
Եթե աշխարհի ամենահայտնի հայի հետ են այսպես վարվում, ուրեմն ամեն մեկի հետ էլ կվարվեն. Նարեկ Կարապետյան
«Կանխատեսելի էր, փաստաբանների խումբն արդեն հայտարարել էր։ Մարդիկ գնացին դատարանի մոտ, բայց մենք բոյկոտեցինք՝ դատարանի մոտ չգնացինք, որովհետև բոլորին էլ պարզ էր, թե ինչ է տեղի ունենում, ուզում են կալանքը երկարացնեն, հաշվի չառնելով, որ դա մեզ մոտ ոչինչ չի փոխի»,- այս մասին Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» այգում տեղի ունեցող հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։
Նշենք, որ Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։
Ըստ Նարեկ Կարապետյանի, հասարակության հետ լուրջ աշխատանք է պետք, քանի որ հասարակությունը պետք է իմանա, որ իրեն ոչ ճիշտ տեղեկատվություն են հրամցնում։
«Ճիշտն իմանալով՝ հասարակությունն արդեն ճիշտ որոշում կկայացնի»,- նշեց Նարեկ Կարապետյանը։
Նա նաև ասաց՝ հավաքի ու երթի հիմնական շեշտադրումները կներկայացնեն։
«Շեշտադրումները դուք էլ եք հասկանում՝ տեղի է ունեցել շատ աննախադեպ բան, և մենք բոլոր պետք է ցույց տանք, որ դա աննախադեպ է և ոչ ընդունելի, որպեսզի հետագայում իմանան, եթե աշխարհի ամենամեծ հնարավորություններն ունեցող հայերից մեկի հետ կարող են այսպես վարվել, բոլորի հետ էլ կարող են վարվել։ Եթե մենք ցույց չտանք, որ մարդիկ դժգոհ են, հնարավոր է՝ այս մեթոդները մեզ մոտ շարունակվեն»,- շեշտեց Նարեկ Կարապետյանը։
Նշենք, որ հավաքն ու երթը նախատեսված է ի աջակցություն գործարար Սամվել Կարապետյանի, ով հունիսի 18-ից կալանավորված է՝ 2 ամսով։
Ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու հնչեցրած նրա հայտարարությունից հետո իշխանությունը նրան մեղադրում է «իշխանությունը զավթելու» կոչեր անելու մեջ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում