Թուրքիան շարունակելու է աջակցել Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Չինաստանում Մետաքսի ճանապարհ 9-րդ միջազգային ցուցահանդեսի և Չինաստանի Արևելքի և Արևմուտքի առևտրի և ներդրումային համագործակցության ֆորումի բացման արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ուրալօղլուն ընդգծել է, որ Թուրքիան Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի խաչմերուկում գտնվելու ռազմավարական դիրքի շնորհի գլոբալ մակարդակով մատչելի, կայուն և մուլտիմոդալ տրանսպորտային ենթակառուցվածք է առաջարկում։ Նաև հավելել է, որ Թուրքիան առաջնորդող դեր է կատարում «Միջին միջանցք» անունով հայտնի Տրանս-Կասպյան միջազգային փոխադրումների երթուղին զարգացնելու խոշորածավալ նախագծերում։

Նախարարը նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու, ժամանակակից նավահանգիստների, լոգիստիկ կենտրոնների և մաքսային գործընթացներում թվայնացման շնորհիվ Թուրքիան Չինաստանի և Եվրոպայի միջև բեռնափոխադրումների համար արագ, հուսալի և կանխատեսելի երթուղի է ապահովում։

Ըստ այդմ՝ նա շեշտել է. «Թուրքիայի՝ Կասպիցով անցնող Միջին միջանցքի նախաձեռնությունը, որը նպատակ ունի վերակենդանացնել Մետաքսի ճանապարհը, բնական սիներգիա է ստեղծում Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ, որի նպատակն Արևելքի և Արևմուտքի միջև փոխկապակցվածության զարգացումն է։ Այս շրջանակում մեր երկիրը շարունակելու է աջակցել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը՝ վին-վին (հաղթանակ-հաղթանակ) սկզբունքի հիման վրա»։

Ուրալօղլուն հիշեցրել է, որ այս համագործակցության նպատակի շրջանակում Թուրքիան և Չինաստանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու և 21-րդ դարի ծովային մետաքսի ճանապարհի» ու «Միջին միջանցքի» նախաձեռնությունների համադրման վերաբերյալ։

Ամփոփելով ելույթը՝ նա ընդգծել է, որ այս համադրման ուղղությամբ ձեռնարկված քայլերից է Չինաստան-Եվրոպա երկաթուղային ճեպընթաց երթուղու գործարկումը, որը Ասիայի և Եվրոպայի միջև ստեղծված լոգիստիկ կամուրջների ամենից ակնառու և հաջողված օրինակներից է։

Տեսանյութեր

Լրահոս