
«Սամվելին ասացի՝ «Լենկոմին» սպոնսոր լինենք, ասաց՝ ես մենակ Հայաստանին ու Արցախին եմ սպոնսոր». Սամվել Կարապետյանի ընկեր
Գործարար Սամվել Կարապետյանի մտերիմ ընկեր Արամ Մարտիրոսյանի խոսքով՝ շատ կարևոր դրվագներ են եղել իր և Սամվել Կարապետյանի հետ շփման ընթացքում, սակայն առանձնացրեց երկուսը։
«Մոսկվայում կան թատրոններ, յուրաքանչյուր թատրոն ունի իր հովանավորը։ 2010 թվականին Մոսկվայի լավագույն թատրոններից մեկի ՝«Լենկոմի» հովանավորն ազգությամբ հրեա էր, հետո նա սնանկացավ։ Սամվելին ասացի՝ հնարավորություն ունենք դառնալու «Լենկոմի» սպոնսորը։ Սամվելն ինձ լսեց ու ասաց՝ Արա՛մ, հրաշալի բան ես ասում, հասկանում եմ՝ ինչ է, բայց հավատա, ես միայն Հայաստանի ու Արցախի սպոնսորն եմ»,- Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» այգում հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց գործարարի մտերիմ ընկերը։
Դրվագներից մեկն էլ հիշեցնելով, Արամ Մարտիրոսյանն ասաց, որ Մոսկվայում կա մեծ թանգարան, որը կոչվում է «Հաղթանակի» թանգարան։ Այնտեղի տնօրինությունն իրեն ասել է, որ թանգարանի տարածքում կա հերոսների ծառուղի, որտեղ Երկրորդ Համաշխարհային պատերազմի հերոսների կիսանդրին են դնում։
«Ինձ թանգարանի տնօրենն ասաց, որ բոլոր երկրներին ասել են, անմիջապես արձագանքել են, այդ թվում՝ Ղազախստանն ու Ադրբեջանը, իսկ Հայաստանից չեն արձագանքել։ Գնացի Սամվելի մոտ ու ասացի՝ այսպիսի հարց կա, ասաց՝ տեր եղիր, իր սիրելի խոսքն էր։ Այն ժամանակվա դեսպանը քանդակագործ գտավ և սկսեցինք աշխատանքները»,- նշեց նա։
Նշենք, որ հայտնի գործարար Սամվել Կարապետյան հունիսի 18-ից կալանավորված է՝ 2 ամսով։
Ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու հնչեցրած նրա հայտարարությունից հետո իշխանությունը նրան մեղադրում է «իշխանությունը զավթելու» կոչեր անելու մեջ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում