
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ից և Բելառուսից գյուղատնտեսական ապրանքների և պարարտանյութերի նկատմամբ մաքսատուրքերը

ԵՄ խորհուրդը հաստատել է Եվրամիություն ներմուծվող ռուսաստանյան և բելառուսական գյուղատնտեսական ապրանքների և պարարտանյութերի նկատմամբ 15% մաքսատուրքերը։ Դրանք ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ից։ Այս մասին նշված է ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։
«Խորհուրդը հաստատել է որոշումը, որը նոր մաքսատուրքեր է սահմանում Ռուսաստանից և Բելառուսից գյուղատնտեսական մնացած ապրանքների և որոշակի տեսակի պարարտանյութերի նկատմամբ, որոնք առայժմ չէին ենթարկվել սահմանափակումների», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս որոշման նպատակն է նվազեցնել ԵՄ-ի կախվածությունն այդ ներկրումներից, ինչպես նաև նվազեցնել արտահանվող ապրանքներից Ռուսաստանի եկամուտները, հետևաբար, «սահմանափակելով Ուկրաինայի դեմ պատերազմը ֆինանսավորելու հնարավորությունը»։
«Նոր մաքսատուրքերը կվերաբերեն այն ապրանքներին, որոնք կազմել են 2023 թվականին Ռուսաստանից ներկրվող բոլոր գյուղատնտեսական մթերքների մոտավորապես 15%-ը։ Պարարտանյութերի դեպքում նոր մաքսատուրքերը կվերաբերեն ազոտի վրա հիմնված որոշ արտադրանքների», – նշված է հաղորդագրության մեջ: