Հատուկ հիշեցում՝ Կարեն Անդրեասյանի համար. կա ևս մեկ ցուցակ
Երեկ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը կազմել և հաստատել է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը՝ քրեական և վարչական մասնագիտացման բաժիններով՝ համաձայն հավելվածի:
Ըստ այդմ՝ քրեական մասնագիտացմամբ դատավորներից վերաքննիչ դատարանի առաջխաղացման ցուցակում ըստ հերթականության տեղ են զբաղեցրել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (ԸԻԴ) դատավոր Գոռ Շահբազյանը, Երևանից՝ Սուսաննա Գզոգյանը, ով ամիսներ առաջ դատեց հասարակական գործիչ Նարեկ Մալյանին, Արմավիրի մարզը ներկայացնող Մակար Կիրակոսյանը, օպերատիվ գործեր քննող Կենտրոն նստավայրի դատավոր Ջոն Հայրապետյանն ու կրկին Երևանից՝ Անի Դանիելյանը:
Վարչական մասնագիտացմամբ վերաքննիչի առաջխաղացման ցուցակում համապատասխանաբար ընդգրկվել են ծնունդով սարցախցի փաստաբան Նորայր Գրիգորյանը, Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոս Թամարա Շաքարյանը, Վարչական դատարանի դատավորներ Դանիել Դանիելյանը, Վարազդատ Միքայելյանը և Գրիգոր Առաքելյանը:
Թվում է՝ հերթական պաշտոնական հաղորդագրությունն է՝ ընթացիկ հարցերը կարգավորող, սակայն այս հաղորդագրությունը մեզ ստիպեց հիշել մի շատ կարևոր հանգամանք:
Այս ցուցակից զատ, 168.am-ը 1 տարի 3 ամիս առաջ անդրադարձել էր վերաքննիչի ևս մեկ ցուցակի: Նախորդ տարվա մարտի 26-ին Կարեն Անդրեասյանը ևս մեկ ցուցակ էր հաստատել: Ցուցակում 5 դատավորի անուն կա՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Ադրինե Ղուկասյան, Արման Հովհաննիսյան, Տաթևիկ Գրիգորյան: Մեկական թեկնածու էլ ներկայացված է Արարատի և Վայոց ձորի մարզերի և Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններից՝ համապատասխանաբար՝ Հարություն Պետրոսյան և Էդգար Մանասյան:
Ըստ կարգի՝ եթե կա 2 ցուցակ, նախապատվությունը տրվում է առաջին ցուցակին՝ ավելի վաղ կազմվածին: Սա՝ հատուկ Կարեն Անդրեասյանի համար, եթե վերջինս մոռացել է նախորդ ցուցակի գոյության մասին: Թեպետ, իհարկե, անհասկանալի է, թե երկրորդ ցուցակ կազմելը ինչ նպատակ է հետապնդում, եթե արդեն իսկ կա ցուցակ, որում ընդգրկված դատավորները դեռ անգամ չեն էլ նշանակվել, իսկ այդ դեպքում, ինչպես արդեն, ասացինք, առաջնահերթությունը տրվում է առաջին ցուցակին: