
Ռոբերտ Քոչարյանը հայցեր է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի

Ռոբերտ Քոչարյանը հայցեր է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի:
Ընդդեմ Փաշինյանի ներկայացված հայցում Քոչարյանը պահանջում է հերքել հունիսի 5-ին կառավարության նիստում նրա կողմից հնչեցված և «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում հրապարակված «Դատարանի որոշմամբ արձանագրված է՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է» տեղեկատվությունը։ Քոչարյանը պահանջում է, որ Փաշինյանը նաև համապատասխան տեքստ հրապարակի։ Հերքումից բացի ՀՀ 2-րդ նախագահը պահանջում է Փաշինյանից բռնագանձել 6 միլիոն դրամ՝ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում: Հայցը մակագրվել է դատավոր Անի Կարաքեհյանին։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել՝ հայցում առաջարկված տեքստով ու եղանակով։ Քոչարյանը պահանջում է, որ Սիմոնյանը նաև հերքում հրապարակի ֆեյսբուքյան էջում, պահանջում է նրանից բռնագանձել 6 միլիոն դրամ ՝ զրպարտության, և ևս 3 միլիոն դրամ՝ վիրավորանքի համար՝ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում: Այս հայցն էլ մակագրվել է Ազատ Դունամալյանին։