Բաժիններ՝

Թրամփն ու նրա ամբողջ վարչակազմը բացառիկ խոցելի են խարդախների համար․ Axios

Տեղեկություններ կան, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերցնում է լսափողը, երբ զանգում է իր բջջային հեռախոսը, նույնիսկ եթե չգիտի, թե ով է զանգում։ Նրա թիմի բարձրաստիճան անդամները նույնպես սիրում են շփվել իրենց անձնական սարքերով։ Սա վարչակազմը դարձնում է բացառիկ խոցելի այնպիսի խարդախ գործողությունների համար, ինչպիսիք են կեղծ զանգերը և ուրիշի անվան տակ ներկայանալու փորձերը, գրում է Axios պարբերականը։

Ըստ լրատվամիջոցի, եթե Թրամփը պատրաստ է պատասխանել անծանոթ զանգերին, ինչպես այս շաբաթ հայտնել էր The Atlantic-ը, ապա ոչ մի երաշխիք չկա, որ նախագահի հետ չի կարողանա զրուցել խարդախը, նմանակողը կամ նույնիսկ օտարերկրյա հետախուզության աշխատակիցը։

Ոչ մի ապացույց չկա, որ դա իրականում տեղի է ունեցել։ Սակայն Թրամփի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասին վերջին հաղորդումները ստիպել են մտածել նրանց հաղորդակցության անվտանգության մասին։

Դաշնային իշխանությունները հետաքննում են մի սխեմա, որի շրջանակում ինչ-որ մեկը կեղծել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսի հեռախոսահամարը, որպեսզի նրա անունից ներկայանա՝ զանգահարելով սենատորներին, նահանգապետերին և ընկերությունների ղեկավարներին, հայտնում է The Wall Street Journal-ը։

Միևնույն ժամանակ, ըստ Bloomberg գործակալության, «չինացի հաքերները ներթափանցել են ԱՄՆ հեռահաղորդակցական ցանցեր դեռևս 2023 թվականի ամռանը՝ մեկ տարի ավելի շուտ, քան նախկինում հաղորդվում էր»։

Ինչպես նշել է NYT-ը, այդ հասանելիությունն օգտագործվել է «Չինաստանի սատարած Salt Typhoon խմբի» կողմից՝ Թրամփին, փոխնախագահ Վենսին և այլ պաշտոնյաներին լրտեսելու համար։

Այնուհետև հետևել է ազդանշանների հետ կապված սկանդալների մի շարք, որոնց մասնակցել են ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայք Ուոլթցը, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և այլք։

«Համաշխարհային առաջնորդների խոսակցությունների գաղտնալսումը նորություն չէ, բայց դա շատ ավելի հեշտ է, եթե տվյալ առաջնորդն օգտվում է անձնական հեռախոսից և խուսափում է կիբերանվտանգության ստանդարտ մեթոդներից», – գրում է Axios-ը։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ 2017 թվականին Թրամփն ունեցել է երկու հեռախոս՝ մեկը՝ Սպիտակ տան կողմից տրված և նախատեսված միայն հեռախոսազանգեր կատարելու համար, և մեկ էլ՝ ավելի քիչ պաշտպանված հեռախոս՝ նախատեսված միայն սոցիալական ցանցերի համար։ Այն ժամանակ նրան խստորեն խորհուրդ էին տվել փոխել իր հեռախոսը առնվազն ամիսը մեկ անգամ։ Politico-ն հայտնել է, որ փոխարենը նա ամիսներ շարունակ անցկացրել է առանց անվտանգության ստուգումների։

Axios-ը պնդում է, որ իշխանության վերադառնալուց հետո Թրամփի վարչակազմն անտեսել է անվտանգության հիմնական նորմերը, այդ թվում՝ մեծապես հենվել է Signal-ի և անձնական համարների վրա, կրճատել է կիբերանվտանգության վերաբերյալ գործող դաշնային ուղեցույցը։

News.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս