
Կաշառում են, որ չբողոքեն, ակցիաներ չանեն

Մինչ կառավարությունը փորձում է կաշառքով փակել շրջհարկի բարձրացումից դժգոհողների բերանը, փոքր ու միջին ձեռնարկատերերը պատրաստվում են վերսկսել բողոքի գործողությունները՝ ընդդեմ օրենսդրական այն փոփոխությունների, որոնք շատերի կյանքը վերածել են դժոխքի։
Այն բանից հետո, երբ շրջհարկի կրկնապատկումից դժգոհ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները պարբերաբար բողոքի ակցիաներ էին կազմակերպում կառավարության դիմաց՝ իշխանությանը մեղադրելով իրենց օրվա հացից զրկելու, աշխատելու հնարավորություն չտալու, բիզնեսը պարտադրաբար փակելու ու գործունեությունը դադարեցնելու հիմքեր ստեղծելու մեջ, վարչախումբը գնաց հերթական խորամանկության՝ փորձելով կաշառել բողոքի ակցիաներ իրականացնողներին։ Առաջարկեց կարճաժամկետ անցումային շրջան՝ մինչև այս տարվա հուլիսի 1-ը, որպեսզի այդ ընթացքում շրջանառության հարկի դաշտում գործող փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներն իբր թե կարողանան իրացնել նախկինում առանց փաստաթղթերի ձեռք բերված ապրանքային մնացորդները և ազատվեն դրանք գույքագրելու բեռից։
Թե ինչպես պիտի բիզնեսը կարողանար տարիների ընթացքում ձեռք բերվածն իրացնել ընդամենը 6 ամսում, որ ազատվեր ապրանքային մնացորդների գույքագրումից, դա էլ այլ հարց է։
Ամեն դեպքում, շրջհարկի կիրառման անցումային շրջանի համար օրերս կառավարությունը որոշեց պետական բյուջեից 7.3 միլիարդ դրամ հատկացնել։
Միաժամանակ այդքանով ավելացրեցին բյուջեի եկամուտներն ու ծախսերը՝ ակնկալելով միանգամից 2 նապաստակ խփել։ Չնայած դա նման է նրան, երբ մի գրպանից փողը հանում, դնում ես մյուս գրպանն ու ցույց տալիս, թե այդքանով հարստացել ես։ Իրականում բյուջեն սրանից բացարձակ ոչինչ ստացավ, բայց եկամուտներն ու ծախսերն այդքանով ավելացան։
Սա էլ բյուջեն ուռճացնելու մի ձև է, որն այսքան տարի բարեհաջող իրականացնում են այս իշխանությունները։
Հատկացված գումարը նախատեսում են վերադարձնել այն հարկ վճարողներին, ովքեր ապրանքային մնացորդների իրացման ժամանակ կրկնակի բարձր հարկեր են վճարել ու դիմել են հետ ստանալու։ 7.3 միլիարդը դրա համար է։ Սակայն կասկած չկա, որ սահմանված ժամկետում այն երբեք չի իրացվելու, նույնիսկ դրա կեսը չի վերադարձվելու։ Պարզապես այդքան դիմողներ չեն լինելու։ Ոչ թե այն պատճառով, որ մարդիկ չեն ուզենալու հետ ստանալ ավել վճարած գումարները, այլ որովհետև ի վիճակ չեն լինելու 6 ամսում իրացնել այն ամբողջ ապրանքային մնացորդը, որը կուտակել են տարիների ընթացքում։
Թեպետ դա բնավ չի խանգարի իշխանություններին հետագայում հայտարարելու ու մեղադրելու փոքր ու միջին ձեռնակատերերին, թե պատրաստ են եղել այդքան գումար վերադարձնել փոքր ու միջին բիզնեսին՝ շրջհարկի կիրառման անցումային շրջանում, բայց դիմումներ չեն եղել։
7.3 միլիարդն այն գինն է, որով ուզում են փակել փոքր ու միջին բիզնեսի բերանը՝ անցումային շրջանից հետո, շրջհարկի կրկնապատկված բեռն անխոչընդոտ կիրառելու համար։ Բայց դա ոչնչով չի լուծելու շրջհարկի դաշտում գործող փոքր ու միջին ձեռնարկատերերի խնդիրը։ Անցումային շրջանից հետո էլ նրանք բախվելու են նույն դժվարությունների հետ, ի վիճակի չեն լինելու գույքագրել ապրանքային մնացորդները ու ցանկացած պահի հայտնվելու են հարկայինի թիրախում։ Պարտադրելու են ոչ միայն գույքագրել ապրանքները, այլև կրկնակի ավելի շատ հարկ վճարել, քան վճարում էին մինչև վերջին փոփոխությունները։
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբից ՔՊ-ականների ջանքերով առևտրով զբաղվողների համար շրջանառության հարկը 5-ից դարձավ 10 տոկոս։ Հանրային սննդի ոլորտում նախկին 6 տոկոսի փոխարեն՝ սահմանվեց 12 տոկոս, իսկ արտադրության համար 3,5 տոկոսի փոխարեն՝ 7 տոկոս շրջանառության հարկ։
Հարկի կրկնապատկումը փոքր ու միջին բիզնեսի շատ ներկայացուցիչների կանգնեցրել է անելանելի դրության առաջ։ Խոսում են բազմաթիվ տնտեսվարողների գործունեությունը դադարեցնելու ու բիզնեսը փակելու մասին։
Այս իրավիճակից ելքը փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները տեսնում են իրենց պահանջները կատարելու մեջ։ Այլապես կանգնելու են բազմաթիվ խնդիրների առաջ, որոնք առաջացել են ոչ միայն հարկային բեռի կտրուկ բարձրացման, այլև իրացման շրջանառությունների կրճատման հետևանքով։ Օնլայն առևտուրը մեծապես ազդել է առևտրի շրջանառությունների վրա։ Հարկային բեռի կրկնապատկումն ավելի է մեծացրել ճնշումը՝ գների հարկադիր բարձրացման պատճառով։
Գուցե այս պահին դեռ շատ նկատելի չէ, բայց այն, ինչ անում են իշխանությունները, տանելու է փոքր ու միջին բիզնեսի փակման։ Սրանով ճանապարհ են հարթում խոշորների համար, որոնք, անգամ առանց հարկային բեռի կրկնակի բարձրացման, աստիճանաբար կլանում էին փոքրերին ու դուրս մղում շուկայից։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ է տեղի ունենալու առաջիկայում՝ հարկային բեռը փոքրերի վրա կրկնակի ծանրացնելու ու բազմաթիվ այլ խնդիրների առաջ կանգնեցնելու պայմաններում։ Ոչ միայն հարկային բեռը, այլև ծախսերն են ավելանալու, այդ թվում՝ հաշվապահական ծառայությունների համար։
Ինչպես հայտնի է, հուլիսի 1-ից էլ հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպություններն են տեղափոխվելու համընդհանուր հարկման դաշտ ու հունվարի 1-ից կրկնապատկված 10 տոկոս շրջհարկի փոխարեն՝ վճարելու են գրեթե 30 տոկոս հարկ։
Այս ֆինանսական բեռն էլ է տեղափոխվելու հաշվապահական կազմակերպությունների ծառայություններից օգտվող ձեռնարկատերերի, այդ թվում՝ փոքր ու միջին ձեռնարկատերերի վրա։ Նրանք ստիպված են լինելու կրել ոչ միայն հարկերի կրկնապատկման, այլև այլ ծառայությունների թանկացման ֆինանսական բեռը։
Այս ամենը բերելու է նրան, որ փոքր բիզնեսի իրացման շրջանառությունները գնալով կրճատվելու են, խոշորներինը՝ ավելանա։ Փոքրերը դուրս են մղվելու, խոշորները՝ ավելի խոշորանան։ Այն, ինչին, ըստ ամենայնի, ձգտում են իշխանությունները։ Անունը դրել են խոշորների մոտ ստվերային շրջանառությունների դեմ պայքար, բայց փոքր ու միջին բիզնեսին են ճնշում։ Սա նրանց հաստատ լավ տեղ չի տանելու, եթե ձեռքերը ծալած նստեն ու սպասեն իշխանությունների բարեհաճությանը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ