1994թ. հրադադարը ճիշտ որոշում էր. պատահական չէր, որ 2016թ. Ապրիլյան պատերազմից հետո ադրբեջանցիներն առաջարկում էին հրադադարի նոր պայմանագիր կամ համաձայնագիր ստորագրվի, ինչը կատեգորիկ, կտրականապես մերժվեց. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայկական համալսարանի դասախոսների և ունկնդիրների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:

Նարեկ Ալեքսանյան` Հայկական համալսարանի 8-րդ հոսքի ունկնդիր.

– Պարոն Սարգսյան, եթե հնարավորություն ունենայիք վերադառնալ անցյալ և փոխել պատերազմական ու հետպատերազմական շրջանի ոևևէ ռազմավարական որոշում կամ քաղաքական ուղեգիծ, ո՞րը կլիներ այն և ինչո՞ւ: Խոսքն Արցախյան առաջին հաղթական պատերազմի և դրան հաջորդած տարիների մասին է:

Սերժ Սարգսյան– Երևի աշխարհում եղած շատ-շատ դժվար հանգամանքներից ամենադժվարներից մեկը ժամանակի անիվի ետ պտտելն է: Դժվար թե Դուք հիշեք, բայց կարծում եմ, որ այստեղ նստած են մարդիկ, ովքեր կարող են հիշել, որ Սովետական միության ժամանակ կար մի հայտնի ֆիլմ, որ կոչվում է “Иван Васильевич меняет профессию”, որտեղ գիտաշխատողը, փորձելով հնարել մի այդպիսի անիվ, ընկնում է մի շատ անհեթեթ իրավիճակի մեջ: Իհարե, չեմ կարծում, որ իրադարձությունները նույն հերթականությամբ կլինեին կամ նույնատիպ կլինեին, ինչպիսիք այն ժամանակ էին, որովհետև մի բան է 34-35 տարեկանում լծվել մի գործի, որ շատ-շատերի կողմից, իհարկե, Լեռնային Ղարաբաղից դուրս և Հայաստանից դուրս դիտվում էր որպես անհնարին մի բան, և այլ բան է, երբ տարիների փորձով կարող ես վերադառնալ այդ նույն գործին: Բայց միանշանակ չէ, որ նույն եռանդը կլինի, միանշանակ չէ, որ նույն համոզումնքը կլինի, բայց այնուհանդերձ կարծում եմ, որ ցանկացած իրադարձություն, ցանկացած անցք, ինչպես մեր պատմիչներն էին ասում` միշտ պետք է դիտարկել կոնկրետ ժամանակի մեջ: Այնպես որ, արել ենք այն, ինչ պահանջում էր մեր ժողովուրդը, արել ենք այնքան, ինչքան մեր հոգու կանչն էր և կարողությունների սահմաններում էր:

Կարդացեք նաև

Անկեղծ ասած ես լավ չեմ հասկանում, թե հարցն ինչի մասին է: Փորձեմ ենթադրել: Ինչո՞ւ լավ չեմ հասկանում, որովհետև անկախ բոլոր հանգամանքներից մենք կարողացանք այդ շարժումը ձևավորել: Փոխարենը ստացանք պատերազմ, այդ պատերազում կարողացանք պաշտպանել մեր` նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը, մի բան էլ ավելին, այսինքն` ամբողջովին հաջողությամբ պսակվեցին մեր ջանքերը: Ենթադրում եմ, որ Դուք նկատի ունեք 1994 թվականի մայիսի 12-ին ստորագրած Ադրբեջանի հետ հրադադարի պայմանագիրը: Ճի՞շտ եմ հասկանում, թե՞ ոչ:

Խորապես համոզված եմ, որ Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը շատ ճիշտ որոշում է կայացրել: Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ սխալ էր հրադադար ստորագրելը և այլն, և այլն, իրավիճակին չէին տիրապետում և այն ժամանակ, և դրանից հետո: Ուղղակի մեծախոսությամբ էին երևի տառապում: Չեմ ուզում ոչ նսեմացնել, ոչ էլ գերագնահատել այդ իրադարձությունները, բայց ուզում եմ գոնե մեկ օրինակ բերել, որպեսզի Ձեզ համար հասկանալի լինի:

Մենք 1993 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ունեինք ավելի մեծ տարածք մեր վերահսկողության տակ, քան ենթադրենք ասենք 1994 թվականի փետրվարին կամ մարտին: Սա մի հանգամանք: Երկրորդ հանգամանքը, ավելի ճիշտ հանգամանք չէ, այլ օրինակ բերեմ Ձեզ, մենք 1994 թվականի մարտ-ապրիլ ամիսներին մեր զրահատեխնիկան Լեռնային Ղարաբաղի մի պաշտպանական շրջանից` մի հատվածից գիշերվա ընթացքում տեղափոխում էինք մի այլ հատված, որպեսզի հակառակորդին ցույց տանք, թե ինչքան շատ զրահատեխնիկա ունենք մենք: Ասածս հետևյալն է, որ տևական ռազամական գործողությունների հետո` պատերազմից հետո, մեր ուժերն էլ այդքան շատ չէին:

Բայց կա շատ ավելի կաևոր հանգամանք. ասում էին չդադարեցնեինք: Լավ չէինք դադարեցնում: Ո՞րը պետք է լիներ նպատակը: Այսինքն` մենք պետք է հասնեինք Բաքու, գերի վերցնեինք Ադրբեջանի ղեկավարությանը և ասեինք` ճանաչե՞ք: Ի՞նչ եք կարծում, մենք ունեի՞նք այդպիսի հնարավորություններ:

Երկրորդ հանգամանքը կա: Կարևորը ռազմական գործողությունների ժամանակ տարածք գրավելը չէ: Որովհետև տարածք գրավելուց հետո անհրաժեշտություն կա այդ տարածքը պահել: Մենք ի վիճակի՞ էինք այդ մեծ ռազմաճակատի մեծ գիծը երկու-երեք անգամ էլ մեծացնեինք ու, էլի այսպես ասեմ, ամուր պաշտպանեինք: Ոչ, իհարկե ոչ: Ի վերջո, անգամ հարյուրամյա պատերազմներն են չէ՞ ավարտ ունենում: Բայց դա ձեռբերում էր, չէ՞, երբ Ադրբեջանը հրադադարի առաջարկով դիմել էր նաև Լեռնային Ղարաբաղին: Դուք գիտե՞ք արդյոք, որ այդ համաձայնագրի տակ ստորագրել են ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները, այլ նաև Լեռնային Ղարաբաղի: Եվ հենց այդ ստորագրության համար երկար տարիներ Ադրբեջանը մեծ ջանքեր էր գործադրում այդ ստորագրությունն այդ համաձայնագրի տակից հանելու համար: Եվ պատահական չէ, որ 2016 թվականին` Ապրիլյան պատերազմից հետո, ադրբեջանցիներն առաջարկում էին, որպեսզի հրադադարի նոր պայմանագիր կամ համաձայնագիր ստորագրվի, ինչը հայկական կողմից կատեգորիկ, կտրականապես մերժվեց:

Այնպես որ, ես փորձեցի ներկայացնել և իրավիճակը, և այն մղումենրը, որոնցով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունն առաջնորդվել էր:

Տեսանյութեր

Լրահոս