Ավինյան-Փափազյան հերթական փուչիկը պայթեց ԱԺ-ում. հարկատուների գումարներով ստեղծված «Fly Arna»-ն եկամտաբեր չէ

Հայկական ավիացիան շարունակում է գտնվել ծանր վիճակում:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Քաղավիացիայի երբեմնի ղեկավար և Երևանի դե ֆակտո քաղաքապետ Տիգրան Ավինյանի հովանավորյալ Տաթևիկ Ռևազյանի բուռն ջանքերով Հայաստանը հայտնվել էր ԵՄ «սև» ցուցակում, ինչը նշանակում է՝ հայկական օդանավերի մուտքը Եվրոպայի օդային տարածք արգելված է: Միաժամանակ այդ ընթացքում Հայաստանում «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) հովանու ներքո ստեղծվում էր նոր ավիաընկերություն:

Խոսքը «Fly Arna» («Ֆլայ Արնա») ավիաընկերության մասին է:

Հիշեցնենք, որ ԱՆԻՖ-ի գործադիր տնօրենը Դավիթ Փափազյանն է՝ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանի որդին, իսկ տնօրենների խորհրդի ղեկավարը՝ Տիգրան Ավինյանը, որը պետք է իբր թե զարկ տար ավիացիայի ոլորտի զարգացմանը:

Ի դեպ, Դավիթ Փափազյանը նաև «Ֆլայ Արնա» ընկերության Խորհրդի նախագահն է:

Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ, և կրկին պայթեց հերթական փուչիկը:

Այսօր Ազգային ժողովում (ԱԺ) քննարկվում էր «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքը, և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) համապատասխան փոխնախարար Արմեն Սիմոնյանը, ներկայացնելով նախորդ տարվա վիճակագրությունը, ակամայից պայթեցրեց Ավինյան-Փափազյան դուետի հերթական փուչիկը։

Մասնավորապես, շատ հանկարծակի պարզվեց, որ ՀՀ-ի պատմության մեջ «աննախադեպ» համարվող «Fly Arna»-ն նույնիսկ չի մտնում ուղևորահոսքերի փոխադրման ծավալով 10 առաջատար ընկերությունների մեջ:

Ավելին, ՀՀ-ում այս պահին գործող 5 հայկական ավիափոխադրողների մեջ ծավալով նախավերջինն է՝ 78711 ուղևորներով։ Նորությունն այնքան շոկային էր ՔՊ-ականների համար, որ Սիսակ Գաբրիելյանը ճշգրտող հարց տվեց փոխնախարարին՝ ներեցեք, իսկ «Flay Arna»-ն չկա՞ այդ ցանկում:

Ի պատասխան՝ փոխնախարարն արդարացավ, թե ավիաընկերությունը 6 ամիս է գործում, ապա էլ ավելի բարդացրեց իրավիճակը, երբ վիճակագրություն հրապարակեց, ըստ որի, ինչպես արդեն նշեցինք, անգամ հայկական ավիափոխադրողների մեջ էր «Fly Arna»-ն հետնապահ:

Ի դեպ, արձագանքելով, Սիսակ Գաբրիելյանն իր համաձայնությունը չհայտնեց բերվող պատճառաբանությանը, ընդհակառակը, ասաց՝ մտածելու բան ունեն, որովհետև նույնչափ գործող այլ ավիաընկերություն, որը պետական ֆինանսավորում չունի, ավելի լավ արդյունքներ է ապահովել:

Այս նորությունն այսքան ցավալի չէր լինի, եթե տվյալ ավիաընկերությունը՝ «Fly Arna»-ն, չունենար պետական մասնաբաժին:

Հիշեցնենք, որ ՀՀ բյուջեն 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար էր ներդրել այս ավիաընկերության ստեղծման համար՝ այդ գումարը վերցնելով բառացիորեն հպարտ քաղաքացիների գրպանից:

Ստացվում է, որ այս նախագիծը փողերի հերթական աննպատակ վատնում էր՝ հանուն Ավինյան-Ռևազյան զույգի անձնական մանկամիտ ամբիցիաների բավարարման:

Եթե կան մասնավոր ընկերություններ, որոնք բավականին արդյունավետ գործում են, ապա ինչի՞ համար էր անհրաժեշտ մեր գրպանից միլիոնավոր դրամներ ներդնել և մրցակցության մեջ մտնել մի դաշտում, որում ակնհայտ պարտվելու ես:

Տեսանյութեր

Լրահոս