
Թռիչք՝ ՔՊ-ի բնի վրայով

Նիկոլ Փաշինյանի գործունեության վերաբերյալ հասարակության գնահատականները բաժանվում են երկու մեծ խմբի։ ՔՊ-ականներից ու նրանց հետ սերտաճած տարբեր խմբերից բացի, մարդկանց մի մասը համարում է, որ Փաշինյանը պետական դավաճան է, որը, գուցե իր հետ նույնպիսի կարգավիճակում գտնվող մի քանի թիմակիցների հետ՝ նյութապես գայթակղելով և/կամ շանտաժով ենթարկեցրել է ողջ պետական համակարգը՝ այն ծառայեցնելով օտար երկրների շահերին։ Հանրության մյուս հատվածը համարում է, որ Փաշինյանն իրապես հոգեկան առողջության հետ կապված լրջագույն խնդիրներ ունի, որոնք ազդում են նրա գիտակցության, համարժեքության վրա, իսկ պետական կառավարման համակարգն էլ կազմված է պատեհապաշտներից, որոնք, թքած ունենալով ամեն ինչի վրա, վայելում են հանապազօրյա պարգևավճարը։
Այս վարկածների իսկությունը պարզելն առնվազն այս պահին անհնար է։ Դավաճանության կասկածի հաստատման/հերքման համար պետք է անաչառ իրավական քննություն, որն իրականացնողները գտնվում են կասկածյալի տոտալ ենթակայության տակ։
Հոգեկան առողջության հետ կապված խնդիրների վարկածի հաստատումը/ հերքումը ևս անհնարին է․ պացիենտի՝ ինքնակամ բժշկի չներկայանալու դեպքում նրան հետազոտության ենթարկեցնելու լիազորություն ունեցողները նույն իրավապահ մարմիններն են։ Այս պայմաններում իշխանությունը շարունակում է կայացնել որոշումներ, որոնք ունենում են կոնկրետ հետևանքներ, որպես կանոն՝ անդառնալի։
Մինչև 2020թ․ ծովային ելք ու հարուստ բնական ռեսուրսներ չունեցող Հայաստանը խաչմերուկում ծառայություններ մատուցող սպասարկման կենտրոնից տարբերվում էր մի քանի առանցքային գործոններով՝ Արցախն ընդգրկող հայկական կենսատարածք, կայացած Սփյուռք, Սյունիքով անցնող ճանապարհներ, 1700-ամյա պատմություն ունեցող Հայ Առաքելական եկեղեցի…
Արդյունքային գնահատման մեթոդով ակնհայտ է, թե ինչպես է Փաշինյանը հատիկ առ հատիկ զրոյացրել այդ գործոնների զգալի մասը և հիմա զբաղված է մյուսների վերացմամբ․ Արցախն այլևս հայկական չէ, Սփյուռքը՝ Հայաստանի հետ օրգանական կապով այլևս դադարել է գործոն լինել, Սյունիքը վերածվել է աշխարհաքաղաքական առևտրի մանրադրամի։ Այս ցանկում ահա մնացել է միայն Հայ Առաքելական եկեղեցին՝ ոչ միայն որպես կրոնական կառույց, և հիմա Փաշինյանը պատերազմ է հայտարարել եկեղեցու դեմ, ինչը, ողջ ստորությամբ հանդերձ, միանգամայն օրինաչափ է և տեղավորվում է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության մեջ․ նոր կերտվող «իրական Հայաստանում» չի կարող գործել 1700-ամյա պատմություն ունեցող եկեղեցին, Առաքելական եկեղեցուն պետք է փոխարինի «իրական եկեղեցին»։
Հաջողության հասնելու դեպքում Փաշինյանը պատմության մեջ կարող է մնալ տիեզերական աննախադեպությամբ․ նա կդառնա միակը, որի ղեկավարությամբ առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած պետությունը դե ֆակտո հրաժարվել է քրիստոնեությունից։
Փաշինյանական իշխանության յոթ տարիների արդյունքային գնահատումն այսպիսով բավական հեշտացնում է դավաճանության ու հոգեգարության վարկածների հաստատումն ու հերքումը՝ դեռևս առանց իրավական և բժշկական քննության։
Հոգեբուժությունը կարող է փոխել ուղեղի և հոգու մասին մարդկային քաղաքակրթությանը հայտնի իմացաբանությունը, եթե երբևէ հաստատվի, որ պացիենտը՝ ունենալով հոգեկան խնդիրներ, կարողացել է կայացնել տարածաշրջանի միանգամից մի քանի երկրների շահերը ոսկերչական ճշտությամբ բավարարող որոշումներ։
Հոգեգարության վարկածի հաստատումը, սակայն, բեկումնային փոփոխություն կմտցնի նաև հետախուզական գործունեության համաշխարհային պրակտիկայի մեջ։
Այլևս տարբեր հատուկ ծառայությունները կփորձեն հավաքագրել ոչ թե պետական դավաճանների, կոլաբորացիոնիստների, այլ հոգեկան այնպիսի խնդիրներ ունեցողների, որոնք իրենց «գժի տեղ դնելով»՝ կկայացնեն պատվիրատուների շահերից բխող որոշումները՝ առանց դավաճանության մասին պայմանագրի ու պատվերը հաստատող անդորրագրերի։
Հարություն Ավետիսյան