Փաշինյանին առանց Քարվաճառը և Քաշաթաղը հանձնելու փաստաթուղթ առաջարկվե՞լ է. Ալիևի խոստովանությամբ՝ ՀՀ նախկին ղեկավարները հրաժարվել էին
2 տարի առաջ նոյեմբերի 29-ին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում մի փաստաթուղթ էր հրապարակել՝ նշելով, որ այն 2020-ի պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանին՝ պատերազմական գործողությունները դադարեցնելու համար առաջարկված փաստաթղթի աշխատանքային տարբերակի օրիգինալն էր, ինչը Փաշինյանը մերժել էր։
Հրապարակված այս աշխատանքային փաստաթղթում ոչ մի խոսք չկար Քաշաթաղի (Լաչինի) և Քարվաճառի (Քելբաջարի) շրջանների հանձնման մասին, ինչպես նաև՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարության մասին, ինչն արդեն ամրագրված է 2020-ի նոյեմբերի 10-ին ստորագրված Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարության մեջ:
Մյուս կողմից, Միքայել Մինասյանի հրապարակված փաստաթղթում նշված էր Շուշիի հանձնման մասին՝ մինչև նոյեմբերի 10-ը, ինչպես նաև Աղդամի՝ մինչև նոյեմբերի 5-ը:
Նույն օրը Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որտեղ, ըստ էության, չէր անդրադարձել Վատիկանում ՀՀ նախկին դեսպանի հրապարակած փաստաթղթին, փոխարենը պատմել էր Արցախի և ՌԴ նախագահների հետ իր ունեցած հեռախոսազրույցների մասին:
«Հոկտեմբերի 19-ին ինձ զանգահարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և ասաց, որ պետք է կանգնեցնել պատերազմը: Ասաց նաև, որ այս տեսակետը փոխանցում է ոչ միայն իր, այլև ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, նաև Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի անունից:
Ես զանգահարեցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, և նա ասաց, որ կարծում է դա պետք է փորձել անել ռուսական առաջարկների տրամաբանությամբ: Այսինքն՝ կարգավիճակի հարցի հետաձգում, շրջանների հանձնում, ռուս խաղաղապահների տեղակայում: Ասացի՝ խաղաղապահները պետք է տեղակայվեն նախկին ԼՂԻՄ սահմանի երկայնքով և Լաչինի միջանցքով: Ինքը համաձայնեց և պայմանավորվեցինք, որ քննարկումներից հետո կրկին կզանգեմ:
Զանգահարեցի Արցախի նախագահին և ասացի, որ հնարավոր տարբերակը վերը նկարագրվածն է: Ասաց, համաձայն է: Դրանից հետո հրավիրեցի արտախորհրդարանական ուժերին և տեղեկացրի, որ այսպիսի որոշում եմ կայացրել: Նրանցից շատերի արձագանքը դժկամ էր, ոմանք նիստից հետո սոցիալական ցանցերում գրում էին, որ նրանք, ովքեր ժողովրդին ետ կպահեն հետագա պայքարից, դավաճան են և այլն:
Նույն օրը ԱԽ նիստ հրավիրեցի՝ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ներկա էր նաև Հանրապետության նախագահը և Վեհափառ հայրապետը: Ընդդիմադիրները դժկամությամբ ընդունեցին լուրը, բայց ես այնպես տարա խոսակցությունը, որ չեմ պատրաստվում իրենց վրա որևէ պատասխանատվություն դնել: Պարզապես տեղյակ եմ պահում, որ չստացվի, թե թաքուն, ժողովրդի թիկունքում ինչ-որ բան եմ անում:
Հրապարակային որևէ հայտարարություն անել չէի կարող, որովհետև եթե Ադրբեջանը առաջարկը մերժեր իմ հրապարակային հայտարարությունից հետո, դա կլիներ մեր դիմադրության ողջ համակարգի փլուզումը: Կրկին զանգահարեցի ՌԴ նախագահին, ասացի, որ համաձայն եմ: Ասաց, որ մինչև առավոտ կքննարկի Ալիևի հետ եւ ետ կզանգի:
Հաջորդ օրը Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը ինձ հետ հանդիպման ժամանակ ասացին, որ համաձայն չեն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման կամ ճշգրտման մեխանիզմի որևէ համաձայնության գալուն: Ըստ էության՝ ասացին նաև Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի և Լ. Տեր-Պետրոսյանի անունից:
Բայց այս ամենը կարևոր չէր, որովհետև, ես էի կայացրել որոշումը և պատրաստվում էի այն տանել մինչև վերջ:
Հաջորդ օրը ՌԴ նախագահը պայմանավորվածության համաձայն զանգեց: Ասաց, որ Ալիևը համաձայն է, բայց խաղաղապահները ոչ թե ԼՂԻՄ սահմաններով պետք է տեղակայվեն, այլ քանի որ Հադրութն ու Թալիշը իրենց հսկողության տակ են, ադրբեջանցիները համաձայն չեն այդ բնագծերից ետ գնալ և նախկին ԼՂԻՄ տարածքում պետք է խաղաղապահներ տեղակայվեն ըստ փաստացի շփման գծի:
Նաև՝ պետք է հայկական կողմը պարտավորություն վերցնի, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Շուշի: Այսպես՝ հրադադարը դարձավ անհնարին, որովհետև ասացի, որ եթե անգամ Հադրութի հարցով համաձայնեմ, չեմ պատկերացնում Շուշին Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը: ՌԴ նախագահը զարմացավ, թե ինչո՞ւ եմ դեմ ադրբեջանցիների՝ Շուշի վերադառնալու տարբերակին:
Երբ ներկայացրի փաստարկներս՝ ասաց, որ տրամաբանական է և ինքը լավ տեղեկացված չէր որոշ նրբությունների: Խնդիրն այն էր, որ այդ պարագայում Շուշին 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն պետք է ունենար, ովքեր պիտի վերահսկեին դեպի Ստեփանակերտ ճանապարհը:
Համոզված եմ, որ եթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու՝ Կարմիր Շուկա-Շուշի ավտոճանապարհը իրենց հսկողության տակ պիտի լինի:
Այսպես՝ պայմանավորվածությունը չկայացավ»,- մանրամասնել էր Փաշինյանը:
Նոյեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանը ևս մեկ գրառում էր կատարել, որտեղ մի շարք կարևոր ինքնախոստովանություններ էր արել, մասնավորապես, առնվազն 2020-ի թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ իմացել է՝ պատերազմ է լինելու, և սա ոչ թե վերացական, այլ շատ հստակ:
Ինչ վերաբերում է 2020-ի հոկտեմբերի կեսերին և վերջերին տեղի ունեցած պատերազմական, ռազմաքաղաքական, քաղաքական զարգացումներին և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ապա հիշեցնենք մի քանի հայտարարություն և գրառում:
2020-ի հոկտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել էր.
«Պետք է մենք հստակ գիտակցենք, որ ԼՂ հարցը, գոնե այս փուլում և այս փուլից սկսած մինչև բավական երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի ու բոլոր այն հույսերը, առաջարկները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավել ևս այս իրավիճակում, պետք է համարենք ավարտված: Մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք: Դա նշանակում է, որ մեր դրած նշաձողից կարող ենք ինչ-որ բան նվազեցնել հանուն լուծման՝ պայմանով, որ դիմացի կողմն էլ պետք է իր նշաձողից ինչ-որ բան իջեցնի: Բայց պրակտիկան ցույց է տվել, որ այս տրամաբանությունն այլևս անընդունելի է Ադրբեջանի համար»:
Հոկտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել հնդկական WION հեռուստաընկերությանը, որտեղ նախ խոսում էր այն մասին, որ երբ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել որևէ փոխզիջման, «այսինքն՝ իր դրած նշաձողը թեկուզ մի փոքր իջեցնում է, Ադրբեջանն առաջ է քաշում նոր պահանջներ, նոր պայմաններ»:
Միաժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ միջազգային հանրությունը կիրառելի պիտի համարի ԼՂ-ի համար «անջատում հանուն փրկության» բանաձևը», որից, մեծ հաշվով, հենց ինքը շեղվեց:
Նա այստեղ կարևորել էր հակամարտության գոտում հենց ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայումը:
Հոկտեմբերի 26-ին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում է ուզում, այլ ՝ առնվազն Ղարաբաղի կապիտուլյացիա», և խոսեց ՀՀ-ի՝ ցավոտ փոխզիջումներին պատրաստ լինելու մասին:
«Հայ ժողովուրդը պատրա՞ստ է արդյոք փոխզիջումների։ Ես կարող եմ ասել՝ այո, պատրաստ է, նույնիսկ՝ պատրաստ ենք ցավոտ փոխզիջումների, բայց արդյո՞ք հայ ժողովուրդը պատրաստ է կապիտուլյացիայի: Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը դրան պատրաստ չէ, և հայ ժողովուրդը, որքան էլ դա անհնար է թվում մեր սահմանափակ ռեսուրսների տրամաբանության մեջ, պետք է ռեսուրսներ գտնի դիմակայելու և իր իրավունքները պաշտպանելու»,- նշել էր Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է այնպես անենք, որ իրավիճակը փոխվի, և Ադրբեջանը պատրաստ լինի փոխզիջումների:
Իսկ հոկտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ուղերձով դիմել էր ժողովրդին:
Մեկ օր առաջ Ադրբեջանի՝ առնվազն Արցախը կապիտուլացնելու մտադրության և մեր՝ սեփական շահերի սահմանագծին հասնելու մասին զգուշացնող Նիկոլ Փաշինյանը, հանկարծ խոսել էր թշնամու իլյուզիաների փլուզումից, երբ արդեն բավականին կարևոր տարածքներ էինք կորցրել:
«Պատերազմը մտել է մի փուլ, երբ դրա շարունակության ամեն վայրկյանը տեղապտույտի մեջ է գցում ամեն անգամ հրադադարը ուխտադրուժ կերպով խախտող հակառակորդին՝ փլուզելով նրա ունեցած իլյուզիաները:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այնքան է հաղթական լուրերով սնել սեփական հանրությանը, որ նրանք արդեն երկար ժամանակ ամեն օր, ամեն րոպե, ամեն վայրկյան սպասում են Արցախի անկման, իրենց վերջնական և անշրջելի հաղթանակի մասին լուրին:
Ադրբեջանի հանրությունը, սակայն, այդ լուրը չի ստանալու, Ադրբեջանի հանրությունը այդ լուրը չի ստանալու, և այս լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նվաճելու ադրբեջանական պլանները:
Արցախի ժողովուրդը, հայ ժողովուրդը, ամբողջ հայությունը կռվելու է անմնացորդ՝ ամեն ծառի, ամեն քարի, ամեն սանտիմետրի և ամեն միլիմետրի համար, և անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու:
Հենց այս պահը հասունացնելն է Արցախի Պաշտպանության բանակի խնդիրը, և մենք պետք է ամեն ինչով աջակցենք, թև ու թիկունք լինենք Արցախի Հանրապետությանը, Պաշտպանության բանակին,- վստահեցրել էր Փաշինյանը և հավելել,- Մեր հնարավորություններն անսահմանափակ չեն, բայց Արցախի Պաշտպանության բանակն ունի բավարար չափով զենք և պոտենցիալ՝ իր առաջ դրված խնդիրները լուծելու համար»:
Նշենք, որ Փաշինյանի այս հայտարարություններից առաջ՝ հոկտեմբերի 19-ին տեղի էր ունեցել ԱԽ նիստ, որտեղ բոլորը համակարծիք են եղել՝ պատերազմը պետք է կանգնեցնել, ինչը չի արվել, չնայած Նիկոլ Փաշինյանը հասկացել էր՝ Ադրբեջանն առնվազն Արցախը կապիտուլացնելու մտադրություն ունի:
Իսկ ինչ էր ասում 2020-ի հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի ղեկավարը Արցախի խնդրի բանակցային գործընթացը խափանելու պատասխանատվությունը դրել էր Նիկոլ Փաշինյանի վրա և նշել՝ պատրաստ են պատերազմական գործողությունների դադարեցմանը և հարցը բանակցային սեղանին լուծելուն:
Ինչ էր առաջարկել Ալիևը:
«Այսօր, երբ հայտարարված է 13 բնակավայրի ազատագրման մասին օկուպացված տարածքներում, երբ հայկական բանակը ֆիասկո է ապրում և Ադրբեջանն իր առավելությունն է ցուցադրում մարտի դաշտում, ամեն դեպքում, մենք չենք ցանկանում արյունահեղության շարունակություն, պատրաստ ենք քաղաքական ճանապարհով այս հարցի լուծմանը: Մեր պահանջներն են՝ օկուպացված տարածքների վերադարձ, Լեռնային Ղարաբաղի ապագայի շուրջ բանակցություններ, փախստականների և հարկադիր տեղահանվածների վերադարձ իրենց սկզբնական բնակության վայրեր, այդ թվում՝ Շուշի: Այս ամենն ամրագրված է հիմնարար սկզբունքներում, և հայկական կողմը տարբեր փուլերում տվել է իր համաձայնությունը սրան: Այս ամենը հիմնարար սկզբունքներում ամրագրված է, և մենք այն ընդունել ենք: Մենք ընկալում ենք այն, որ մարդկանց միջև պիտի լինեն շփումներ, և Լաչինի միջանցքը հիմնարար սկզբունքների մաս է: Միաժամանակ, գրված է, որ պետք բացվեն բոլոր կոմունիկացիաները, և ոչ միայն Լաչինի միջանցքը, այլ նաև Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կոմունիկացիաները, և հայկական կողմը պետք է երաշխավորի այդ միջանցքի անվտանգությունը: Այսինքն, բացվում են կոմունիկացիաները Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ակնկալվում էր նաև, որ Հայաստանը կունենա անարգել ցամաքային ելք դեպի ՌԴ, որից հիմա զրկված է, բայց Ադրբեջանի տարածքով դա անելն ավելի հարմար է, այն կախված չէ եղանակային պայմաններից, լեռներում ձյան տեղումներից և այլն:
Այսինքն, այս ամենը փոխզիջումային փաթեթի մաս է, որը ենթադրում է ադրբեջանական տարածքների դեօկուպացիա, փախստականների վերադարձ, և ոչ թե միայն 7 շրջաններ, այլ նաև Լեռնային Ղարաբաղի տարածք, քանի որ մինչև հակամարտության սկիզբը բնակչության 25 տոկոսը ադրբեջանցիներ էին, բայց նաև՝ անարգել մուտքի ապահովում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև՝ Լաչինի միջանցքով: Մենք հաստատում ենք այս դիրքորոշումը»,- ասել էր Ալիևը և շարունակել, թե ՀՀ նախկին ղեկավարների, երկու նախագահների հետ մի շարք հարցերի շուրջ համաձայնության էին եկել, որոնք անհամաձայնելի էին թվում, և որ այն հիմնված էր փոխզիջումային ճանապարհով հարցի կարգավորմանը հասնելու և արդյունքներ գրանցելու ցանկության վրա:
«Սակայն վերջին պահին նրանք հրաժարվեցին Քելբաջարի և Լաչինի հանձնումից: Մյուս 5 շրջանների շուրջ համաձայնություն կար, և մենք քննարկում էինք արդեն, թե երբ պետք է վերադարձվեն Քելբաջարն ու Լաչինը: Այն, որ այս հարցը պիտի լուծվեր, չէի կասկածում ոչ ես, ոչ էլ ՄԽ-ն: Բայց հետո հայկական կողմը հետքայլ արեց և Քելբաջարի ու Լաչինի հանձնման հարցը թողեց օդում կախված: Այլ խոսքով, առաջարկվում էր այնպիսի մեխանիզմ, որը ենթադրում էր՝ այս երկու շրջանները մնալու են հայկական հսկողության տակ, ինչին ես կտրականապես դեմ էի»,- ռուսական գործակալության տված հարցազրույցում շարունակել էր միտքը Ալիևը:
Օրեր հետո ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում արտահայտած մտքերը Ալիևը կրկնել էր Nikkei ճապոնական պարբերականին տված հարցազրույցում:
«Նրանք (հայկական կողմը.- Մ.Պ.) պետք է լուրջ պարտավորություն ստանձնեն՝ ազատելու այդ շրջանները, որովհետև դա ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ երկու երկրների միջև համաձայնեցված հիմնարար սկզբունքների մաս է: Հիմնարար սկզբունքներում ասվում է, որ «օկուպացված տարածքները» պետք է վերադարձվեն Ադրբեջանին, մեր փախստականները և ներքին տեղահանվածները պետք է վերադառնան բոլոր «օկուպացված տարածքներ», այդ թվում՝ Շուշի:
Դրա համար ՀՀ կառավարությունը պետք է բացահայտ հայտարարի իր հավատարմությունն այս սկզբունքներին՝ տարածքների ազատման հետ կապված, որից հետո, իհարկե, կսկսվեն բանակցությունները: Հիմա մենք նախապայմաններ առաջ չենք քաշում, որ առաջին հերթին ազատվեն տարածքները, նոր սկսվեն բանակցությունները: Ներկա պահին մենք պահանջում ենք հայկական կողմից պատասխանատվություն ստանձնել խաղաղ բնակչության հանդեպ ռազմական հանցագործությունների համար, և անձամբ վարչապետից, որ նա հայտարարի՝ Հայաստանը կազատի «օկուպացված տարածքները»: Սրանից հետո հակամարտության կարգավորումը, իհարկե, մարտի դաշտից կտեղափոխվի բանակցությունների սեղանին»,- ճապոնական պարբերականին ասել էր Ալիևը:
Այնուհետ Ալիևը շոշափել էր ապաշրջափակման թեման, որը հետո լեգիտիմացվեց 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ:
«Եթե Հայաստանը կառուցողական քայլեր կատարի և ազատի տարածքները, ապա մենք, իհարկե, կբացենք կոմունիկացիաները: Ես գիտեմ, լսել եմ Թուրքիայի կառավարության դիրքորոշումը, որ Հայաստանի կողմից այս տարածքների ազատման դեպքում Թուրքիան ևս կբացի կոմունիկացիաները: Այս ժամանակ իրավիճակը Հարավային Կովկասում ամբողջովին կփոխվի»,- շեշտել էր Ադրբեջանի ղեկավարը:
Այս համատեքստում Ալիևը չէր անտեսել նաև Քարվաճառի և տեղի ոսկու հանքի խնդիրը:
«Եթե այդտեղ աշխատող օտարերկրյա ընկերությունները չդադարեցնեն իրենց գործունեությունը, մենք դատի կտանք նրանց: Ի դեպ, նրանք ամեն դեպքում շուտով կդադարեցնեն իրենց գործունեությունը»,- ընդգծել էր Ալիևը՝ գուցե իմանալով, որ Քարվաճառը հանձնվելու է առանց կրակոցի:
Ինչ է ստացվում՝ Միքայել Մինասյանի հայտարարությունը համապատասխանո՞ւմ էր իրականությանը, եղե՞լ է նման աշխատանքային փաստաթուղթ, որի շրջանակում քննարկվել է Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների հանձնման հարցը: Թերևս, այս գաղտնիքը պետք է դեռ բացահայտվի և դառնա պատերազմի հանգամանքների քննության առարկա:
Ի դեպ, հիշեցնենք, որ 2020-ի դեկտեմբերի 27-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի և Զանգելանի շրջանների 90 և ավելի տոկոսը եղել է ադրբեջանական վերահսկողության ներքո: Դրանից հետո խոստովանել է. «Եղել է բանավոր ըմբռնում, որ էդտեղ մենք պետք է սահմանային որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք, և այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար»։