
Հակաիմպիչմենտ՝ ընդդեմ Հայաստանի․ վերջին «կամ-կամ»-ը

Հայաստանն ապրում է իմպիչմենտի հնարավորության ու ռիսկի պայմաններում։ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից խորհրդարանում հայտարարված իմպիչմենտի՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունն այդ գործընթացի մի մասն է միայն, դրա քաղաքական, սահմանադրական դրսևորումը։ Սակայն օպերատիվ քաղաքականության ռեժիմում գեներացվող իմպիչմենտի այս գործընթացին զուգահեռ՝ երկիրը մխրճվում է վերկուսակցական, վերքաղաքական իմպիչմենտի ճահիճ, որը, ի տարբերություն առաջինի, հարուցվում է իշխանության կողմից, և դրա թիրախը ոչ թե առանձին վերցրած պաշտոնյա է, այլ լայն իմաստով Հայաստանը՝ հայկականության, պետականության հիմքում դրված ինքնության իմաստով։
ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի մեկնարկից հետո Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ կոնտր-իմպիչմենտի նախաձեռնությամբ՝ հայտարարելով Ամենայն Հայոց կաթողիկոսին փոխելու, այսինքն՝ իմպիչմենտի ենթարկելու գործընթացի մասին։
Իրավիճակի առանձնահատկությունն այն է, սակայն, որ ի տարբերություն կառավարության ղեկավարին պաշտոնանկ անելու սահմանադրական ճանապարհի, Փաշինյանի նախաձեռնած հակասահմանադրական իմպիչմենտի թիրախը անձ չէ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը չէ, որքան էլ տեխնոլոգիական իմաստով հակաեկեղեցական արշավի տեսանելի թիրախը հենց նա է։
Խորքային առումով Փաշինյանի սկսած իմպիչմենտը վերաբերում է առաջին հերթին՝ Հայ Առաքելական եկեղեցուն, բայց նաև այդ նույն եկեղեցու անփոխարինելի մասնակցությամբ ձևավորված հայկական քրիստոնեական ինքնությանը, հայկականության գենետիկ կոդին։ Ընդ որում, ասվածը գրեթե կապ չունի հավատի հետ։ Խոսքը տվյալ դեպքում Եկեղեցու ինստիտուցիոնալ նշանակության, պետությունից անջատ գործելու պայմաններում պետականության մեջ նրա ունեցած դերի մասին է։ Իմպիչմենտը, որը բառացի նշանակում է պաշտոնանկություն, իմաստային առումով ծանրակշիռ մեղադրանքի առկայությամբ անվստահություն հայտնելու ակտ է։
Իր այլասերված քաղաքականության հիմքում դնելով Ամենայն Հայոց կաթողիկոսի անձը, իրականում Փաշինյանը շատ ավելի կեղտոտ խնդիր է լուծում. նա փորձում է անվստահություն հայտնել ոչ թե Կաթողիկոսին, այլ Հայ Առաքելական եկեղեցուն՝ որպես հայկականության կարևորագույն ինստիտուտի։ Եվ այդ առումով, նրա ներկայացրած որևէ «մեղադրանք» իրականում ուղղված է հենց եկեղեցուն, ավելի թաքնված իմաստով՝ նաև հավատին, ինչն անուղղակիորեն մեկնաբանվելու է, որ հայ ժողովրդի անցյալի տանջանքների ու ներկայիս աղետների պատճառը եթե ոչ քրիստոնեությունն է, այլ նրա սպասավոր Առաքելական եկեղեցին։
Այսպիսով, սեփական իշխանությանն ուղղված քաղաքական իմպիչմենտին Փաշինյանը պատասխանում է հայկական ինքնությանն ուղղված իմպիչմենտով, որը, իր ողջ նողկանքով հանդերձ, ունի դրական կողմ։ Նա իր դեմ պայքարը քաղաքական, կուսակցական հարթությունից տեղափոխում է ինքնության, հայկականության տիրույթ։ Իսկ դա նշանակում է, որ նվազագույն չափով իրեն հայ համարող հարյուր-հազարավոր քաղաքացիներ, անգամ աթեիստներ, անգամ ՔՊ-ին ընտրածներ, անկախ քաղաքական հայացքներից՝ միանալու են օր առաջ Հայաստանը ՔՊ-ից ու Փաշինյանից ազատելու գործընթացին։
«Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» կարգախոսով իշխանության եկած Փաշինյանը հայ ժողովրդին դրել է՝ «Կամ ես կմնամ վարչապետի պաշտոնում, կամ հայ ժողովուրդը Հայ Առաքելական եկեղեցի չի ունենա» երկընտրանքի առաջ։
Նախօրեին Ամենայն Հայոց կաթողիկոսին դիմավորելու քաղաքացիների ակցիան ցույց տվեց, որ հասարակությունն ընդունել է իշխանության մարտահրավերը և Հայ Առաքելական եկեղեցու կողքին կանգնելու միջոցով՝ պատրաստ է պաշտպանել պետությունն իշխանությունից։
Այս համապատկերում խորհրդարանական իմպիչմենտը դառնում է հնարավորություն՝ Փաշինյանի հայտարարած հակահայկական, հակաազգային իմպիչմենտի իրագործման ռիսկը չեզոքացնելու իմաստով։ Իսկ որևէ հիմնավորմամբ քաղաքական իմպիչմենտին խոչընդոտելը նշանակելու է մաս կազմել Փաշինյանի սկսած վերքաղաքական իմպիչմենտին, որը գրեթե հավասարազոր է նրա ձևավորած հակաօրինական «Համակարգող խորհրդի» անդամ դառնալուն։
Հարություն Ավետիսյան