
«Ես գլուխը կախ Հայաստան չեմ ուզում. մեր շահը ոչ սուլթանի մատանին է, ոչ ցարի ոտքը. ազգայինն է». Զոհրաբ Բեկ-Գասպարենց
Մաշտոցի պողոտայում գտնվող «Սիզընս» սրճարանի մոտ մեկնարկել է հավաքն ի աջակցություն գործարար Սամվել Կարապետյանի և այս պահին կալանքի տակ գտնվող մյուս քաղաքացիների։
Հավաքից հետո մասնակիցները պետք է երթով շարժվեն դեպի ԱԱԾ մեկուսարան, որտեղ գտնվում է Սամվել Կարապետյանը։
Ռեժիսոր, սցենարիստ Զոհրաբ Բեկ-Գասպարենցը ևս մասնակցում է հավաք-երթին։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ այսօր չի տեսնում, որ ՀՀ օրվա իշխանությունն ազգային որևէ բան է անում։
«Այսօր ազգային են մտածում այն մարդիկ, ովքեր այստեղ են։ Այսօր ասորիները, քրդերը երկիր չունեն, ցավոք, եկել հասել ենք այնտեղ, որ մենք առանց Հայաստանի չենք կարող, մենք հայ ենք։ Ուզենք թե չուզենք, մենք պետք է Հայաստանը պահենք, իսկ այսպիսի Հայաստան, որտեղ գլուխը միշտ կախ է, ես այսպիսի Հայաստան չեմ ուզում»,- նշեց Զոհրաբ Բեկ-Գասպարենցը։
Նա ընդգծեց՝ լուրջ չեն իշխանությունների հայտարարությունները, թե իբր կալանքի տակ գտնվողներն «ահաբեկիչներ» են, քանի որ 7 տարի ինչ ասել են, դրանք իրականությանը չեն համապատասխանել։
««Ահաբեկիչ» բառն ինձ համար մի քիչ ծիծաղելի է։ Իրենց շահն անձնական է, գումարը, ազգային շահի դեպքում նման բաներ չի արվում։ Ինչ իրենք են խոսում, ծիծաղելի է, նույնիսկ իրենց այս բեմադրությունն է ծիծաղելի։ Ազգային է պետք մտածել»,- ընդգծեց Զոհրաբ Բեկ-Գասպարենցը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում