Խորացող տնտեսական անկման ֆոնին հնչող «հաջողության» պատմությունները

2025թ. հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է տարվա առաջին երեք ամիսների կտրվածքով 2022 թվականից ի վեր գրանցված ամենացածր տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ)՝ 4.1%։ Դրա հիմնական պատճառը նախորդ տարիների բարձր տնտեսական աճին նպաստած հիմնական գործոնների ազդեցության էական թուլացումն է (որոշ գործոնների դեպքում՝ պարզապես զրոյացումը)։

ՏԱՑ-ի զգալի նվազումից բացի խիստ մտահոգիչ զարգացումներ են արձանագրվել նաև տնտեսության կառուցվածքում։ Մասնավորապես, արդեն մի քանի ամիս շարունակ չափազանց խոր անկում է արձանագրվում արդյունաբերության ոլորտում. 2025 թվականի առաջին երեք ամիսների արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոլորտի նվազումը 18.5% է։ Էապես՝ 54%-ով, նվազել է նաև արտաքին առևտրաշրջանառությունը։ Ընդ որում, կտրուկ նվազել են թե՛ արտահանումը և թե՛ ներմուծումը՝ համապատասխանաբար 62 և 48%-ով։

Արդյունաբերության ոլորտի և արտահանման այսպիսի կտրուկ նվազումը մտահոգիչ է մասնավորապես նրանով, որ դրանց ֆոնին չափազանց իրատեսական է ՏԱՑ-ի հետագա դանդաղում ակնկալելը։ Գրեթե վստահաբար կարելի է պնդել, որ ամիսներ շարունակ արձանագրվող բացասական միտումների պահպանման պարագայում տնտեսական աճն էապես ավելի ցածր կլինի քան 5.1% ցուցանիշը, որը որպես կառավարության կանխատեսում դրված է 2025 թվականի պետական բյուջեի հիմքում։ Այս մասին արդեն իսկ «ահազանգում են» տարբեր միջազգային կազմակերպությունները և ռեյտինգավորող ընկերությունները։ Մասնավորապես, Արժույթի Միջազգային Հիմնադրամը Հայաստանի 2025թ. տնտեսական աճի վերաբերյալ իր նախկին 5% կանխատեսումը նվազեցրել է մինչև 4.5%, Համաշխարհային բանկը՝ 5%-ից` 4%, Fitch ռեյտինգավորող ընկերությունը՝ 5.5%-ից` 4.5%:

Ըստ էության, սա նշանակում է նաև, որ այս կազմակերպությունների կարծիքով 2025 թվականի պետական բյուջեի եկամուտների հավաքագրումը կասկածի տակ է։ Հիշեցնենք, որ անցյալ տարի նույնպես բյուջեի եկամուտները թերհավաքագրվել էին՝ հաստատված պլանի համեմատ 5.3%-ով։ Ընդ որում, բյուջեի հարկային եկամուտների թերհավաքագրումը դրանից ավելի մեծ է եղել՝ հաստատված պլանի նկատմամբ՝ 8.5%, իսկ ճշտված պլանի համեմատ՝ 7.3%։ Ի դեպ, հարկ է նշել, որ 2024 թվականին պետական բյուջեն թերակատարվել է նույնիսկ այն պարագայում, որ փաստացի տնտեսական աճը նույնիսկ 0.3 տոկոսային կետով գերազանցել է պետական բյուջեի հիմքում դրված 5.6% բազային ցուցանիշը։ Իսկ քանի որ բոլոր հիմքերը կան ակնկալելու, որ 2025-ին տնտեսական աճը լինելու է բյուջեի հիմքում դրված 5.1%-ից ցածր, առավել քան հիմնավոր է այն մտավախությունը, որ այս տարի ևս պետական բյուջեի եկամուտները կթերհավաքագրվեն, ինչը նշանակում է, որ պլանավորված ծախսերը կա՛մ կթերակատարվեն, կա՛մ դրանք հնարավոր կլինի ապահովել միայն պետական պարտքի ավելացման հաշվին։

Կարդացեք նաև

Ի դեպ, օրերս ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն իր ասուլիսում ասել էր, որ 2024թ. արդյունքներով պարտք/ՀՆԱ ցուցանիշը նվազել է 0.1 տոկոսային կետով, քանի որ «մեր պարտքն աճել է ավելի դանդաղ քան մեր աճն է տեղի ունենում. այսինքն` մենք հարստանում ենք ավելի արագ, քան մենք պարտք ենք վերցնում»։ Այս հարցում նախարարի մեկնաբանությունը ընդունելու դեպքում գալիս ենք մի շատ հետաքրքիր եզրահանգման։ Քանի որ 2025թ. բյուջեով կառավարությունն ակնկալում է, որ 2025-ի տարեվերջին «պետական պարտք/ՀՆԱ» ցուցանիշը կազմելու է 54.3% կամ 2024-ի տարեվերջի ցուցանիշից միանգամից 4.0 տոկոսային կետով ավելի, իսկ 2026-ին՝ 55.7%, ապա ստացվում է, որ մենք առնվազն այս և հաջորդ տարի անխուսափելիորեն պարտքի աճի «հետևից չենք հասցնելու»։ Ընդ որում, վերոհիշյալ ցուցանիշները նույնպես պլանավորվել են 5.1% տնտեսական աճի կանխատեսման պարագայում:

Ասուլիսի ընթացքում, պատասխանելով լրագրողի հարցին, նախարարը նաև խոսեց պետական պարտքի ավելացման դրական կողմերի մասին՝ ասելով, որ, եթե պարտք վերցնելու շնորհիվ բյուջեի եկամուտներն աճելու են 200 մլրդ դրամով, մինչդեռ այդ պարտքի տարեկան սպասարկումը 20-30 մլրդ դրամ է, ապա ինչո՞ւ խուսափել պարտք վերցնելուց։ Այնուհետև ավելացրեց. «Պրոբլեմը էնտեղ կարող ա լինի, որ մենք պարտք վերցնենք, որպեսզի ինչ-որ բան կառուցենք ու չկառուցենք»։

Այս առումով նշենք, որ գործող իշխանության օրոք կապիտալ ծախսերը 7 տարիների ընթացքում տարեկան ճշտված պլանների համեմատ ընդհանուր առմամբ թերակատարվել են 324.5 մլրդ դրամով կամ մոտավորապես 833 մլն ԱՄՆ դոլարով (հաշվարկված ներկայիս դոլար/դրամ փոխարժեքով), այսինքն՝ գործող իշխանությունները բացահայտ ընդունում են, որ իրենց կառավարման անհետևողականությունը և անգործությունն ուղղակիորեն վերածվում են սերունդների ուսերին ծանրացած պարտքային բեռի, որը ոչ միայն չի ապահովում երկրի զարգացման խոստացված արդյունքները, այլև ծառայում է իշխանական պոպուլիզմի սնուցմանը։ Սա փաստացի նշանակում է՝ ամեն նոր պարտք դառնում է անհեռատես կառավարման վկայագիր, որը վճարելու են ապագա սերունդները՝ երկրի տնտեսական անկախության գնով։ Ավելին, վերջին տարիներին կատարված կապիտալ ծախսերի զգալի մասը վերաբերում են պաշտպանության նախարարությանը։

Բնականաբար, որևիցե մեկը չի կարող կասկածի տակ դնել պաշտպանության/անվտանգության վրա կատարվող ծախսերի ռազմավարական կարևորությունը։ Այնուամենայնիվ, քանի որ պետական պարտքը վերցնում ենք տնտեսական աճի պոտենցիալն ավելացնելու նպատակով, ապա պաշտպանական ծախսերի ավելացումն ուղղակիորեն չի կարող նպաստել դրան։

Բացի այդ, պարզ չէ, թե պարտքի տարեկան սպասարկման ի՞նչ 20-30 մլրդ դրամի մասին է խոսքը։ Համաձայն 2025թ. պետական բյուջեի՝ կառավարության պարտքի սպասարկման ծախսերը այս տարի կազմելու են 394.1 մլրդ դրամ։ Պարտքի տոկոսավճարները 2025-ին կազմելու են ընդհանուր ծախսերի շուրջ 10.5%-ը, իսկ մինչև 2027թ. հասնելու են 12.8%-ի։ Ընդ որում, պարտքի տոկոսավճարների կշիռը ծախսերում ավելի մեծ է, քան նախորդ որոշ տարիներին, երբ պարտքի տեսակարար կշիռը շատ ավելի մեծ էր։ Օրինակ, 2021 թվականին, երբ «պետական պարտք/ՀՆԱ» ցուցանիշն անցել էր 60%-ից, տոկոսավճարները կազմում էին ընդհանուր ծախսերի 8.9%-ը։

Թվում է, թե մեր տնտեսության ու պետական բյուջեի «գլխին կուտակվող սև ամպերը» պետք է առավել զգուշավոր դարձնեին երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին, բայց ոչ՝ նույնիսկ այս խիստ բացասական զարգացումները նրանք ներկայացնում են որպես լրջագույն ձեռքբերումներ։ Այնպես ինչպես «պարտությամբ ձեռք բերեցինք ինքնիշխանություն», «պատերազմը խաղաղություն է», «աղքատությունը մարդկանց գլուխներում է» և այլ «հանճարեղ» մտապոռթկումներ։

Օրերս տնտեսական դեմագոգիայի հերթական մաստեր կլաս անցկացրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հարկ վճարողի օրվա առիթով «Արմենպրես» գործակալության կողմից իրականացվող փոդքասթային շարքի շրջանակներում ներկայացնելով նախարարության ծրագրերը: Մասնավորապես, նա նշեց, որ էկոնոմիկայի նախարարությանը պետական բյուջեից 2024թ հատկացվել է 75.8 մլրդ դրամ, որից «մոտ 70 միլիարդը վերադարձրել ենք բիզնեսին, որ բիզնեսը վճարի 170 մլրդ դրամ հարկ: Այսինքն՝ սա պետության կողմից ներդրում է: Մենք վերցնում ենք, հարկերի մի մասը վերադարձնում ենք բիզնեսին, որ բիզնեսը զարգանա ու հաջորդ տարի վճարի ավելի շատ հարկ»:

Ամենայն հավանականությամբ, խոսելով 170 մլրդ դրամ հարկի մասին, նախարարը նկատի ուներ 2023-ի համեմատ 2024-ին ավել հավաքագրված 169 մլրդ դրամ հարկային եկամուտների ու պետական տուրքերի մեծությունը։ Փաստորեն, նախարարը համարում է, որ հարկերի ծավալի աճն ընդհանրապես կապ չունի անվանական ՀՆԱ-ի 7.1% աճի հետ, այլ բացառապես պայմանավորված է էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված աջակցության ծրագրերով։ Հուսով ենք նախարարը կարտոնագրի իր այս գյուտը, որն ընդամենը մեկ տարվա ընթացքում ապահովում է իրականացված աջակցության ծրագրերի մուլտիպլիկատիվ (շուրջ 2.5 անգամ ավելացած) վերադարձ։

Ավելին, խոսելով հարկ վճարելու կարևորության մասին, նախարարը նշեց, որ բոլոր տնտեսավարողներին հարկելը նաև նպատակ ունի ապահովելու հավասար մրցակցային պայմաններ, քանի որ, եթե որևէ տնտեսավարողի հաջողվում է խուսափել հարկ վճարելուց, ապա նա ստանում է անարդար մրցակցային առավելություն։ Այս իմաստով, ստեղծվում է կոպիտ հակասություն. մինչ իշխանությունները խոսում են հավասար մրցակցային պայմաններ ապահովելու կարևորության մասին, նրանց աջակցման ծրագրերը (օրինակ՝ անհուսալի վարկերի գծով) խրախուսում են անհավասար մրցակցային պայմաններ. մի տնտեսվարող, որը տարիներ շարունակ խուսափել է վարկի մարելուց, պարգևատրվում է «խուսափողականության» համար՝ ստանալով նոր հնարավորություններ և նույնիսկ լրացուցիչ ֆինանսական աջակցություն։ Մինչդեռ իր հարկերը ճշտությամբ վճարած և դրան զուգահեռ պարտաճանաչորեն վարկային պարտավորությունները մարած տնտեսվարողը ստիպված է լինում կրել «օրինակելիության» հավելյալ բեռը՝ իր իսկ վճարած հարկերով լրացնելով բյուջետային կորուստները։

Խոսելով զբոսաշրջության զարգացման հիմնախնդիրներից նախարարը որպես լրջագույն խոչընդոտ նշեց Հայաստանի արտաքին անվտանգային համակարգի մասին շատ զբոսաշրջիկների մոտ ձևավորված բացասական կարծիքը։ Անհնար է չհամաձայնել այս դիտարկման հետ։ Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել ևս մեկ լուրջ հանգամանք։ Եթե անբարենպաստ արտաքին անվտանգային համակարգը «հետ է պահում» պոտենցիալ զբոսաշրջիկին, որը Հայաստանում պետք է գտնվի ընդամենը մի քանի օր և արտաքին անվտանգային միջավայրի վերաբերյալ պետք է անի կարճաժամկետ՝ ընդամենը մի քանի օրվա կանխատեսում, ապա ինչպե՞ս կարող է այն լրջագույն խոչընդոտող գործոն չլինել օտարերկրյա ներդրումների համար, որոնք պահանջում են առաջիկա մի քանի տարիների (որոշ դեպքերում՝ տասնամյակների) անվտանգային կայունության երաշխիքներ։

Թերևս դա է հիմնական պատճառը, որ նախկինում տարածաշրջանային կենտրոն դառնալու հավակնություն ունեցող մեր երկիրը այսօր հայտնվել է ներդրումային քարտեզի լուսանցքում։ Ըստ վիճակագրական կոմիտեի և միջազգային աղբյուրների տվյալների՝ վերջին երեք տարիների ընթացքում ներգրավված ուղղակի օտարերկրյա ներդրումները (ՕՈՒՆ) շարունակաբար նվազում են։

Համավարակի և 44-օրյա պատերազմի տարվա՝ 2020-ի համեմատ 2022-ին ՕՈՒՆ-ն աճել էր 8.5 անգամ՝ հասնելով 998 մլն ԱՄՆ դոլարի, սակայն հաջորդ երկու տարիների ընթացքում այն ընդհանուր առմամբ 7.2 անգամ նվազել է՝ կազմելով ընդամենը 138.5 մլն դոլար։ Այս ցուցանիշով մեր երկիրը կրկին համեմատելի է բոլոր առումներով անկումային 2020-ի հետ (2020-ին ՕՈՒՆ-ը կազմել են 117.3 մլն դոլար)։ Ի դեպ, չնայած գործող կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրով նպատակադրվել է ՕՈՒՆ/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 6%-ի, 2024-ի արդյունքներով փաստացի ցուցանիշը 10 անգամ փոքր է թիրախայինից՝ ընդամենը 0.6%:

Ըստ էության, կարելի է փաստել, որ տնտեսական զարգացման բացասական միտումները ոչ միայն խորանում են, այլև կարծես դիտավորյալ անտեսվում են իշխող ուժի կողմից։ Այս պայմաններում, փոխանակ ընդունելու իրենց քաղաքականության ձախողումները և որոնելու իրական լուծումներ, իշխանավորները շարունակաբար բարձրաձայնում են «աննախադեպ ձեռքբերումների» մասին՝ իրենց հայտարարությունները վերածելով բացահայտ ինքնագովազդի։

Սա ոչ թե պետության զարգացման ծրագրի, այլ քաղաքական մանիպուլյացիաների հերթական օրինակն է, որն առավելապես ծառայում է իրենց իշխանության ամրապնդմանը՝ ի հեճուկս երկրի տնտեսական և սոցիալական բարօրության։ Արդյունքում, ստացվում է մի իրականություն, որտեղ թվերն ու փաստերը ցույց են տալիս անկում, մինչդեռ վերևից հորինում են «հաջողության» հերթական պատմությունները՝ մոլորեցնելով հանրությանը և խորացնելով անվստահությունը։

Տեսանյութեր

Լրահոս