
Փաշինյանը թաքնվում է իրավապահների մեջքի հետևում. Նիկոլն իրեն դրել է Ստալինի տեղը, 2025 թվականին 1937 թիվ են անում. Կարեն Ղազարյան

Երեկ դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանին։ ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն, Հայաստանում «սրբազան պայքարը» ցանկացել է իրականացնել «ահաբեկչություն և իշխանազավթում»։ ՔԿ հաղորդագրություն տարածեց նաև այսօր առավոտյան՝ տեղեկացնելով, որ 15 անձ այս պահին կալանավորված է։
Այսօր առավոտյան արդեն հայտնի դարձավ, որ Բագրատ սրբազանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
«Սրբազան պայքարի» աջակից, Ճարկուտի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանի կարծիքով՝ իշխանություններն այս քաղաքական հետապնդումները շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ հայ ազգը չի համախմբվել։
«Իշխանությանը թվում է, թե այս գործողություններով կարող է իր ընդդիմախոսներին, հայրենիքի մասին մտածող անձանց լռեցնել, չի՛ ստացվելու։ Դեռ Կիրանցում, որտեղից սկիզբ առավ «սրբազան պայքարը», իշխանությունները փորձեցին տարբեր սադրանքների միջոցով կասեցնել այն՝ չհաջողվեց։
Սրանք սրիկայախումբ են, հիմնվում են միայն կեղծիքի վրա։ Նիկոլն իրեն դրել է Ստալինի տեղ, մտածում է, որ խումբ է ձևավորվել, որ իրեն սպանեն, չկա նման բան։ Ես վստահություն ունեմ, որ սրբազան պայքարը հասնելու է իր տրամաբնական հաղթական ավարտին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Ղազարյանը։
Ըստ նրա, «Սրբազան պայքարի» անդամները կարող են ինքնակազմակերպվել, չնայած չի բացառվում, որ պայքարը սրբազանն առաջնորդի կալանավայրից, պայքարի նպատակը ՀՀ-ում ահաբեկչություն կամ իշխանազավթում չէ, այլ իշխանության հեռացում՝ օրենքի ու Սահմանադրության սահմաններում։
«Միասնական ճակատով պայքար է պետք, չպետք է առանձին-առանձին լինի պայքարը։ Նիկոլ Փաշինյանն իրավապահների մեջքի հետևում է թաքնվում, ես 2018 թվականից բոլոր այն պայքարների մեջ եմ եղել, ովքեր ցանկացել են այս իշխանությանը հեռացնել։ Երբ սա իր պաշտոնավարման 100-րդ օրն էր ամփոփում, մենք կրկին՝10-15 հոգով բողոքում էինք, որ հեռանա։ Դեմ էինք նրա համար, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ անունով» շարժում կար, դեմ էինք նաև իրեն»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նա չբացառեց, որ Նիկոլ Փաշինյանը կգնա նաև այլ ընդդիմախոսների, այդ թվում՝ իր հետևից՝ ամեն րոպե սպասում է դրան։
«Եթե որևէ բան չգտնեն կալանավորելու համար, առնվազն մի երեք օրով «կփակեն»։ Սա է այս մարդկանց ձեռագիրը, սրանք 2025 թվականին 1937 թիվ են անում։ Բայց իրենց այս պլանը մեռելածին է, հաջողության չեն հասնելու»,- հավելեց Կ. Ղազարյանը։
Ինչ վերաբերում է Կարեն Ղազարյանի գրառմանը, որ «Վերին Ոսկեպարում ՀՀ իշխանությունը զավթածի անմիջական ցուցումով արդեն տևական ժամանակ է՝ այդ ավերակներն ու գերեզմանները չափագրում, ճշգրտում, գույքագրում և քարտեզագրում են», նա փոխանցեց՝ այս պահին որևէ գործողություն չեն կատարում, գուցե գիշերային ժամերին անում են, չգիտի։