
«Իշխանությունն ուժայինների միջոցով փորձում էր ճնշել սահմանի բնակիչներին՝ ինֆորմացիա չտալու համար». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ հատկապես վերջին՝ անցնող լիագումար նիստից հետո ավելի շատ քննարկվում են «ռազբորկաները», հայհոյանքները, այլանդակ պահվածքները, քան այն, ինչն այս պահին սպառնում է Հայաստանին։
Այս համատեքստում ընդդիմադիր պատգամավորը նշեց 3 կարևոր ուղղություն, որոնցից մեկը բանակցային գործընթացն է։
«Ո՞ւր ենք հասել բանակցային գործընթացում, ո՞վ է առհասարակ քննարկում կամ հիշում, թե ո՞ր կետին ենք հասել, որովհետև դրանից է կախված, թե ինչ է սպառնում Հայաստանին և ինչ է առաջիկայում սպասվում առհասարակ։ Հայտարարվեց, որ բանակցություններն Ադրբեջանի հետ ավարտվել են։ Փաստաթուղթը, որը բաղկացած է 17 կետից, չի հրապարակվում, թաքցնում են»,- խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ նշեց Տիգրան Աբրահամյանը։
Հաջորդ ուղղությունը, ինչպես նշեց Տ. Աբրահամյանը, վերաբերում է սահմանազատման ու սահմանագծման գործընթացին, որի մասին մի քանի ամիս առաջ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն տարածեցին՝ նշելով այն ուղղությունը, որտեղից պետք է շարունակվի սահմանազատումը։
«Հիմա հարցեր են առաջանում, չէ՞, թե ինչ խնդիրներ են առաջացել, և ինչ է թաքցնում իշխանությունը, որ սահմանազատման գործընթացի հետ կապված որևէ նորություն չկա։
Երրորդ կետը, որը կապված է վերը նշված 2 կետերի հետ՝ վերաբերում է առաջնագծում առկա իրավիճակին։ 1 ամսից ավելի է՝սահմանագծի մի քանի ուղղություններով հրադադարի ռեժիմի խախտումներ են արձանագրվում։ Չնայած նրան, որ առաջին շաբաթների ընթացքում իշխանությունը փորձում էր քողարկել այս հանգամանքը, հետագայում, ըստ սահմանամերձ վայրերում ապրող մեր հայրենակիցների՝ ճնշումներ էր գործադրվում ՏԻՄ, ուժային կառույցների մակարդակով ինֆորմացիա չհայտնելու տեսանկյունից։ Իրավիճակն այնպես դարձավ, որի պարագայում տեղեկատվություն չտալը պարզապես անհնար էր»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում