
«Հայաստանում էլ իշխանությունը զավթածների կողմից փորձ է արվում մոռացության մատնել մեր հաղթանակները». Աննա Մկրտչյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր Հայրենական Մեծ պատերազմին նվիրված համաժողովի ժամանակ մեկ դրվագ պատմեց, թե ինչպես է իր տատիկի եղբայրը 17 տարեկանում կամավոր մեկնել ռազմաճակատ։ Սակայն նա չի տեսել հաղթանակը, քանի որ Կերչի համար մղվող մարտում զոհվել է։
«Պապիկիս եղբայրն անցնելով պատերազմի բոլոր 4 տարիները, տեսել է հաղթանակը և շքանշաններով վերադարձել հայրենիք։ Վստահ եմ, որ այս արժանապատիվ ժառանգությունը յուրաքանչյուրիս ընտանիքում, յուրաքանչյուրիս մեջ մեզ անսահման կամքի, ուժի հնարավորություն է տալիս այսօրվա չարիքի դեմ պայքարելու համար։
Ակնհայտ է, որ այսօր ՀՀ-ում այն ռիսկերն ու մարտահրավերները, որոնք կան թե՛ ներսից, թե՛ դրսից, անհրաժեշտություն է ստեղծում այս հաղթանակի հիշողությունը մեր մեջ տանել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի նոր հաղթանակներ կերտելու համար»,- նշեց Աննա Մկարտչյանը։
Պատգամավորի խոսքով՝ ՀՀ քաղաքացին այսօր էլ է բախվում շատ մարտահրավերների, որոնք դրված էին 80 տարի առաջվա հաղթանակի հիմքերում և նպատակ ունեին դրանք հաղթահարել։ Այսօր ՀՀ-ում գտնվող արցախահայերը մազապուրծ են եղել ցեղասպանությունից, էթնիկ զտումից։
«Ալիևյան բռնապետական ռեժիմը ցանկանում էր սպանել հայերին, ծերերին, միայն նրա համար, որ հայ էին ու ապրում էին իրենց հազարամյա հայրենիքում։ Այս մարտահրավերները հաղթահարելու համար մեզ ևս անհրաժեշտ է այդ հաղթանակը մեր մեջ տանել։
Այսօր էլ Հայաստանում իշխանությունը զավթածների կողմից փորձ է արվում մոռացության մատնել մեր հաղթանակները։ Փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ հայ ժողովուրդը որևէ կապ չունի այն արժանապատիվ հաղթանակների հետ, որոնք եղել են 30, 80 տարի առաջ»,- ընդգծեց Աննա Մկրտչյանը։
Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ և Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով, ՀՀԿ Գործադիր մարմնի որոշմամբ, ՀՀԿ քաղաքական, քարոզչական և հոգևոր մշակութային հանձնաժողովների միացյալ ջանքերով Երևանում անցկացվում է կլոր-սեղան համաժողով՝ նվիրված հայ ժողովրդի ավանդին՝ Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում