Հիմա դրա անունը ի՞նչ կդնեն՝ Հայկուշիկ, Վարդուշիկ, կամ՝ Ադրբեջանի չվերահսկվող գնացք, իրականում դա միջանցքն է. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, «Ժողովրդավարություն և անվտանգություն» հ/կ նախագահ Նաիրա Զոհրաբյանը 168am-ի հետ զրույցում անդրադառնալով օրերս Թուրքիայում տեղի ունեցած դիվանագիտական ֆորումին, այնտեղ Հայաստանի հասցեին հնչած հայտարարություններին՝ արձանագրեց, որ Անթալիայում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության հերթական նվաստացումը։

Այս համատեքստում նա խիստ քննադատեց հայկական կողմի հայտարարությունները, իսկ որոշ հարցերի դեպքում՝ անհասկանալի լռությունը։

«Եթե փորձենք վերծանել այդ քննարկման ժամանակ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որով նա նշում էր, թե Ադրբեջանից Հայաստանով անցնող բեռները, ապրանքները չեն կանգնեցվելու, չեն ստուգվելու, դա նշանակում է մեկ բան՝ սա Ադրբեջանի ուզած միջանցքն է, որի հանդեպ ՀՀ-ն չի ունենա սուվերեն որևէ իրավունք։ Հիմա դրա անունն ի՞նչ կդնեն՝ կդնեն Հայկուշիկ, Վարդուշիկ, կամ՝ Ադրբեջանի չվերահսկվող գնացք, իրականում դա Մեղրու միջանցքն է, որի հանդեպ ՀՀ-ն չի ունենալու իրավազորություն։

Սա հերթական հանցագործությունն էր, որ տեղի ունեցավ Անթալիայում,- մանրամասնեց Նաիրա Զոհրաբյանը և հավելեց,- Դրանից բացի՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի խաղաղասիրական բոլոր բանտիկների՝ «Անադոլու» թուրքական  գործակալությանը տված հարցազրույցում ադրբեջանցի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հստակ հայտարարեց՝ հնարավոր չէ, չի՛ ստորագրվելու խաղաղության որևէ պայմանագիր, մինչև Հայաստանը չփոխի Սահմանադրությունը։ Դրանից առաջ էլ Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն էր  ժամանակ դրել ՀՀ-ի վրա՝ ասելով, որ Սահմանադրությունը փոխելու մասին մտածելու համար շատ քիչ ժամանակ է մնացել»։

Կարդացեք նաև

ԱԺ նախկին պատգամավորը Հայաստանին նվաստացնելու մեկ այլ օրինակ համարեց Միլլի մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլիի՝ փախստական ադրբեջանցիների մասին կեղծ ու ծիծաղելի հայտարարությունը՝ նկատելով, որ այն, փաստացի, անարձագանք մնաց հայկական պատվիրակության կողմից։

«Ազիզ Ալեքբերլին ներկա բոլոր դիվանագետներին կոչ արեց դատապարտել Հայաստանից փախստական դարձած «արևմտյան ադրբեջանցիների» հանդեպ անարդարությունը, ու այս ֆոնին անհասկանալի էր Արարատ Միրզոյանի լռությունը, երբ ընդամենը 2 տարի առաջ 150.000 արցախցի Նիկոլ Փաշինյանի պրահյան 1 հայտարարության հետևանքով դարձավ գաղթական ու ֆիզիկապես չցեղասպանվելու համար լքեց իր հայրենիքը։ Այդ ֆորումի ժամանակ գոնե ի պատասխան այդ ցնդաբանությունների՝ նա դրանց աչքը չմտցրեց 150.000 արցախցիների հարցը և գոնե հղում չարեց 2023 թվականի ապրիլի 17-ին Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որով կոչ է արվում Ադրբեջանին՝ անվտանգ պայմաններ ապահովել արցախցիների վերադարձի համար։

Պիտի արձանագրենք, որ հերթական անգամ Հայաստանին տարան Թուրքիայի հողի վրա նվաստացնելու»,- ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս