
Ռուսաստանյան պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ՝ բանակցությունների. ТАСС

Ռուսաստանի պատվիրակությունը մեկնել է Ուկրաինայի հետ բանակցությունների, որոնք պետք է տեղի ունենան հունիսի 2-ին Ստամբուլում, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով աղբյուրին։
«Բանակցային թիմը մեկնել է Ստամբուլ»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած ռուսաստանյան պատվիրակությունը պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինային ներկայացնել հուշագիր՝ ճգնաժամի արմատական պատճառների հաղթահարման բոլոր ասպեկտների վերաբերյալ։
Ուկրաինայի պաշտպանության նախարար, բանակցություններում պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ Կիևը «դեմ չէ» ռուսաստանյան կողմի հետ հանդիպմանը, սակայն մինչ դրա մեկնարկը Մոսկվայից հուշագիր է սպասում։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այս պահանջը ոչ կառուցողական է անվանել։
Նա ընդգծել է, որ այժմ գլխավորը ուղիղ բանակցությունների գործընթացը շարունակելն է։
Բանակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել մայիսի 16-ին և ավարտվել է «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով գերիների փոխանակման պայմանավորվածություններով և հնարավոր ապագա հրադադարի տեսլականի ներկայացմամբ։