
Իսրայելը հայտարարել է, որ համաձայն է ԱՄՆ առաջարկած հրադադարի ծրագրին, մինչդեռ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է

Իսրայելը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրաժարվել Է Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկից, մինչդեռ իսրայելական կողմը համաձայն է այդ ծրագրին:
Ինչպես փոխանցում է The Jerusalem Post-ը, նման հայտարարություն է տարածել երկրի վարչապետի գրասենյակը:
«Իսրայելն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆի նորացված ծրագիրը, որն ուղղված է մեր պատանդների ազատ արձակմանը, սակայն ՀԱՄԱՍ-ը նախկինի պես հավատարիմ է մերժման իր դիրքորոշմանը։ Ինչպես նշել Է Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը, ՀԱՄԱՍ-ի պատասխանն անընդունելի է և գործընթացը հետ է մղում», – ասված է գրասենյակի հայտարարության մեջ, ըստ որի՝ Իսրայելը կշարունակի բոլոր ջանքերը գործադրել իր պատանդներին վերադարձնելու և ՀԱՄԱՍ-ի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու համար:
Ավելի վաղ շարժումը միջնորդներին էր փոխանցել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ Ուիթկոֆի առաջարկին իր պատասխանը:
Ինչպես նշված է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ, ապագա համաձայնագրի շրջանակներում շարժումը պատրաստ է ազատ արձակել 10 իսրայելացի պատանդների և հանձնել 18 զոհվածների մարմինները ՝ պաղեստինցի բանտարկյալների համաձայնեցված թվի Իսրայելի բանտերից դուրս գալու դիմաց:
ՀԱՄԱՍ-ը նաև պահանջել է մշտական հիմունքներով դադարեցնել կրակը Գազայում և դուրս բերել իսրայելական զորքերն ու ապահովել այնտեղ մարդասիրական օգնության մատակարարումը: