
Ո՞ւմ է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում վաճառել ՊՆ հաշվեկշռում եղած 40 հա հողատարածքը

Օրերս ցանցային առևտրի «Wildberries» ընկերությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ ցանկանում է Հայաստանում կառուցել ժամանակակից լոգիստիկ կենտրոն (պահեստ)՝ նոր հնարավորություններ ստեղծելով տեղական արտադրողների համար։
Ինչպես նշել է ընկերության միջազգային զարգացման տնօրեն Ռաֆայել Աբրահամյանը, նախագիծը թույլ կտա հայկական ընկերություններին պահեստավորել ապրանքները երկրի ներսում՝ ապահովելով հաճախորդներին ավելի արագ առաքում և կրճատելով լոգիստիկ ծախսերը։
«Բացի այդ, պահեստը կդառնա միջազգային շուկաներ մուտք գործելու հիմնական հանգույց. հայկական ապրանքանիշերը կկարողանան վաճառել իրենց արտադրանքը ինչպես ԵԱՏՄ երկրներում, այնպես էլ դրանից դուրս՝ օգտագործելով «Wildberries»-ի գործիքները և տեղական պահեստավորման հնարավորությունները։
Որտե՞ղ է կառուցվելու պահեստը
168.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ կառավարությունը պատրաստվում է «Wildberries» ընկերությանն ուղղակի վաճառքով տրամադրել Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքում գտնվող 40 հեկտար մակերեսով հողատարածքը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ:
Այն հողատարածքը, որը Կառավարությունը պատրաստվում է վաճառել, ռազմաուսումնական նպատակների համար նախատեսված և անվտանգային արժեք ունեցող կրակադաշտ է և այժմ գտնվում է Պաշտպանության նախարարության (ՊՆ) հաշվեկշռում:
Կառավարությունը Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ պատրաստվում է այն հանել ՊՆ հաշվեկշռից, կրակադաշտից վերափոխել արտադրական նպատակների համար նախատեսված հողատեսքի և ուղղակի վաճառքով փոխանցել «Wildberries»-ին:
Փաստորեն, իշխանությունը, որը շինծու մեղադրանքով քրեական հետապնդման է ենթարկում Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին այն բանի համար, որ նա զորամաս է վաճառել, պատրաստվում է ռազմական և անվտանգային նպատակներով հատուկ նախատեսված, աննախադեպ մեծ տարածքով՝ ավելի քան 40 հա, կրակադաշտը ծախել ինչ-որ պահեստ կառուցելու համար:
Ի դեպ, սրա մասին է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ հարուցված հերթական անբովանդակ քրեական վարույթը, որը, ինչպես երեկ նրա պաշտպան Ամրամ Մակինյանը նշեց, հարուցվել է սոսկ նախագահին դատարան տանել-բերելու համար: Այս գործը պայմանականորեն անվանում են «Իսակովի հողերի» գործ, որի վերաբերյալ Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել ճիշտ այնպես, ինչպես չի ընդունել նույնքան շինծու «Դիզելի գործով» մեղադրանքը, որով, ի վերջո, արդարացվեց:
Սեյրան Օհանյանն ու Սերժ Սարգսյանն ամենևին միակ անձինք չենք, ովքեր ՔՊ-ական իշխանության օրոք անցնում են տարբեր նպատակներով անհամեմատ փոքր մակերեսով հողատարածքներ օտարելու գործերով: Բոլոր նախկին պաշտոնյաները, ովքեր նման իրավասություն ունեցել են, բայց չեն հպատակվել Նիկոլ Փաշինյանին ու չեն ծառայել նրան, անցնում են նմանատիպ գործերով: Այսինքն՝ նրանց չէր կարելի օրինական հիմքերով հողատարածք օտարել, բայց Նիկոլ Փաշինյանին կարելի է ՊՆ-ից 40 հա հող վերցնել ու ծախել ցանցային առևտրով զբաղվող ընկերությանը: