
Կյանքից հեռացել է մոլորակի ամենատարեց մարդը

116 տարեկան 326 օրական հասակում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը՝ բրազիլացի միանձնուհի Ինա Կանաբարու Լուկասը, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Բրազիլիայի Պորտո Ալեգրե քաղաքի Կարմելիտ քույրերի միաբանության հայտարարությունը։
Ինա Կանաբարուն ծնվել էր 1908 թվականի հունիսի 8-ին, նա միանձնուհի էր դարձել 1934 թվականին՝ 26 տարեկանում, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում։ Կանաբարուն Երկրի ամենատարեց բնակչի կարգավիճակ է ստացել 2024 թվականի դեկտեմբերին ճապոնացի Տոմիկո Իտոոկայի մահից հետո, վերջինս ապրել էր 116 տարի։
Համաձայն Ամերիկյան Գերոնտոլոգիայի հետազոտական խմբի և LongeviQuest տվյալների բազայի (կազմակերպություն, որը ստուգում է աշխարհի ամենատարեց մարդկանց տարիքը), այժմ աշխարհի ամենատարեց բնակչի կոչումը պատկանում է Էթել Քաթերհեմին՝ 115-ամյա կնոջը Սուրեյից, Մեծ Բրիտանիա: