Իրանի հետախուզությունը հայտարարել է, որ Իսրայելի միջուկային գործունեության մասին գաղտնի փաստաթղթեր է ձեռքբերել

Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը կիրակի օրը հաստատել է, որ իր ուժերը ձեռք են բերել Իսրայելի միջուկային գործունեության վերաբերյալ ռազմավարական փաստաթղթեր և տվյալներ՝ հայտարարելով, որ այդ փաստաթղթերը շուտով կհրապարակվեն։

IRIB-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է կիրակի օրը, Խաթիբն ասել է, որ Իրանի հետախուզության նախարարության մշակած «լայնածավալ, բազմամակարդակ և բարդ գործողության» արդյունքում ձեռք են բերվել սիոնիստական ռեժիմի վերաբերյալ ռազմավարական փաստաթղթեր և տեղեկություններ։

Ըստ նրա, գործողությունը ներառել է ներթափանցում, աղբյուրների ներգրավում, աղբյուրներին հասանելիության ստացում և հասանելիության ընդլայնում, ինչի արդյունքում ձեռք են բերվել գաղտնի փաստաթղթեր։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այդ փաստաթղթերը որևէ այլ, ոչ միջուկային տվյալներ են պարունակում, հետախուզության նախարարն ասել է․ «Դրանք ներառում են նաև ԱՄՆ-ի, Եվրոպայի և այլ երկրների հետ հարաբերությունների, ինչպես նաև հետախուզական փաստաթղթերի վերաբերյալ այլ փաստաթղթեր, որոնք կարող էին բարձրացնել երկրի (Իրանի) հարձակողական հզորությունը»։

Նա բացատրել է, որ փաստաթղթերը Իրան փոխանցելու եղանակը նույնքան կարևոր է, որքան հենց փաստաթղթերը։

«Մենք գաղտնի կպահենք փոխանցման մեթոդները և այդ փաստաթղթերը։ Թեև (գործողության մասին) հայտարարելու համար որոշ ժամանակ պահանջվեց, որպեսզի փաստաթղթերն անվնաս երկիր հասնեն, փոխանցման մեթոդները, բնականաբար, գաղտնի կպահվեն և շուտով չեն հրապարակվի։ Սակայն փաստաթղթերը շուտով կհրապարակվեն», – հայտարարել է հետախուզության նախարարը։

IRIB լրատվական գործակալությունը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, շաբաթ օրը հայտնել է, որ իրանական հետախուզությունը ստացել է զգալի ծավալի տվյալներ, ինչպես նաև սիոնիստական ռեժիմի ռազմավարական և գաղտնի փաստաթղթեր, այդ թվում՝ հազարավոր փաստաթղթեր նրա միջուկային ծրագրերի և օբյեկտների վերաբերյալ։ IRIB լրատվական գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է նաև, որ Իրանին փոխանցված փաստաթղթերի քանակն այնքան մեծ է, որ դրանց բոլորի, այդ թվում՝ պատկերների և տեսանյութերի ուսումնասիրությունը զգալի ժամանակ է պահանջում, հաղորդում է Tasnim-ը։

Տեսանյութեր

Լրահոս