
Կառավարիչը պիտի վերադառնա մարդկայնության և բարոյականության ոլորտ.հարցի այլ լուծում չկա.Տեր Հայկազուն
«Կառավարչի կողմից ակնկալում եմ, որպեսզի ապաշխարությամբ և նույն համառությամբ ներողություն խնդրի հրապարակայնորեն և վերադառնա այն եկեղեցու գիրկը, որից ինքն իրեն դուրս է դրել,- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի, դրա հանգուցալուծման մասին 168․am-ի հարցադրումներին ի պատասխան՝ նշեց Տեր Հայկազուն քահանա Սահակյանը՝ հավելելով,- Ուրիշ ակնկալիք չունեմ, ուրիշ լուծում մեր հայրենիքի բարօրության համար չեմ տեսնում, քան պետական համակարգը ղեկավարող անձանց համապատասխան վերադարձը դեպի մարդկայնություն ու բարոյականություն»։
Անդրադառնալով նաև միջազգային արձագանքներին՝ հոգևորականը ցավով արձանագրեց, որ իրավիճակը լուրջ հարված է ՀՀ-ի հեղինակությանը, քանի որ այս վարքով Հայաստանն ընկալվում է իբրև տոտալիտար, նեոբոլշևիկյան ռեժիմի կրող երկիր։
«Ես կուզենամ, որ այս իրավիճակում ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ Հայ Առաքելական եկեղեցին, անկախ ամեն ինչից, հանդիսանում է ՀՀ պետականության հիմքը, որովհետև ՀՀ Առաջին ու Երրորդ հանրապետությունները կայացան ՀՀ տարածքում միմիայն այն պատմական պատճառով, որ կաթողիկոսական աթոռը գտնվում է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում»,- հավելեց նա։
Քանի որ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ամուսնացյալ քահանաներին՝ նրանց կոչելով իբրև իր եղբայրներ, Տեր Հայկազունից հետաքրքրվեցինք, թե ո՞ր դեպքում Նիկոլ Փաշինյանին կհամարի իր եղբայրը։
Ի պատասխան՝ նա հիշեցրեց սուրբգրային մի հատված. «Պողոս առաքյալն ասում է, որ այն եղբայր կոչվածները, որոնք բամբասող ու հափշտակող են, այդպիսինների հետ նույնիսկ հաց չուտեք։ Ուրեմն, եղբայր կոչվածները, որոնք քրիստոնեական մկրտությամբ ի Քրիստոս մեզ եղբայր են, մեզ եղբայր են մնում, եթե իրենց որպես եղբայր դրսևորում են․ եղբայր դրսևորել՝ կնշանակի մեր հոր հանդեպ հարգալից վերաբերմունք ունենալ։ Մենք չենք կարող ճանաչել մեկի եղբայրությունը, ով մեր հոգևոր հոր, մեր հոգևոր հայրերի հանդեպ բամբասողի կարգավիճակում է»։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը գրել էր՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են, որովհետև նրանք չեն խաբում ո՛չ ժողովրդին, ո՛չ Աստծուն։
«Ինչ խոսք, նրանք անթերի չեն, բայց ես՝ ինքս առավել ևս անթերի չեմ։ Թերություններ ունենալն այլ բան է, Աստծո առաջ կամավոր ստանձնած կուսակրոնության ուխտը խախտելը և այդպիսով եկեղեցին պղծելը՝ բոլորովին այլ բան»,- գրել է Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում