
Թրամփը հնարավոր է համարում չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի նվազեցումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Չինաստանի հետ առևտրային համաձայնագրի կնքումը և երկրի նկատմամբ մաքսատուրքերի նվազեցումը։ Այս մասին երեկ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է նա՝ նշելով, որ Վաշինգտոնը և Պեկինն անընդհատ շփման մեջ են։ Տեսանյութը տարածել է ABC News-ը։
Թրամփը, սակայն, հրաժարվել է ասել՝ արդյոք ինքը և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը անձամբ զրուցել են թե ոչ։
«Ես վստահ եմ, որ մենք գործարք կունենանք Չինաստանի հետ», – ասել է Թրամփը։
Նա նաև նշել է, որ Չինական արտադրանքի համար սահմանված 145%-ի չափով ամերիկյան մաքսատուրքերը կարող են իջեցվել: Ըստ Թրամփի՝ եթե մաքսատուրքերը շատ բարձրանան, մարդիկ չեն գնի ապրանքները։
«Հնարավոր է՝ ես չցանկանամ դրանք բարձրացնել…. Հնարավոր է՝ ես ցանկանամ իջեցնել դրանք, որպեսզի մարդիկ գնեն. որոշակի պահի մարդիկ չեն գնի», – ասել է ԱՄՆ ղեկավարը:
«Կարծում եմ՝ մենք գործարք կկնքենք Չինաստանի հետ։ Մենք գործարքներ կկնքենք բոլորի հետ», – ասել է Թրամփը՝ նշելով, որ շտապելու կարիք չկա։
Մաքսատուրքերի շուրջ համաձայնության ժամկետների մասին խոսելիս Թրամփը նշել է, որ դա կարող է տեղի ունենալ առաջիկա երեք կամ չորս շաբաթվա ընթացքում։
Թրամփն ասել է, որ ամերիկյան շուկան նման է «մեծ, գեղեցիկ հանրախանութի, և յուրաքանչուրը ցանկանում մի կտոր պոկել»: