթարկված արցախահայերի բռնի տեղահանությունը։
Այս ողջ ընթացքում՝ այսօր զոհի կարգավիճակում գտնվող հանրությունը եղել է մեղավորի դերում՝ հանդուրժելով այսօրվա ողբերգությանը հանգեցրած առանձին-առանձին դեպքերը։ Հանդուրժման այդ մեխանիզմի հիմքում ընկած է եղել և այսօր էլ է՛ «նոր նորմալության» հոգեբանական ախտանիշը, որը մեր իրականությունում վերածվել է «նոր աննորմալության»։
Ամեն մի սատանայական թվացող քայլը հանգեցրել է նոր աննորմալության, որի հանդուրժումը շղթայաբար հիմք է դարձել դրանից ավելի սարսափելի նոր աննորմալության հաստատմանը։
Նույն մեխանիզմը գործում է նաև այսօր Հայ Առաքելական եկեղեցու դեմ կատարվող այլանդակության պարագային։ Այնպես չէ, որ իշխանությունը մի օրում է սկսել արշավը եկեղեցու դեմ։ Դա մեկնարկել է 2018-ին ՝«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» խեղկատակությամբ, շարունակվել է թեմական այցերից մեկի ժամանակ Կաթողիկոսի նկատմամբ հարձակմամբ, հետո՝ Հ1-ով Վեհափառի Ամանորյա ուղերձի հեռարձակման, մայիսի 28-ին Հայոց հայրապետի մուտքը Սարդարապատ արգելելով, ապա սրբազանների կալանավորմամբ, Էջմիածինի գրոհով ու հիմա պատրաստվող նոր ասպատակությամբ։
Ճիշտ և ճիշտ նույն մեխանիզմն է։ Այսօր եկեղեցու դեմ կատարվողի համար ցավ ապրող հասարակությունը զոհի դերում է, բայց այսօրվա իրականությունը հնարավոր է դարձել այդ նույն հանրության՝ նախորդիվ ցուցաբերած լուռ անտարբերության, իմա՝ մեղավորության արդյունքում։ Այս օրգանական կապի արձանագրումը կարևոր է ոչ թե հանրությանն անարգանքի սյունին գամելու, այլ վաղվա, բառի բուն իմաստով՝ վաղվա անկումները թույլ չտալու համար։
Այսօրվա հանդուրժումը հանգեցնում է վաղվա այլանդակությանը, վաղվա լռությունը՝ ոչնչի առջև չկանգնողներին խրախուսելու է դիմել նոր այլասերման, ու այդպես շարունակ։
Գահավիժման այս ընթացքը կասեցնելու միակ ձևը գոնե մի անգամ չհանդուրժելն է։ Հակառակը՝ հայ հասարակության վերջնական վերածումն է խուցպայի, երբ ծնողներին սպանողը դատարանից արդարացում է հայցում՝ որբ լինելու հանգամանքը վկայաբերելով։ Հանդուրժումների շղթայով մենք մոտենում ենք պետության վերջնական կործանումը մի վերջին անգամ հանդուրժելուն, որից հետո մնալու է հավաքական կարեկցանքի հայցումը՝ որպես անպետություն ազգի ներկայացուցիչ։
Հարություն Ավետիսյան