Հասարակությանը «կրթողները» դարձել են հայհոյանքի և լպիրշության առաջամարտիկները. Արմեն Խաչիկյան

«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանն այն կարծիքին է, որ գործող իշխանությունների արշավը Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ պայմանավորված է մի քանի գործոնով:

«Երբ քաղաքական իշխանության և քաղաքական ինստիտուտների վարկանիշն ու հեղինակությունը գնալով անկում է ապրում, այդ ֆոնին քաղաքական ինստիտուտների ղեկավարները, տվյալ պարագայում՝ գործող վարչապետը, հասկանում է, որ պետք է էականորեն հեղինակազրկել նաև մյուս ինստիտուտները: Որպեսզի, օրինակ՝ քաղաքական իշխանության ցածր հեղինակությունն ինչ-որ ձևով պարզաջրվի, նրանք նախընտրում են մյուս հեղինակավոր ինստիտուտներին առավելագույնս նվաստացնել, ստորացնել, հեղինակազրկել, որպեսզի իրենց ցածր հեղինակությունը մյուսների ֆոնին շատ ավելի մեղմ երևա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Ըստ նրա՝ հասարակությունը չպետք է զարմանա նման հարձակումներից. «Չզարմանաք, որ հերթական պատերազմի մասնակցած մի գեներալ կամ գնդապետ որևէ սկանդալի մեջ հայտնվի, կամ որևէ այլ ինստիտուտ, որն ունի հեղինակություն, մի օր կանգնեն և ասեն՝ այ, նրանք ինչ-որ մեկի հետ են քնում, ու դա դառնա առօրյա քննարկման թեմա: Միևնույն ժամանակ, ասեմ, որ այս ամենը հասարակությանը տարբեր այլ հարցերից շեղելու միջոց է, որի մասին շատ է խոսվում: Սեռական թեմաները, սկանդալները, բռնությունը, դժբախտ պատահարները հասարակության մեջ ամենահետաքրքրող թեմաներից են, և այս տեսանկյունից ևս ընտրում են թեմա, որի խայծը հասարակությունն ավելի շուտ կուլ կտա և այդ թեմայի մեջ կփորձի հետաքրքրություն փնտրել: Մի ուրիշ կարևոր գործոն է այն, որ Դոկ մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը, երկար ժամանակ է՝ հանրությանն իր տեսանյութերով չի երևում, այլ այն զգալի շերտը, որ սովոր էր լսել հայհոյանքներ, ինչ-որ մեկի տուն կամ անկողին մտնել և տեսնել, թե ով կա այնտեղ, Փաշինյանը փորձում է նույն բանն անել՝ այդ լսարանին ևս իր շուրջը հավաքելու նպատակով: Մյուս կարևոր գործոնն այն է, որ երբեմն կապ չունի՝ դու ինչ ես ասում, կարևորը՝ լինես օրվա թոփ թեման, լինես օրակարգը և դու սահմանես այդ օրակարգը: Փաշինյանը փորձում է օրակարգ ձևավորել»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով իրենց կատարած վերջին հասարակական կարծիքի հետազոտություններին՝ նա նշեց, որ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը դեմ է սոցիոլոգիական հարցմանը մասնակցածների շուրջ 64 տոկոսը, իսկ ներքին քաղաքականությանը՝ 74 տոկոսը:

«Սա այս տարվա փետրվարին արված հետազոտության արդյունքն է, իսկ մինչ այդ 50 տոկոսի շրջանակում էր պատկերը, ինչը նշանակում է, որ զգալիորեն աճել են հակաիշխանական տրամադրությունները: Հասարակության մեջ զգալի փոփոխություններ են լինում, բայց սա չի նշանակում, որ որևէ ընդդիմադիր ուժի կամ գործչի հեղինակություն է աճում սրա հաշվին: Եթե նայենք Հայաստանում ընդհանուր կառույցներից գոհունակությանը, կտեսնենք, որ համեմատության մեջ ամենաբարձր վարկանիշ ունեցողը Զինված ուժերն ու Հայ Առաքելական եկեղեցին են: Բարձր կամ միջին գոհունակություն ունեն Զինված ուժերից մոտ 83 տոկոսը, իսկ Հայ Առաքելական եկեղեցուց՝ 73 տոկոսը: Տարիներ շարունակ այս պատկերն է եղել. կան հետազոտություններ 2009-ից սկսած, և միշտ բանակն ու եկեղեցին բարձր վստահություն ունեցող ինստիտուտներ են եղել»,- ասել է նա:

Ըստ հետազոտության՝ հարցվածների մեծ մասը ոչ միայն քաղաքականությունից է զզվում, այլև քաղաքականության մեջ ներգրավված մարդկանց շատ նեգատիվ է վերաբերվում. «Հատկապես երիտասարդների շրջանում շատ մեծ է տոկոսը, որ չեն ցանկանում ո՛չ սպառել քաղաքական տեղեկատվություն, ո՛չ որևէ մեկի նկատմամբ վստահություն ունեն, ո՛չ էլ ցանկություն ունեն ապագայում քաղաքական որևէ գործընթացի մասնակցել, ինչը նշանակում է, որ մենք մեր ապագան էականորեն վտանգում ենք»:

Ինչ վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ վերաբերմունքին, նա մեջբերեց մեկ այլ հետազոտությունից տվյալներ, ըստ որի՝ դժգոհ վերաբերմունք ունի երիտասարդների շուրջ 11 տոկոսը, մինչդեռ 55+ տարիքի մարդկանց շուրջ 40 տոկոսն է դժգոհ եկեղեցուց. «Դա նշանակում է, որ տարիքով մեծերի վրա այդ հետսովետական աթեիստական ազդեցությունն է կամ էլ մեդիագրագիտության ցածր մակարդակը, եկեղեցականների և հոգևորականների նկատմամբ եկող քարոզչությունը: Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ իրեն համարել է հարցվածների 79 տոկոսը, իհարկե, Վիճակագրական կոմիտեի տվյալներով դա 95 տոկոս է: Նույն կրոն դավանող մարդկանց շրջանակում փորձել Առաքելական եկեղեցուն հարվածել և վատաբանել, անհույս գործ է: Շատ սխալ հաշվարկ է եկեղեցու վրա հարձակվելու որոշումը»:

Արմեն Խաչիկյանի խոսքով՝ իշխանությունները դրսևորում են մեղվի բույնը քանդողների վարքագիծ, որպեսզի շատ աղմուկ և աժիոտաժ լինի. «Չգիտեմ՝ դրանից ինչ հաճույք են ստանում, բայց դա նաև որոշակիորեն պլանավորված է, որովհետև աժիոտաժ է անհրաժեշտ: Մեր ազգային ինքնության մեջ հայհոյանքի ինստիտուտ չի եղել: Մեզ մոտ հայհոյանքը՝ որպես առօրյա խոսակցական մաս, չի եղել, ավելին՝ հայերենում հայհոյանքը շատ սահմանափակ է: Մեզ մոտ դա ընդունված չէ: Դա թվացյալ լիբերալության մի նոր դոզա է, որը բերելու է նրան, որ այն, ինչ Դոկը հայհոյում է եթերով, նույն բանը տեսնելու ենք մեր բակերում՝ ինչպես են տաղավարում նստած բարձրաձայն հայհոյում, մենք էլ առանց որևէ արձագանքի՝ քայլելու ենք. ակնկալիքը դա է: Հայհոյանքն անընդունելի է: Դա նշանակում է, որ հասարակության մեջ թշնամական տրամադրությունները շատ բարձր են, թշնամանքը, բևեռացումը, փոխադարձ անընդունելիությունը շատ բարձր մակարդակի վրա են: Սա շատ վտանգավոր հետևանքներ է ունենալու, որովհետև մենք դառնում ենք իրար չհանդուրժող, չզիջող հասարակություն, լավն ու վատն իրարից չզատող, հեղինակություններ չճանաչող, այսպես ո՞ւր ենք գնալու»:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ Եվրոպայում ուլտրալիբերալիզմը նահանջում է, այնտեղ իշխանության են գալիս հիմնականում պահպանողականները, բայց մեզ նման երկրներում այն ծաղկման փուլում է, նա պատասխանեց. «Դա չտեսության հետևանք է, որովհետև մեր հասարակությունը չտեսություն և չափազանցված պատկերացում ունի ազատականության վերաբերյալ: Ազատականացում չի նշանակում՝ լպիրշություն և լկտիություն: Ազատ լինել չի նշանակում՝ լինել լկտի: Մեր հասարակության որոշ ներկայացուցիչներ այդ ազատականության միջից գտնում են ամենավատ բաները և ասում են՝ եկեք՝ մենք էլ անենք: Երբ մենք հիմա քննադատում ենք գործող վարչապետին, ինչո՞ւ պետք է հայհոյենք: Մարդիկ խոսքի ազատությունը փոխում են հայհոյանքի, լկտիության, լպիրշության: Հասարակությանը «կրթողներն» էլ դարձել են դրա ջատագովն ու առաջամարտիկը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս