
«Դու և քո ընկերներն ինձ հետ հանդիպել եք, օգնել ենք ձեզ ՀԿ գրանցել, տրանսպորտ ենք տրամադրել, էս ակցիայի իմաստը ո՞րն է». Շահրամանյանը՝ Օսիպյանին
ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող արցախցիների հետ զրույցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ասաց, որ ակցիայի կազմակերպիչները բազմիցս հնարավորություններ են ունեցել իր հետ հանդիպելու, տասնյակ անգամ նրանց հետ հանդիպել է՝ ներկայացուցչությունում, դրանից դուրս և մանրամասն ներկայացրել է իրավիճակը։
«Իրենք ներկայացրել են, այսպես կոչված, թալանի վերադարձի հետ կապված խնդիրները։ Եթե ձեր ակցիան, իրոք, իրականում նպատակ ունի վերադարձնելու այդ թալանը, ես ողջունում եմ ակցիայի բոլոր մասնակիցներին։ Ես ուրախ եմ նման նախաձեռնությանը, կողմ եմ, որ այդ թալանը վերադարձվի ու վերադարձվի մեր ժողովրդին։ Այդ նպատակով դեռ 2023 թվականի նոյեմբերի 8-ին իմ կողմից համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազ տիկին Վարդապետյանին։ Դրա հիման վրա հարուցվել է համապատասխան քրեական գործ Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեում։ Այդ շրջանակներում ես հրավիրվել եմ, որպես վկա՝ հարցաքննության։ Առգրավվել են ներդրումային հիմնադրամի էլեկտրոնային կրիչները, իրենք տեղյակ են, թե ինչ է կատարվել Արցախի ներդրումային հիմնադրամում, մինչև 1000 դրամի դեպքում էլ»,- հայտարարեց Սամվել Շահրամանյանը։
Ըստ նրա, այդ քրեական գործերի շրջանակներում հարցաքննվել են նաև պետական պաշտոնյաներ։
Սամվել Շահրամայանը հայտարարեց, որ լավ տեղյակ է բողոքի ակցիայի մասնակիցների ներկայացրած պահանջից։
«Ինչ վերաբերում է պահանջին, որ ես միանամ ակցիային, ապա դրա անհրաժեշտությունը չկա։ Սա քաղաքացիական ակցիա է, և ես միայն ողջունում եմ, եթե ձեր կողմից հանրային ճնշում լինի իրավապահ համակարգի նկատմամբ՝ այս հարցին իրավական լուծում տալու համար։ Որքանով հասկանում եմ, ձեր մոտ չկա տրամադրություն՝ այդ հարցերը լուծել փողոցային հաշվեհարդարի տեսքով»,- նշեց Սամվել Շահրամանյանը։
Նա խոսքն ուղղելով ակցիայի կազմակերպիչներից մեկին՝ ասաց, որ այդ անձը հնարավորություն է ունեցել ընկերների հետ միասին հանդիպելու իրեն։
«Ձեր կողմից եղել է առաջարկ հիմնելու կազմակերպություն և լիազորել եք ինձ այդ հարցերով զբաղվելու համար։ Այդ համաձայնությունը տվել ենք, օգնել ենք հ/կ գրանցելու համար ՀՀ-ում։ Ասել եք՝ տրանսպորտային միջոցի խնդիր կա, տրամադրել ենք, որ դուք այդ հարցերով զբաղվեք, այդ լիազորագրի հետևից որևէ մեկը չի եկել, և այսօր կազմակերպել ակցիան ու ասել, թե մեր կողմից որևէ աշխատանք չի արվել՝ արդար չէ»,- ընդգծեց Սամվել Շահրամանյանը։
Հիշեցնենք, որ արցախցիներն ակցիա են անում Արցախի ներկայացուցչության առջև՝ պահանջելով, որպեսզի Սամվել Շահրամանյանը քաղաքացիներին վերադարձնի ներդրումային հիմնադրամի, այսպես կոչված՝ թալանված գումարները։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում