
Զորավարժադաշտում պայթյունի դեպքով ի՞նչ հոդվածներով է քրեական վարույթ հարուցվել

Հուլիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ նույնը օրը ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ:
Այսօր էլ տեղեկացվել է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
Միջադեպի առնչությամբ 168.am-ը փորձել է հավելյալ տեղեկություն ստանալ ՀՀ քննչական կոմիտեից:
«Դեպքի առթիվ 08.07.2025թ.-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի (Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը) 1-ին մասով և 550-րդ հոդվածի (Զինվորական պաշտոնեական անփութությունը) 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Վնասվածք ստացած 8 զինծառայողները ճանաչվել են տուժող: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:
Հ.Գ. Ավելի ուշ 168.am-ը հավաստի աղբյուրներից տեղեկացավ, որ պայթյունի հետևանքով 8 տուժածներից 7-ը վարժական հավաքի մասնակից են, 1-ը՝ սպա: