Սիրիայում ֆրանս-թուրքական գործակցության մասշտաբային բնույթի պարագայում, էական կլինի բնականաբար, եթե դա ինչպես կարտացոլվի Կովկասում․ Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

«Փարիզում այսօր հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ու նախկին ահաբեկիչ, այժմ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ Շարաան, որը իր պաշտոնում առաջին այցն է կատարել Ֆրանսիա:

Ընդ որում, Ալ Շարաայի Ֆրանսիա այցի հրավերը Մակրոնը նրան էր հղել փետրվարին, երբ հեռախոսազրույցով շնորհավորել են նրան նախագահի պաշտոնում հայտնվելու համար: Այդ հեռախոսազրույցի առանձնահատկությունը այն էր, որ տեղի ունեցավ Ալ Շարաայի Թուրքիա այցից անմիջապես հետո: Իսկ Շարաա-Մակրոն հեռախոսազրույցից երկու-երեք օր անց էլ հեռախոսով խոսեցին Մակրոնն ու Էրդողանը:

Օրերս ես հրապարակեցի տեղեկություն ու դիտարկումներս՝ Սիրիայի կառավարության և Ֆրանսիայի նավագնացության խոշորագույն ընկերության միջև պայմանագրի մասին, ըստ որի ֆրանսիական ընկերությունը ստացել է Լաթակիաի նավահանգստի կառավարման բազմամյա իրավունք:

Ինչպես նշել եմ, դա չէր կարող լինել առանց Ալ Շարաայի «հովանու»՝ Թուրքիայի համաձայնության: Եվ այստեղ իհարկե հարց է, որը այլ առիթներով շոշափել եմ նաև նախկինում՝ Ֆրանսիան Սիրիայում կգործակցի՞ Թուրքիայի հետ կայն ծավալով, թե՞ Լաթակիայի համաձայնությունը օրինակ կլինի եզակի:

Հավանաբար, Ալ Շարաայի ֆրանսիական այցը կպարունակի նաև այդ հարցի պատասխաններ: Իսկ դրանք կարևոր են նաև Հայաստանի համար, այո՝ հաշվի առնելով թե հայ-ֆրանսիական հարաբերությունն ու Ֆրանսիայի հավակնությունները Հայաստանում, ու այդ միջոցով էլ՝ Կովկասում, թե Թուրքիայի կովկասյան հավակնությունները, թե Ֆրանսիայի դեմ Ադրբեջանի կոշտ դիրքավորման, գործնականում բացահայտ ֆրանսիաֆոբ քաղաքականության հանգամանքը:

Սիրիայում ֆրանս-թուրքական գործակցության մասշտաբային բնույթի պարագայում, էական կլինի բնականաբար, եթե դա ինչպես կարտացոլվի Կովկասում՝ ուղղակի, թե անուղղակի, ի՞նչ տրամաբանությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս