«Փաշինյանն այնպիսի ուրախ տրամադրությամբ էր Ալիևին ասում՝ գնանք, կոֆե խմենք, կարծես հորեղբոր տղային էր գտել 2-րդ համաշխարհային պատերազմից հետո». Հովսեփյան

Ադրբեջանը շարունակում է գիշերները կրակել Սյունիքի մարզի ուղղությամբ, սակայն ոչ նախկին ինտենսիվությամբ։ Նախկինի նման չէ՝ նախկինում իսկականից «համը» հանում էին։ Այս մասին 168.am հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ չի կարող ասել՝ ինչու է Ադրբեջանը մարտավարությունը փոխել, սակայն եթե գիշերները քիչ է կրակում, սա չի նշանակում, որ այլևս վտանգ չկա։

«Իրավիճակն այս պահին նորմալ է, բայց չգիտենք, թե վաղն ինչ կլինի։ Բայց ադրբեջանական կողմից տեղաշարժեր չկան։

Այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը բարձր տրամադրությամբ հանդիպում է Ալիևի հետ, իր փոխարեն՝ ես գետինը մտա։

Կարդացեք նաև

Երբ մեր ռազմագերիները գտնվում են Բաքվի բանտերում, նրանց խոշտանգում են, նույնիսկ Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տալիս Աստվածաշունչը կարդա, բայց ինքն Ալիևին գնացել ու հրավիրում է սուրճի։ Ամոթ է, մեր գերիներով ու ռազմագերիներով զբաղվելու փոխարեն, Ալիևին ասում է՝ գնանք, կոֆե խմենք։ Այնպիսի ուրախ տրամադրությամբ էր այդ ամենն անում, կարծես թե ի դեմս Ալիևի՝ հորեղբոր տղային էր գտել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»,- նշեց Արգամ Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ ուղղակի անմտություն կլինի ասել, թե Փաշինյանն Ալիևի հետ զրույցի ընթացքում նաև բարձրացրել է կրակոցների կամ գերիների հարցը։ Միշտ էլ հանդիպում է Էրդողանի, Ալիևի հետ, ո՞ր հանդիպումների ժամանակ է այս հարցերը բարձրացրել, որ հիմա էլ բարձրացներ։

«Ավելին՝ այդ հանդիպումներից հետո որևէ փոփոխություն չի եղել, մի բան էլ դեռ լարվածությունը դրանից հետո ավելացել է»,- շեշտեց Արգամ Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ արդեն 2 ամիս է՝ Ադրբեջանը կրակում է Սյունիքի մարզի ուղղությամբ՝ Խնածախ ու Խոզնավար գյուղերը հաճախակի թիրախավորելով։

Հիշեցնենք նաև, որ մայիսի 16-ին Ալբանիայում Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը շփում են ունեցել,  ոտքի վրա զրույցի ընթացքում նրանց մոտեցել է նաև Էրդողանը։

Տեսանյութեր

Լրահոս