
ՔՊ-ական ո՞ր պատգամավորները չեն քվեարկել ՀԷՑ-ը խլելու օգտին և ինչո՞ւ

Ազգային ժողովն այսօր 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը՝ իշխանությունների բառերով ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը։
Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ից չեն քվեարկել Սիսակ Գաբրիելյանն ու Անդրանիկ Քոչարյանը։ Փորձեցինք հեռախոսազանգով հստակեցնել տեղեկությունը և ծանոթանալ նրանց դիրքորոշմանը, բայց մեր զանգերը մնացին անպատասխան։
Քիչ առաջ ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանը Ֆեյսբուքում բացատրագիր հիշեցնող մի գրառում է արել՝ տեղեկացնելով․
«Մենք վերադարձնում ենք այն, ինչ կոպեկներով հանձնվել կամ վաճառվել է։ Էս պրոցեսը դեռ 2015-ի #էլեկտրիկԵրևանի ժամանակ պտի ավարտված լիներ: Հայաստանի Հանրապետության քաղաքացու սեփականությունը իր ռազմավարական կրիտիկական ենթակառուցվածքների նկատմամբ պետք է վերականգնվի։ Քաղաքացին պետք է պաշտպանված լինի թերի աշխատանքի պատճառով կրած վնասներից։
Հ.Գ. Ցավոք, գործուղման եմ և չկարողացա քվեարկել»։
Ի դեպ, պատգամավորի կողմից գործուղման լինելու հանգամանքը հիշեցնելը փոքր-ինչ անհասկանալի է, քանի որ Ալեն Սիմոնյանը նախագծի քվեարկության ժամանակ ընթերցեց ՔՊ-ական մի քանի պատգամավորների անուններ՝ Արթուր Հովհաննիսյան, Մարիա Կարապետյան, Արսեն Թորոսյան, Սարգիս Խանդանյան, Լիլիթ Մինասյան, որոնք թեև դահլիճում չէին, բայց թողել էին կողմ քվեարկություններ։
Իսկ Անդրանիկ Քոչարյանի մասին պատմությունը դեռևս լռում է։