
Բացառիկ լուսանկար-բացիկներ՝ 20-րդ դարի Շուշի քաղաքի համայնապատկերից

Արցախի Շուշի քաղաքն իր պատմական, ճարտարապետական, մշակութային և քաղաքային զարգացվածությամբ ոչ միայն հայ պատմիչներին ու մասնագետներին է հիացրել և հիացնում, այլև օտարազգի ճանապարհորդներին, ուսումնասիրողներին ու մշակութային ոլորտի գիտնականներին: Հայկական քաղաքի մասին պատմական փաստերն ու տեղեկությունները շատ են, և այդ ամենին զուգահեռ՝ քիչ չեն նաև տարբեր ժամանակաշրջանի լուսանկարիչների արված լուսանկարները, որոնցում զգացվում է քաղաքի հայկականությունը, պատմամշակութային բացառիկ արժեքն ու վեհությունը:
Նախորդ դարում Շուշիում արված լուսանկարները պատկանում են տարբեր ազգի ներկայացուցիչների: Այդ լուսանկարների մի մասը տպագրվել է 20-րդ դարի ռուսական և օտարազգի մամուլում: Լուսանկարների մի մասի հեղինակներն անհայտ են, սակայն այդ լուսանկարներն ունեն պատմական բացառիկ արժեք: Հայաստանի ազգային գրադարանի լուսանկարների արխիվում պահպանվում են Շուշիի բացառիկ լուսանկարներ, որոնք խորհրդային շրջանում տպագրվել են բացիկների տեսքով:
Ներկայացնում ենք այդ բացառիկ լուսանկար-բացիկներն ու լուսանկարներում պատկերված տեղանքի մասին պատմական փաստերը.
«Շուշի. Հյուսիսային մասի պարիսպներից հատված
Կարծում ենք, որ Շուշի անունն առաջացել է շոշ բառից: Տեղական բարբառով ջահել, սլացիկ, մատղաշ ծառն անվանում են շոշի ծառ, իսկ հոգնակի իմաստով՝ շոշոտ: Հավանաբար բերդաքաղաքի և հարևան Շոշ գյուղի զբաղեցրած տարածքը հնում ծածկված է եղել շոշի ծառերով, անտառներով: Իսկ բուսաբան Վ. Պետրովի վկայությամբ՝ սկզբնական շրջանում մարդն այստեղ՝ Արցախ-Ղարաբաղում, ընդհարվել է անտառների համատարած զանգվածների հետ: Հիշենք, որ նույն կարծիքն են հայտնել նաև Ստրաբոնը, պարսիկ և արաբ ճանապարհորդները, ինչպես նաև միջնադարի հայ պատմիչները: Այսօր էլ դժվար չէ բազմաթիվ օրինակներով ցույց տալ, թե ինչպես Արցախի տասնյակ բնակավայրերի անուններն արտահայտում են տեղանքի բնույթը, տվյալ վայրի բուսական ծածկի տեսականին»:
«Շուշի. Երևանյան դարպասը
Շուշին՝ որպես Շոշ գյուղի ամրոց կամ պարզապես՝ «Շոշի ղալա», «Քերծի գլուխ», գոյություն է ունեցել միջնադարում: Որպես մեծ սղնախ, զորանոց՝ հիմնադրվել է 18-րդ դարի սկզբին, որի վերակառուցումն էլ ավարտվել է նույն դարի 50-ական թվականներին: Իսկ նորոգումը տեղի է ունեցել 19-րդ դարի սկզբին, Շուշիի 1826 թվականի հերոսական պաշտպանության օրերին»:
«Շուշի. Ջրաբերդ-Գանձակ-Ելիզավետապոլի դարպասը
Շուշիի ավելի քան 2, 5 կմ երկարությամբ պարիսպները սկսվում են սարահարթի հարավ-արևմտյան բարձր ժայռազանգվածից և խիստ թեքադիր լանջերով ու հեղեղատների վրայով «մագլցելով»՝ շրջափակում բերդաքաղաքն արևմուտքից, ապա զառիթափով իջնում ցած, թեքվում դեպի արևելք և գնում մխրճվում ցից ժայռի մեջ: Շուշիի մյուս՝ հարավային թևն ամբողջովին, արևելյանն ու արևմտյանը՝ մասամբ, փակված են բնական ահռելի քարե ուղղաձիգ պատնեշներով: Ժամանակի ռազմական տեխնիկայի տեսակետից անառիկ պարիսպները կրաքարից են՝ 7-8 մետր բարձրությամբ և ուժեղացված կիսաշրջան՝ սնամեջ 50 բուրգերով: Պարիսպներն ունեցել են չորս մուտք: Հյուսիսային դարպասը սկզբում կոչվել է՝ Ջրաբերդի, հետագայում՝ Գանձակ-Ելիզավետապոլի, հարավ-արևմտյանը՝ Երևանյան, հարավայինը՝ Ամարասի, արևելյանը՝ Մխիթարաշենի անուններով»:
«Շուշի. Հայկական «Հին հանգստարան»՝ թաղամասը
20-րդ դ. սկզբին Շուշին ուներ իր ճարտարապետական, մշակութային, առևտրաարդյունաբերական ինքնատիպ դիմագիծը: Քաղաքի արժանահիշատակ վայրերից մեկն էլ շուկան էր: Ականատեսների, ժամանակագիրների պատմելով, շուկան շլացուցիչ խայտաբղետություն ուներ, որտեղ վաճառվում էին շուշեցի արհեստավորների արարած եզակի արծաթե իրերից, մեծարժեք գորգերից ու փայտե, կավե կենցաղային առարկաներից մինչև մեծ պահանջարկ ունեցող լայն սպառման ապրանքներ, գյուղատնտեսական մթերքներ, որոնք բերվում էին եվրոպական երկրներից, Հնդկաստանից, նույնիսկ Հոնկոնգից»:
«Շուշի. Հայկական «Երևանյան դռներ» թաղամասը
Քաղաքը շատ անգամ է հարձակման ենթարկվել թուրք- ասպատակիչների կողմից: Երբեմն երկար դիմադրությունից հետո հանձնվել է, ավերվել, բայց նորից վերականգնվել ու դարձել է անառիկ ամրոց: Վերջին` 1826 թ. ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Շուշին ռուսական մի փոքրիկ զորամասի և հայ աշխարհազորայինների ուժերով 48 օր դիմադրեց պարսկական բազմաքանակ ուժերին ու մնաց անառիկ, մինչև որ Թբիլիսիում գտնվող ռուսական զորամասերը հարձակման անցան և պարտության մատնեցին թշնամուն: Ժամանակի ռազմական զեկուցագրերում ռուս հրամանատարները հիացմունքով են խոսում հայ աշխարհազորայինների, այդ թվում նաև՝ բերդում ապաստան գտած զառամյալ ծերերի, կանանց, երեխաների անձնուրաց պայքարի մասին, որի շնորհիվ կործանումից փրկվեցին ռուս զինվորները»:
Զ. Շուշեցի
Լուսանկար-բացիկները՝ Հայաստանի ազգային գրադարանի