Կարող էինք հաղթել, եթե ամեն ինչ ճիշտ լիներ. Արկադի Կարապետյան (Ագո)

168.am-ը բազմիցս գրել է՝ Արցախի ռազմաքաղաքական էլիտայի «դատավարությանը» Բաքուն քննության առարկա է դարձնում պատերազմի ժամանակ հայկական կողմի ռազմական օպերացիաները՝ Շուշիի օպերացիա, Բերձորի ազատագրում, Աղդամի ազատագրում, Քարվաճառի ազատագրում և այլ պատերազմական դրվագներ:

Եվ այս համատեքստում, բնականաբար, տրվում են այդ օպերացիաների հնարավոր կազմակերպիչների, ղեկավարների և մասնակիցների անունները:

Հաշվի առնելով, որ օրեր առաջ 1992 թվականի մայիսին իրականացված Շուշիի ազատագրման օրն էր, իսկ Բաքվի «դատավարությանը» հիշատակվում են օպերացիայի հետ կապ ունեցած բոլոր անձանց անունները՝ Սերժ Սարգսյան, Սեյրան Օհանյան, Արկադի Տեր-Թադևոսյան, Վալերի Չիթչյան, Սամվել Բաբայան, Ֆելիքս Գզողյան և նաև Արկադի Կարապետյան…

168.am-ն այս և այլ հարցերի շուրջ զրուցել ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի (Ագո) հետ:

Կարդացեք նաև

– Ադրբեջանից ենք, չէ՞, խոսում, իրենք քաղաքակիրթ ժողովուրդների հետ որևէ կապ չունեն, դրա համար իրենց դեպքում ոչինչ զարմանալի չէ:

– Օրեր առաջ Շուշիի ազատագրման օրն էր, երեկ՝ մայիսի 12-ն էր, 1994թ. այդ օրն ուժի մեջ մտավ անժամկետ զինադադարի համաձայնագիրը: Կա՞ր մի բան, որ չպիտի անեինք դրանից հետո, կամ՝ պիտի անեինք, որ չենք արել:

– Իլյուզիաներով չպիտի տառապեինք: Մեր ազգին բնորոշ է պատրանքներին, հեքիաթներին հավատալը, և չհավատալը սեփական ուժերին: Եթե հավատայինք, սենց չէր լինի:

– Հիշում եմ, որ 44-օրյա պատերազմի օրերին՝ հոկտեմբերի վերջին, Դուք զգուշացնում էիք, որ պատերազմը հասել է Շուշիի պարիսպների տակ, բայց շատերը դա լուրջ չընդունեցին, և հետո եղավ այն, ինչ եղավ՝ կորցրեցինք Շուշին: Ամեն դեպքում կարո՞ղ էինք հաղթել այդ պատերազմը:

– Կարող էինք հաղթել, եթե ամեն ինչ ճիշտ լիներ:

– Բայց շատերը նշում են այն հանգամանքը, որ մեր դիմաց միայն Ադրբեջանը չէր, այլ Թուրքիան, Պակիստանը, Իսրայելը՝ իրենց ռազմական տարբեր աջակցություններով Ադրբեջանին, Թուրքիան ուղիղ մասնակցություն ուներ:

– Անհնարինն այն ժամանակ է լինում, երբ ժողովրդի գաղափարը, ազգային գաղափարախոսությունը ոչնչացնում ես, և այս դեպքում ամեն ինչ դառնում է անհնարին: Իսկ եթե ազգն ունի իր գաղափարախոսությունը, երազանքը, տեսլականը, ռազմավարությունը, այդ ազգին հնարավոր չէ կոտրել: Դա փաստ է՝ պատմական և ամեն տեսակի: Սա մենակ մեզ չի վերաբերում, այլ առհասարակ մարդկությանը, բոլորին:

Վերադառնանք սկզբնական մտքին՝ տեսնո՞ւմ եք՝ թուրքերը մեր արած օպերացիաները վերցրել ու վերլուծել են, իսկ մենք մեր օպերացիաները չենք էլ վերլուծել, նույնիսկ՝ մեր բանակում մեր օպերացիաները չեն էլ անցնում, չեն դասավանդել:

– Հիմա իշխանություններն արգելել են անգամ Շուշիի ազատագրման մասին հիշելը, խոսելը, քանի որ Շուշին մերը չէ:

– Մոռանան՝ հետո Երևանի օպերացիան է սկսելու, դա է պատմությունը, պատերազմի օրենքը:

Ի դեպ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին գրեթե չի խոսվում, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը մոռացել է այդ մասին, դրա վտանգները չեզոքացվել են: Ի՞նչ կասեք այդ մասին, առհասարակ, այսօր ի՞նչ սպառնալիքների առաջ ենք կանգնած:

– Այդ փաստաթղթի հետևանքը հեն ա՝ երևում է, էլի՝ Արցախ չկա, բարձունքները վերցրել են, և երբ որ հրաման լինի Հայաստանի վրա էլ հարձակվելու, հարձակվելու են, և շատ ծանր է լինելու, մեղմ ասած: Ինչի Հայաստանի վրա չի՞ կարելի հարձակվել…

– 44-օրյա պատերազմում պարտության հիմնական մեղավոր իշխանությունները համարում են բանակին: Հրամանատարների հրամանները պե՞տք է դառնան քրեական գործերի շրջանակում քննության առարկա:

– Ամեն ինչը պիտի քննվի, ուրիշ խնդիր է՝ ով է քննողը: Պարտվում է ժողովուրդը, իսկ բանակը պարտվել է՝ որպես ժողովրդի մի մաս: Եթե ժողովուրդը պինդ լիներ իր գաղափարի մեջ, բանակն էլ չէր պարտվի: Այսինքն, ինչ վիճակում ազգն է, նույն վիճակում բանակն է, և այդ ամենը ստեղծում է բանակի և ազգի ղեկավարությունը:

Ադեկվատ պետություններում ի՞նչ են ասում՝ եթե բանակը կամ ժողովուրդը պարտվել է, ուրեմն՝ պատասխանատուն ղեկավարն է: Ասում են՝ մեղավոր չենք, բա ո՞վ է եղել էդ ժամանակ կազմակերպողը, զինվորականներին մեղադրում են, իսկ ո՞վ է իրենց նշանակել, ո՞վ է կադրային փոփոխություններ ու նշանակումներ արել պատերազմից առաջ: Իհարկե, նաև լավ հրամանատարներ են եղել, որոնք պահել են իրենց վստահված դիրքերը: Ես հիմա այլ բան եմ ասում, դուք հասկացաք:

Իսկ այդ կադրային փոփոխությունները կազմակերպել են մինչև պատերազմը: Բա իշխանության են եկել, պատասխանատվության մասին չե՞ն մտածել: Բանակ կար, որը պետք էր նորմալ կազմակերպել, որ չեն արել, ո՞վ է մեղավոր: Ասում են՝ ժողովրդավար երկիր, փաստը ցույց տվեց, որ ոչ ժողովրդավար և բռնատիրական Ադրբեջանը հաղթեց:

Ի դեպ, ես դեռ 2014 թվականից եմ ասել, որ օդային պատերազմ է լինելու, անօդաչու սարքեր են կիրառվելու, պիտի մտածել սրա մասին, սա է ապագան, 2020 թվականին էլ տեսանք ինչ եղավ:

Կրկնում եմ՝ երբ գալիս ես իշխանության, քեզ պիտի հաշիվ տաս՝ ինչի՞ համար ես գալիս, ի՞նչ պատասխանատվության տակ ես մտնում, հատկապես պատերազմող երկրի դեպքում: Բայց պատասխանատվություն չկա, լրջություն չկա, գաղափարախոսություն չկա: Այսքանը:

Տեսանյութեր

Լրահոս