Փաշինյանը Կավելաշվիլիից արծաթապատ եղջյուր է ստացել, Էստոնիա այցի շրջանակներում էլ՝ հուշանվեր ու աշխատություն

 Նիկոլ Փաշինյանն ապրիլի վերջին երկօրյա այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիից ստացել է David Kakabadze & Enamel Jewelry-ի ձեռագործ արծաթապատ եղջյուր՝ գինի խմելու համար։ Նվերը, ըստ մայիսի 13-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված ձևաթղթի, ստացողի՝ Փաշինյանի կողմից գնահատվել է 425,610 դրամ։

Դարձյալ նախօրեին հանձնաժողով ներկայացված մի քանի ձևաթղթերից էլ տեղեկանում ենք, որ Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի ու հանդիպումների շրջանակում Նիկոլ Փաշինյանն Էստոնիայի վարչապետից ստացել է Տալինի տաճարի պողպատե փորագրությունը, որը գնահատվել է 57,509 դրամ, իսկ  Էստոնիայի նախագահից՝ Կոնրադ Մագիի ստեղծագործությունները ներկայացնող աշխատությունը, որը գնահատվել է 43,500։

«Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններով սահմանվել են նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։ Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60.000 դրամը:

Հիշեցնենք նաև՝ Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետով՝ Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին թույլատրվում է ընդունել միայն հետևյալ նվերները, եթե օրենքով սահմանված պարգևատրում է, պետական պարգև կամ խրախուսանքի միջոց տրամադրվող գույք, այդ թվում՝ վարչապետի կողմից որպես պարգևատրում տրվող զենքը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս