
Ումերովի գլխավորած ուկրաինական պատվիրակությունը երկուշաբթի կմեկնի Ստամբուլ՝ բանակցությունների. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի գլխավորությամբ, Ռուսաստանի հետ բանակցությունների համար կմեկնի Ստամբուլ, հայտնում է «Европейская правда»-ն։
Զելենսկին կիրակի օրը խորհրդակցություն է անցկացրել ԱԳՆ-ի, Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի, Անվտանգության ծառայության և հետախուզության ղեկավարության հետ և «որոշել է նաև դիրքորոշումները Ստամբուլում երկուշաբթի օրը կայանալիք հանդիպումից առաջ»։
«Առաջինը՝ կրակի լիակատար և անվերապահ դադարեցում։ Երկրորդը՝ գերիների ազատ արձակում։ Երրորդը՝ առևանգված երեխաների վերադարձ։ Եվ, որպեսզի հաստատվի հուսալի ու տևական խաղաղություն և երաշխավորվի անվտանգությունը,՝ նախապատրաստել բարձր մակարդակի հանդիպում»,- թվարկել է Զելենսկին։
Նա հավելել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը երկուշաբթի օրը կգլխավորի Ռուստեմ Ումերովը։
Ավելի վաղ Ռուսաստանը ցանկություն էր հայտնել երկուշաբթի՝ հունիսի 2-ին, Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլ անցկացնել, որտեղ կներկայացնի հրադադարի և պատերազմի ավարտի վերաբերյալ իր առաջարկները։