Ո՞ւմ հետ Տաթևիկ Ռևազյանը մսխեց 12 միլիոն դոլարը. «Wizz Air»-ը՝ թրիգեր

Երեկ «Wizz Air» ավիաընկերությունը հայտարարեց, որ բազավորվում է Հայաստանում և գործարկելու է նոր ուղղություններ։ Բնականաբար, սա լավ նորություն է, սակայն դրա ֆոնին կրկին հայտնվեց հայկական ավիացիայի պատմության ամենախայտառակ անունը՝ քաղավիացիայի ոլորտի նախկին պատասխանատու Տաթևիկ Ռևազյան։ Նրա կառավարման տարիներին Հայաստանը հայտնվեց ԵՄ «սև ցուցակում», իսկ ավիացիան՝ խորը ճգնաժամի մեջ։ Ավիացիայի ոլորտի մասնագետները Ռևազյանի անունն ասոցացնում են միայն տապալումների և քանդված ոլորտի հետ։

Տաթևիկ Ռևազյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց սրտաճմլիկ մի գրառում՝ փորձելով «Wizz Air»-ի հաջողության դափնիները վերագրել նաև իրեն, չնայած այն հանգամանքին, որ արդեն երեք տարի է՝ հեռացել է պաշտոնից՝ իրենից հետո թողնելով ավերված ավիացիա։

Նա գրել էր, թե արցունքներն աչքերին կարդացել է «Wizz Air»֊-ի բազավորման մասին լուրը։ Սակայն իրականում լացել պետք էր այն ժամանակ, երբ իր անմիջական ղեկավարության ներքո հայկական ավիացիան փուլ առ փուլ գլորվում էր անդունդը. երկիրը հայտնվեց ԵՄ «սև ցուցակում», իսկ պետական միջոցները մսխվում էին անհասկանալի սխեմաներով։

Սիմվոլիկ է, որ նրա սոցիալական էջի պրոֆիլի լուսանկարում պատկերված է «Ֆլայ Արնա»-ի ինքնաթիռը՝ որպես նրա վերջին խոշոր ձախողման խորհրդանիշ։

Կարդացեք նաև

Պետական բյուջեից 4.8 միլիարդ դրամ (շուրջ 12 միլիոն դոլար) տրամադրվեց ազգային ավիափոխադրող ստեղծելու նպատակով՝ մեծ խոստումներով ու հույսերով, սակայն երկու տարի անց այդ նախաձեռնությունից մնաց միայն անվանումը։ Ո՛չ գումարն է վերադարձվել, ո՛չ էլ ավիաընկերությունը գոյատևել։ Նման ահռելի միջոցներով հիմնադրված ընկերությունը նույնիսկ երկու տարի չդիմացավ շուկայական մրցակցությանը, և այդ փուչիկը պայթեց Ազգային ժողովում։

Կար ժամանակ, երբ իշխանությունները քննադատում էին նախորդ կառավարություններին՝ ազգային ավիափոխադրող ստեղծել չկարողանալու համար, իսկ իրենք հպարտանում էին, թե կարճ ժամանակում այն իրականություն դարձրին։ Սակայն ողբերգական վերջնարդյունքի ականատեսը բոլորս ենք։

Նիկոլ Փաշինյանը ստիպված ընդունեց ծրագրի ձախողումը՝ արդարանալով, որ այն ստեղծվել է COVID-19-ի ժամանակ, երբ բյուջետային ավիաընկերությունները դադարեցրել էին թռիչքները դեպի Հայաստան։ Նա նշեց, որ կառավարումը վստահվել էր արտաքին խոշոր խաղացողի, սակայն շուկայական պայմանները փոխվեցին, և հայկական շուկա նոր ավիաընկերություններ մուտք գործեցին, ինչը խոչընդոտեց «Ֆլայ Արնայի» մրցունակությանը։

Այս բացատրությունները ոչ միայն անհիմն են, այլև ծիծաղելի, քանի որ հարցն այստեղ շուկայի փոփոխությունը չէ, այլ պետական միջոցների՝ 12 միլիոն դոլարի չափով անխոհեմ և անպատասխանատու վատնումը։ Ավիաընկերությունը մի օրում չսնանկացավ. այն 2 տարի շարունակ ուղղակի քայքայվեց կառավարության անգործության ներքո։ Իսկ պատասխանատուները, փոխանակ հաշվետու լինեն ժողովրդի և երկրի առջև, շարունակում են հարմարավետ վայելել իրենց պաշտոնները՝ անպատիժ։

Պատասխանատուները հստակ են.

  • Նիկոլ Փաշինյան, ով առանց պատասխանատվության զգացողության թույլ տվեց նման հսկայական միջոցների վատնումը
  • Տիգրան Ավինյան, ով լինելով փոխվարչապետ և ավիացիոն ոլորտի համակարգող, նաև ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ, ապահովեց ծրագրի կենսագործումը՝ առանց դրա ֆինանսական անվտանգության երաշխիքների
  • Դավիթ Փափազյան, ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահը, ով ղեկավարում էր այս ձախողված ծրագրի հիմնադիր կառույցը և անպատասխանատու կերպով կառավարեց ազգային ավիափոխադրողը։

Սա բացահայտում է պետական կառավարման լիակատար անգործությունն ու ապաշնորհությունը, երբ պետական միջոցներն ուղղակիորեն մսխվում են անարդյունավետ նախագծերի վրա՝ առանց վերահսկողության և հաշվետվության։

Այս ձախողումը պարզ ցուցիչ է, որ պետական բյուջեն դարձել է անհետևողական ու անհաշվետու ծրագրերի ֆինանսավորման միջոց։

Հասարակությունը սպասում է ոչ թե անիմաստ արդարացումների, այլ իրական պատասխանատվության, որ այդ 12 միլիոն դոլարը վերադարձվի բյուջե, իսկ մեղավորները կանգնեն օրենքի առաջ։

Ավիաընկերության սնանկացումը չպետք է դիտարկել՝ որպես շուկայական «պատահականություն» կամ համաշխարհային ճգնաժամի ազդեցություն։ Սա ուղղակի արդյունքն է անպատասխանատու կառավարման, դիլետանտ որոշումների և պետական միջոցների կոպիտ վատնման։ Ամբողջ գործընթացը, սկսած ներդրումներից մինչև ընկերության գործարկումը, հիշեցնում է վատ բեմադրված դրամա, որտեղ գլխավոր դերերում պետական պաշտոնյաներն են, իսկ ֆինանսավորողը՝ հարկատուն։

Երբ Տիգրան Ավինյանը՝ որպես ավիացիոն ոլորտի համակարգող և ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ, հանդես էր գալիս ինքնավստահ հայտարարություններով, թե ազգային ավիափոխադրողը վերջապես իրականություն է դառնում, որևէ մեկը չպատկերացրեց, որ սա պարզապես հերթական գունազարդ պրոպագանդա էր։ Երկու տարի անց արդյունքն ակնհայտ է՝ պետական միջոցները մսխված են, ընկերությունը չկա, պատասխանատվություն կրող՝ նույնպես:

Դավիթ Փափազյանը, ով ղեկավարում էր ԱՆԻՖ-ը, այն կառույցը, որը, փաստացի, կառավարում էր ավիաընկերության ֆինանսական հոսքերը, ձախողման պահին ուղղակիորեն լքեց պաշտոնը՝ առանց որևէ բացատրության ու հաշվետվության։ Նա հեռացավ նույնքան անաղմուկ, որքան ղեկավարում էր ծրագրի մսխումը։ Հիմա ոչ ոք չի հարցնում՝ որտե՞ղ է 12 միլիոն դոլարը, ինչպե՞ս այն մսխվեց, և ինչո՞ւ ոչ ոք չի պատժվում։

Հարցերը շատ են, պատասխանները՝ զրո, բայց այնուամենայնիվ, այս հարցերի պատասխանները պետք է տրվեն:

  • Ինչպե՞ս է լինում, որ մյուս ավիաընկերությունները շահույթով են գործում, իսկ պետության կողմից ֆինանսավորվողը՝ սնանկանում
  • Ո՞վ է որոշում կայացրել այդ գումարը հատկացնել, ի՞նչ հաշվարկներով և ի՞նչ երաշխիքներով
  • Որտե՞ղ էր կառավարությունը, երբ ավիաընկերությունը տապալվում էր շուկայում։

Այս ամենը տեղի ունեցավ մի ժամանակահատվածում, երբ Հայաստանի օդային ուղևորահոսքերն աննախադեպ աճ էին գրանցում, և մյուս ավիաընկերությունները նույնիսկ ընդլայնում էին իրենց գործունեությունը մեր երկրում։

Ստացվում է, որ պետական հովանավորությունը ոչ թե աջակցեց ազգային փոխադրողին, այլ ուղղակի տապալեց այն։

Խայտառակությունն ավելի ցցուն է դառնում, երբ հիշում ենք, որ Նիկոլ Փաշինյանն այս ծրագրի երաշխավորն էր։ Առանց նրա հավանության, առանց նրա աջակցության, նման որոշում չէր կարող կայացվել։ Սա բացահայտում է պետության ղեկավարման ոչ միայն ռազմավարական պլանավորման բացակայությունը, այլև անպատասխանատու վերաբերմունքը պետական միջոցների հանդեպ, եթե ոչ՝ ի սկզբանե կանխամտածված թալանը:

Կառավարության և համապատասխան մարմինների լռությունը վկայում է կա՛մ անգործության, կա՛մ մեղսակցության մասին։ Իսկ հասարակությունը չի կարող շարունակաբար նայել, թե ինչպես են պետական միջոցները մսխվում՝ առանց որևէ հետևանքի։

Այլևս ապացուցված փաստ է, որ Տաթևիկ Ռևազյանի ղեկավարության տարիները Հայաստանի քաղաքացիական ավիացիայի համար դարձել են պատմության ամենամեծ ձախողման և խայտառակության շրջանը։ Նրա կառավարման տարիներին Հայաստանը ոչ միայն հայտնվեց ԵՄ «սև ցուցակում», այլև կորցրեց տարիների ընթացքում ձեռք բերած հեղինակությունը միջազգային ավիացիոն շուկայում։

Ռևազյանը, ով թմբկահարում էր ավիացիոն ոլորտի «բարեփոխումների» մասին, իրականում ոլորտը հասցրեց լիակատար քայքայման։ Հայկական ավիաընկերությունները կորցրեցին դեպի եվրոպական երկրներ թռիչքներ իրականացնելու իրավունքները, և Հայաստանը դարձավ համաշխարհային օդային ճանապարհներից անջատված գոտի։

Եվ մի շատ գեղեցիկ օր, որտեղ էլ լինի, Տաթևիկ Ռևազյանը ստիպված է լինելու կրել իր բաժին պատասխանատվության չափը, այդ թվում՝ քրեաիրավական հետևանքների տեսքով:

Տեսանյութեր

Լրահոս