11 մլրդ դոլարի առեղծվածը. Ի՞նչ է արել այս գումարը «հեղափոխականների» կառավարությունը  

Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը կոկորդ է պատռում, թե իրենց իշխանության գալուց հետո պետական բյուջեի մուտքերն աննախադեպ ավելացել են։

«Հետհեղափոխական 7 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 4․2 միլիարդ դոլար։

Այս թվի մեջ, բնականաբար, չի ներառված պետական պարտքը, պետական պարտքը չի հաշվառվում՝ որպես պետական բյուջետային եկամուտ։

Այս թվի մեջ չեմ ներառել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2020 թվականին պետական բյուջեին փոխանցած գումարները։

Կարդացեք նաև

Այսինքն, խոսքը բյուջեի մաքուր, հեղափոխական եկամտի մասին է»,- Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է Նիկոլ Փաշինյանը՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե իր կառավարությունն անհավանական հաջողության է հասել պետական բյուջեի եկամուտներն ավելացնելու առումով։ Ոչինչ, որ նախկինում դրանից շատ ավելի անհավանական լավ ժամանակներ են եղել՝ պետական բյուջեի եկամուտների ավելացման առումով։ Բայց դրան չէ, որ ուզում ենք անդրադառնալ։

Նիկոլ Փաշինյանը «համեստորեն» բյուջեի 4.2 մլրդ դոլար հավելյալ մուտքերից է խոսում, այնինչ իրականում բյուջե մտած գումարներն անհամեմատ ավելի մեծ են եղել։

Բյուջե ոչ միայն 4.2 մլրդ դոլար է մուտք եղել հարկերի ու հարկային եկամուտների տեսքով, այլև վերցրած վարկերի ու այլ պարտքերի տեսքով։ Խոսքն ավելի քան 6,9 մլրդ դոլարի մասին է, որը վերջին 7 տարիներին երիտհեղափոխականների իշխանությունը պարտքերի միջոցով դրել է պետության ու քաղաքացիների վրա։

Ստացվում է, որ իրենց իշխանության 7 տարիներին հեղափոխականների ձեռքի տակ ավելի քան 11 մլրդ դոլարի բյուջետային լրացուցիչ եկամուտ է եղել։

Սա անհավանական մեծ գումար է Հայաստանի համար։ Եվ ի՞նչ են արել այդ գումարները, ինչի՞ վրա են ծախսել, ի՞նչ արդյունք են ստացել, ինչքանո՞վ են լուծել երկրի անվտանգության ու պաշտպանության ամրապնդման, տնտեսության ու քաղաքացիների սոցիալական խնդիրները։

Ոչ մեկը չի կարող ասել, որ այս հսկայական գումարները ծախսելուց հետո, այսօր Հայաստանն ավելի անվտանգ է ու պաշտպանված, քան 7 տարի առաջ էր։

Ո՛չ աղքատությունն են նվազեցրել, ո՛չ հասարակության անապահով խավի սոցիալական վիճակն են բարելավել, ո՛չ էլ տնտեսությունն են զարգացրել։

Յոթը տարում Հայաստանում որևէ խոշոր տնտեսական պրոյեկտ, ենթակառուցվածքային նախագիծ չի իրականացվել։ Եթե նույնիսկ նախաձեռնել են՝ ավարտին չեն կարողացել հասցնել, ու դրանց արդյունքը տեսանելի չէ։

Հասարակության աղքատ հատվածն ինչպես եղել, այնպես էլ շարունակել է մնալ աղքատության մեջ։ Բարձր գնաճի ու ցածր եկամուտների պատճառով նրանցից շատերն այսօր նույնիսկ ավելի վատ են ապրում, քան ապրում էին տարիներ առաջ։

Գնաճը շատ ավելի բարձր է եղել, քան հարյուր-հազարավոր քաղաքացիների եկամուտների աճը։ Ու այս մարդիկ հայտնվել են սոցիալապես ավելի ծանր վիճակում։

Անգամ ծայրահեղ աղքատությունը չեն կարողացել վերացնել։ Ծայրահեղ աղքատների քանակը ինչպես եղել, այնպես էլ շարունակել է լինել նույն մակարդակում։

Յոթ տարում 11 մլրդ դոլարի լրացուցիչ գումար է մտել պետական բյուջե ու դուրս եկել, երկիրն ու քաղաքացին որևէ շոշափելի արդյունք չի ստացել։

Փոխարենը, ինչպես տեսնում ենք, իշխանության եկած երիտհեղափոխականներն են հեղափոխական տեմպերով հարստացել։ Հարստացել են այս գումարների հաշվին, հարստացել են՝ ինչպես իրենց աշխատավարձերը կրկնակի-եռակի բարձրացնելու, այնպես էլ՝ տարբեր յուղոտ պատառներ ձեռք գցելու միջոցով։ Գրեթե բոլորը, մեկ մարդուն նման, պետական բյուջեի աջակցությամբ հիփոթեքով բնակարան են ձեռք բերել։ Տպավորություն է, որ այդ ծրագիրը հատուկ պահել էին՝ որպես փոխհատուցում երիտհեղափոխականներին։ Հենց իրենց բնակարանային կարիքները լուծեցին-ավարտեցին՝ ծրագիրը մասամբ դադարեցին, մասամբ էլ աջակցության գումարները կրճատեն։

Միայն այս ծրագրի համար 7 տարում շուրջ 680 մլն դոլար են դուրս գրել պետական բյուջեից։

Այն դեպքում, երբ ավելի քան 500 հազար թոշակառուների թոշակները բարձրացնելու վրա 7 տարում ծախսել են 580-590 մլն դոլար։ Ավելի քիչ, քան ծախսել են պետական պաշտոնյաներին, բարձր եկամուտներ ունեցողներին ու հասարակության ապահով խավին՝ պետության հաշվին բնակարան գնելու հնարավորություն ընձեռելու վրա։

Ցույց են տվել, թե տնտեսական ծրագրեր են արել, բայց դրանից տնտեսությունն արդյունք չի ստացել։ Ոչ միայն տնտեսության պոտենցիալը չի ավելացել, այլև տնտեսության իրական հատվածի գործերն են վատացել։ Արդյունաբերությո՞ւնը, թե՞ գյուղատնտեսությունն են զարգացրել։ Գյուղատնտեսության արտադրանքի ծավալը նույնիսկ կրճատվել է։ Յոթ տարի հետո Հայաստանում ավելի քիչ գյուղմթերք է արտադրվել, քան արտադրվում էր այն ժամանակ, երբ բյուջեն 11 մլրդ դոլարի լրացուցիչ ծախսեր չէր արել։

Ոչ մի որակական փոփոխություն չի եղել նաև արդյունաբերության մեջ։ Այն ինչպես կար, այնպես էլ շարունակել է առանձնանալ իր ցածր արտադրողականությամբ։ Նոր արտադրություններ Հայաստանում չեն բացվել, նոր ապրանքներ չեն թողարկվել, նոր հզորություններ չեն ստեղծվել։ Տնտեսության բարդության գործակիցը, որը պիտի դառնար երկրի կայուն զարգացման հիմքերից մեկը, ոչնչով չի բարելավվել։ Միլիարդավոր դոլարները, որոնք հարկային լրացուցիչ մուտքերի ու պարտքերի հաշվին մտել են բյուջե, անիմաստ ծախսել են, ոչ մի քար չեն ավելացրել տնտեսության կարողությունների վրա, որպեսզի գոնե վաղը հնարավոր լինի այդ հսկայական պարտքերը վերադարձնել։

Ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում 2-3 տարի է՝ 1.7 մլրդ դոլարի բացահայտումներից են խոսում։ Դեռ մեծ հարց է, թե վերջում ինչ կմնա այդ գումարից։ Իսկ որ 7 տարում 11 մլրդ դոլարը վատնել են, խոսքը չկա։

Մեկը պե՞տք է պատասխան տա նրա համար, թե ի՞նչ են արել այդ 11 մլրդ դոլարը, ինչքանո՞վ են այդ գումարները ծառայել երկրի անվտանգության ամրապնդմանը, տնտեսության զարգացմանն ու քաղաքացիների բարօրության բարձրացմանը։ Թե՞ կարծում են՝ կառավարությանը տգետ հայտարարելով՝ բոլոր հարցերը փակելու են։ Այդ 11 միլիարդը ժողովրդի գրպանից է դուրս եկել ու դեռ տարիներ շարունակ դուրս է գալու՝ պարտքերը փակելու տեսքով։ Գալու է այն օրը, երբ ժողովուրդը պատասխան է պահանջելու վատնված միլիարդների համար։

 ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս