«Հրաչ ջանն» էլի ուզի-չուզի՝ կալանքը կտա, բայց արդեն՝ նոր հասցեում

2023 թ. նոյեմբերի 6-ին դռնփակ նիստում քննարկելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը՝ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշել է Հանրապետության նախագահին առաջարկել Վաչե Վանիկի Մարգարյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

Վաչե Մարգարյանը վերջապես կստանա «հալալ քրտինքով վաստակած» առաջխաղացումը: Ճիշտ է, մի փոքր ձգվեց, մոտավորապես 5 տարվա չափ, բայց ամեն դեպքում ստացավ խոստացվածը:

Հիշեցնենք՝ Վաչե Մարգարյանն այն «Հրաչ ջանն» էր, ով ՀՔԾ (ներկայումս՝ Հակակոռուպցիոն կոմիտե) պետ Սասուն Խաչատրյան-Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանի հայտնի գաղտնալսված հեռախոսազրույցի մեջ, ուզած-չուզած՝ կալանքը պետք է տար:

Հայաստանում չափահաս քաղաքացիները, իհարկե, հիշում են, որ 2018թ. սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվեց Սասուն Խաչատրյան-Արթուր Վանեցյան բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնալսված հեռախոսազրույցը, որի բովանդակությունը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ քաղաքական իշխանության հրահանգն էր:

Կարդացեք նաև

Նշված ձայնագրության մեջ, խոսելով Մարտի 1-ի գործի և Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Սասուն Խաչատրյանին ասում է. «Ինձ դատավորը զանգեց, մի քիչ վախեցած ա, Հրաչ, հա՞, Հրաչ էր անունը: Մի խոսքով` ով որ կալանքը պիտի տա: Թե բա՝ պարոն Վանեցյան, պիտի մի հատ հիմքերը նայեմ: Ասի՝ նայի, կզանգես, բայց կալանքը, ուզես-չուզես, պիտի տաս»:

Հատկանշական է, որ գաղտնալսման հաջորդ հատվածում Արթուր Վանեցյանը ընդդիմանում է ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորմանը՝ նշելով, որ դա անել չի կարելի նախ որովհետև դա հարված է ՀԱՊԿ իմիջին, և ապա ռուսական կողմը զգուշացրել է Խաչատուրովին կալանավորելու անթույլատրելիության մասին:

Հետո պիտի պարզվեր, որ Հրաչն իրականում Հրաչ չէր, այլ Վաչե Մարգարյան, ով հեռախոսազրույցի տարածման հաջորդ օրն ասաց՝ «ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես ՀՀ ԱԱԾ տնօրենին անձամբ չեմ ճանաչում, նրան չեմ զանգահարել և նրա հետ երբևիցե որևէ հեռախոսային խոսակցություն չեմ ունեցել»:

Մինչ Վաչե Մարգարյանը հերքում էր իր որևէ առնչությունն ԱԱԾ տնօրենի հետ, պարզ դարձավ, որ հայրենի իրավապահ մարմիններին հետաքրքրում է ոչ թե գաղտնալսված հեռախոսազրույցի բովանդակությունը, այլ դրա արտահոսքի աղբյուրի՝ ով լինելը: Ինչևէ, այս թեման էլ բարեհաջող փակվեց, և «Հրաչ ջան»-ը շարունակեց պաշտոնավարել:

Նշենք նաև, որ դատավոր Վաչե Մարգարյանն էր քննում նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի՝ Հարություն Գրիգորյանի և վերջինիս եղբոր՝ Զավեն Գրիգորյանի մասնակցությամբ փոխգնդապետ Արա Մխիթարյանի դաժան ծեծի գործը: Հիշեցնենք, որ ծեծի հետևանքով 4 տարի կոմայի մեջ գտնվող փոխգնդապետը մահացավ այս տարվա հուլիսին:

Տեսանյութեր

Լրահոս