
Թուրքիայի համար այս իշխանությունը նվեր է, որի ժամկետի երկարաձգման համար նրանք կփորձեն ջանքեր դնել․ Կարեն Բեքարյան
Որևէ մեկին արևմտամետ անվանելու համար պետք է սկսենք նրանից, թե այդտեղ գաղափարական ինչ-որ տարր, գաղափարախոսություն ու աշխարհայացք կա՞, որից ելնելով՝ առկա է որդեգրած դիրքորոշում կյանքի հասուն փուլերում՝ անկախ անգամ նրանից, թե նա ինչ աշխատանքով է զբաղված։ Երկրորդ տարբերակն այն է, երբ դա պարզ բիզնես է ինչ-որ մեկի համար, այսինքն՝ ներկայանալ այնպիսին, որտեղից շահեկան վիճակ կա՝ առանց որևէ գաղափարական տարր ունենալու։ Եթե խոսում ենք այս իշխանության ներկայացուցիչների մասին, այս տարիներն ապացուցել են, որ որևէ կերպ մտածել, հուսալ, թե ի սկզբանե որևէ գաղափարական տարր են ունեցել, պարզ միամտություն է։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը:
«Քանի որ գաղափարական տարրը չկա, այստեղ աշխատել և աշխատում են բոլորովին այլ մոտիվատորներ։ Դա անձնական և խմբակային շահն է, այդ շահի պատվիրատուներն ու դրա սպասարկումը, դրան զուգահեռ՝ ոչ թե պետության, այլ իշխանության վտանգի զգացողությունը։ Պետությունն այս տարիների ընթացքում բազմիցս է վտանգվել, բայց իրենց համար գերակայությունը եղել է ոչ թե պետության, այլ սեփական իշխանության համար վտանգի խնդիրը։ Որոշակի ճակատագրական իրադարձություններից հետո, օրինակ՝ 44-օրյա պատերազմ, ողբերգական վիճակ, պարտություն, զոհեր, հայրենիքի մի հատվածի կորուստ և այլն, իրենց համար իշխանության գինը բարձրացել է մինչև սեփական անվտանգության գին։ Դրանք արդեն միայն բարիքները, գեղեցիկ կյանքը, իշխանության մասին մինչ այդ իրենց ունեցած պատկերացումները չէին։ Իրենք սկսել են իրենց իշխանության գոյության հետ կապել իրենց անվտանգությունը»,- ասաց վերլուծաբանը:
«Մենք տեսնում ենք մի վարքագիծ, որը որևէ կերպ արևմտամետ կամ ռուսամետ անվանել հնարավոր չէ։ Սա պատից պատ տրվող ինչ-որ քայլերի շարան է, որն անգամ բարդ է քաղաքականություն անվանելը։ Եթե մենք որևէ ուղղության հատկանիշի տակ փորձենք դիտարկել, ամենաճիշտը կլինի սրանց անվանել հակահայ։ Ազգային և պետական շահերի համատեքստում դա հակահայ քաղաքականություն է՝ կախված նրանից, թե որ պահին դա ինչպես և ում հետ է ստացվում։ Դրան տարիների ընթացքում, որպես պատճառահետևանքային կապի բաղկացուցիչ, գումարվել է այն հանգամանքը, որ կողմերից որևէ մեկն այս իշխանությանը որևէ կերպ լուրջ չի ընդունում, չի ընկալում, խոսքի վրա չի հենվում, խոստումներին չի հավատում և չի վստահում»,- նշեց Բեքարյանը:
ԱԺ նախկին պատգամավորի պնդմամբ՝ ո՛չ ՌԴ-ն, ո՛չ Արևմուտքը՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ը, ո՛չ Իրանը, ո՛չ էլ մյուսները չեն վստահում այս իշխանությանը. «Թուրք-ադրբեջանական տանդեմն այս տարիների ընթացքում այս առիթից օգտվել է՝ որքան կարողացել է, և շարունակում է օգտվել։ Նրանց ընկալմամբ՝ սա լավագույն իշխանությունն է, որն իրենք կարող են երբևէ ակնկալել ՀՀ-ից։ Սա շատ լուրջ նվեր է իրենց համար, իրենք այդ նվերի ժամկետների երկարացման համար պատրաստ են ջանքեր դնելու, և դա ցույց են տալիս։ Նաև սրանով է պայմանավորված, որ մենք այս ընթացքում ականատես ենք եղել, թե ինչ մեծ ցանկություն կա մերձենալու թուրքական կողմին, ռևերանսներ կան դեպի Էրդողան, և այլն։ Այսինքն, այս իշխանությունը տպավորություն ունի, որ միակ հնարավոր և դեռևս կյանքի իրավունք ունեցող հովանոցն իրենց համար թուրքականն է»:
«Պետք չէ փորձել տրամաբանություն փնտրել այնտեղ, որտեղ այն չկա։ Համակարգերը խախտված են։ Կան աքսիոմատիկ ճշմարտություններ, օրինակ՝ ցանկացած պետությունում իշխանությունը պետք է առաջնահերթորեն ծառայի իր երկրի ազգային ու պետական շահերին։ Ռևիզիոնիզմի ներկա չափի մեջ կարելի է ասել՝ սա էլ աքսիոմ չէ։ Բայց աշխարհի որ ծայրում ում էլ հարցնես, թե իշխանությունն ինչ խնդիր ունի, դա է ձևակերպելու որպես առաջնահերթություն։ Երբ դա չկա, մենք փնտրում ենք տրամաբանություն՝ հիմքում դնելով այդ աքսիոմը, մինչդեռ չկա կա՛մ այդ աքսիոմը, կա՛մ էլ մեզ համար անպատկերացնելի մի տրամաբանություն է գործում»,- ամփոփեց Կարեն Բեքարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում