
Ովքե՞ր և ի՞նչ են նվիրել Արարատ Միրզոյանին․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հերթական հանրայնացումը

Արտաքին գործերի նախարար (ԱԳ) Արարատ Միրզոյանն այսօր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել մի շարք ձևաթղթեր 2024 և 2025 թվականներին ստացած նվերների վերաբերյալ։
Այսպիսով ԱԳ նախարարը նշել է 2024 թվականի դեկտեմբերին ԱՄԷ այցի շրջանակներում ԱՄԷ Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարից ստացած Աբու Դաբի քաղաքի Քասր Ալ Հոսնի ամրոցի 3Դ մոդելի նվերի մասին։ Նվերի՝ ստացողի կողմից գնահատված արժեք է նշվել 153,700 դրամը։
Դարձյալ նույն ժամանակահատվածում, արդեն ՀՀ-ում ԱՄԷ դեսպանն է Արարատ Միրզոյանին նվեր տվել ձեռագործ նկարազարդումով ափսե ու բաժակ՝ 60 հազար դրամ ընդհանուր արժողությամբ։
Դեկտեմբերին նրան ևս մեկ նվեր էլ հանձնել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանը․ փորագրված կարմիր լաքապատ ծաղկաման, որի գինը նշվել է 69,790 դրամ։
2024 թվականի ապրիլին նախարար Միրզոյանին Դոհայի ժամացույց-աշտարակի տեսքով 800 հազար դրամ արժողությամբ հուշանվեր է հանձնել Մաջլիս ալ-Շուրայի նախագահը։
Նույն ժամանակահատվածում ԱԳ նախարարը Սաուդիան Արաբիա աշխատանքային այցի շրջանակներում այդ երկրի արտգործնախարարից նվեր է ստացել ձիու տեսքով արաբական մետաղե արձանիկ, որը, ըստ հանձնաժողովի գնահատման, 407 հազար դրամ է։
2024 թվականի հուլիսին էլ Վրաստանի ԱԳ նախարարն է Հայաստան պաշտոնական այցի շրջանակում իր գործընկերոջը նվիրել Tsikolia ապրանքանիշի ձեռքի ժամացույց, որը նվեր ստացողը գնահատել է 210 հազար դրամ։
2025 հունվարին Ղրղըզստանի ԱԳ նախարարը ՀՀ այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարին հանձնել է կավե սափոր՝ 2 բաժակով, որի գինը ձևաթղթում նշվել է 40 հազար դրամ, ինչպես նաև՝ հանձնաժողովի կողմից 200 հազար դրամ գնահատված ղրղըզական ավանդական գորգ՝ շիրդակ։
2025 թվականի մարտին Արարատ Միրզոյանին Հայաստան այցի շրջանակում նվեր է հանձնել նաև Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին. փայտե ձեռագործ շրջանակով ազգային պարսկական խաթամը Միրզոյանի կողմից գնահատվել է 58 հազար դրամ:
Նկատենք՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններով սահմանվել են նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։ Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60.000 դրամը:
Հիշեցնենք նաև՝ Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետով՝ Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին թույլատրվում է ընդունել միայն հետևյալ նվերները, եթե օրենքով սահմանված պարգևատրում է, պետական պարգև կամ խրախուսանքի միջոց տրամադրվող գույք, այդ թվում՝ վարչապետի կողմից որպես պարգևատրում տրվող զենքը: