
Ինչ է քննարկվել Լյուքսեմբուրգում, և ինչ է գրված Վրաստանի մասին 2025-ի զեկույցում

«Վրացական երազանք»-ի կառավարության արտաքին գործերի (ԱԳ) նախարար Մակա Բոճորիշվիլին օգտագործեց Եվրոպայի խորհրդի ձևաչափը՝ արևմտյան գործընկերների կիրառած «երկակի ստանդարտները» քննարկելու համար։ Եվրոպայի խորհրդի ղեկավարները մատնանշեցին ժողովրդավարության անկումը և Թբիլիսիի առջև ծառացած կոնկրետ մարտահրավերները։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
46 երկրների նախարարներ մայիսի 14-ին հավաքվել էին Լյուքսեմբուրգում՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հաջորդ տարեկան նստաշրջանին մասնակցելու համար։
134-րդ նստաշրջանի գլխավոր հարցը Ուկրաինան էր. հաստատվեց ռուսական հանցագործությունների դեմ հատուկ դատարան ստեղծելու ծրագիրը, որին մինչ այդ` մայիսի 9-ին, համաձայնել էին եվրոպացի նախարարները Կիևում։
Նստաշրջանի ընթացքում հրապարակվեց նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի «Եվրոպայի համար նոր ժողովրդավարական պակտի ուղղությամբ» առաջին զեկույցը, որում Բերսեն քննադատում է Վրաստանում բողոքի ցույցերն արգելող օրենքները, ցուցարարների նկատմամբ բռնությունը, դիմակավորված անձանց անպատժելիությունը և փոքրամասնությունների իրավունքների խախտումները:
Ինչ է քննարկվել Լյուքսեմբուրգում. ինչ է գրված Վրաստանի մասին 2025 թվականի զեկույցում
Բացի հիմնական հարցից՝ Ուկրաինային աջակցության և օգնության ծրագրից, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն քննարկվելիք հարցերի ցանկում ներառել է.
- Եվրոպայի խորհրդի դերը որպես ժողովրդավարական անվտանգության երաշխավոր նոր աշխարհաքաղաքական համատեքստում։
- Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի 2025 թվականի զեկույցը (արտացոլում է 2024 թվականի իրավիճակը), որը ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները սահմանում է որպես եվրոպական անվտանգության անկյունաքարեր։
- Եվրոպայի խորհրդի և Եվրոպական Միության միջև համագործակցությունը։
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն այն սակավաթիվ եվրոպացի առաջնորդներից է, որ, չնայած Թբիլիսիի և Արևմուտքի միջև լարված հարաբերություններին, հանդիպումներ է ունեցել «Վրացական երազանք»-ի առաջնորդների հետ։ Նրա այցը Թբիլիսի աղմկոտ էր «գործակալների օրենք»-ի հետ կապված նախաձեռնության պատճառով։
Գլխավոր քարտուղարի պաշտոնում Բերսեի առաջին տարեկան զեկույցում Վրաստանը մի քանի անգամ է հիշատակվում: «Եվրոպայի համար նոր ժողովրդավարական պակտի ուղղությամբ» վերնագրով 2025 թվականի զեկույցը և գործողությունների ծրագիրը Ալեն Բերսեն ներկայացրել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մայիսի 14-ի նիստին։
- Հաշվետվության մեջ նաև հիշատակվում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի Թբիլիսի կատարած այցը, երբ նա «կոչ արեց (Վրաստանի) իշխանություններին զերծ մնալ ուժի անհամաչափ կիրառումից և հարգել հիմնարար ազատությունները, մասնավորապես՝ խոսքի և հավաքների ազատությունը»։
- Նաև նշվում է, որ «2024 թվականի դեկտեմբերին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի (կոմիտեի) համազեկուցողները մտահոգություն են հայտնել խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնության վերաբերյալ»։
- «Վրաստանում իրավիճակը զգալիորեն վատթարացավ 2024 թվականին, երբ «Լրագրողների անվտանգության հարթակ»-ում (Safety of Journalists Platform) ահազանգերի թիվը եռապատկվեց, ինչը, մասնավորապես, արտացոլում էր ցույցերը լուսաբանելիս լրագրողների նկատմամբ հարձակումների և սպառնալիքների թվի աճը»:
- Զեկույցում նաև ներառված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի գնահատականը, որում նշվում էին «ցուցարարների դեմ անհամաչափ ուժի կիրառումը և իրավապահ մարմինների ու դիմակավորված անձանց պատասխանատվության բացակայությունը»։ Զեկույցի այս բաժնում նաև նշվում է եվրոպական հանձնակատարի կոչը՝ պարզելու գործընթացում ներգրավված իրավապահ մարմինների աշխատակիցների ինքնությունը՝ նրանց հաշվետվողականությունը բարձրացնելու համար։
Ի դեպ, ո՛չ անցյալ տարի, ո՛չ այս տարի Վրաստանում ոչ մի ոստիկան չի պատժվել լրագրողների կամ ցուցարարների նկատմամբ բռնության համար, մինչդեռ բողոքի ակցիայի տասնյակ մասնակիցներ շարունակում են մնալ բանտում։
Վրաստանի վերաբերյալ զեկույցի տեքստում նաև նշվում է, որ «այսպես կոչված՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքը և խաղաղ բողոքի ցույցերն արգելող օրենսդրությունը շարունակում են սպառնալ խոսքի ազատությանը»։ 2024 թվականի իրադարձությունների մասին զեկույցում հիշատակված էր միայն անցյալ տարի ընդունված «գործակալների օրենք»-ը, որը հանրությունն անվանեց «ռուսական օրենք»։
«Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի հաստատմանը, որը «Վրացական երազանք»-ն անվանում է ամերիկյան FARA-ի ճշգրիտ պատճենը, միջազգային հանրությունը բուռն արձագանքեց։
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի զեկույցում նաև ընդգծվում են փոքրամասնությունների իրավունքների սահմանափակումն ու հոմոֆոբիայի խթանումը, և ընդգծվում է դատախազության անկախությունն ապահովելու անհրաժեշտությունը՝ որպես «իրավունքի գերակայության հիմնարար տարր»։
Բերսեն իր զեկույցում նշում է, որ միայն ժողովրդավարության ամրապնդումը կարող է ապահովել եվրոպական անվտանգությունը, և ոչ մի ռազմական ուժ չի կարող փոխարինել դրան։
Ժողովրդավարությունը, ինչպես բացատրվում է տեքստում, հիմնված է արդար ընտրությունների, անկախ դատական համակարգի, ազատ լրատվամիջոցների, կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմների, գենդերային հավասարության և սոցիալական արդարադատության վրա։
Նախարարական հանդիպման շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում Բերսեն, Euroskop-ի հարցին ի պատասխան, ասել է, որ Վրաստանում իրադարձությունները զարգանում են սխալ ուղղությամբ, որ այժմ «իրավիճակը բավականին բարդ է և բավականին մտահոգիչ», և որ անհրաժեշտ են երկխոսություն և աշխատանք, քանի որ Վրաստանը Եվրոպայի խորհրդի անդամ պետություն է և պարտավորություններ ունի, իսկ վրաց ժողովուրդը ցանկանում է եվրոպական ապագա։